ՀՅԴ-ն մերժվե՞լ է 

ՀՅԴ-ն մերժվե՞լ է 

Դաշնակցության Արցախի կազմակերպության շրջանային ժողովից հետո մամուլում տեղեկություն հայտնվեց, որ ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը Ստեփանակերտում բանակցություններ է նախաձեռնել Ազատ հայրենիք կուսակցության հետ՝ նախագահական ընտրություններում համաձայնեցված թեկնածուի հարցով:

Հետեւեց շրջանային ժողովի որոշումը, որի կետերից մեկով նորընտիր Կենտրոնական կոմիտեին հանձնարարվում էր խորհրդատվություններ սկսել քաղաքական ուժերի հետ՝ նպատակ ունենալով ձեւավորել միասնական օրակարգ եւ համաձայնության գալ նախագահի միասնական թեկնածուի հարցում: Դաշնակցության տեղական պատասխանատուները հանդես եկան հարցազրույցներով եւ մեկնաբանեցին, որ եթե միասնական թեկնածուի հարցում համաձայնություն չկայանա, ապա աշնանը կգումարվի արտակարգ շրջանային ժողով, եւ կառաջադրվի նախագահի ՀՅԴ թեկնածու:

Տպավորություն էր, որ Դաշնակցությունը քաղաքական լուրջ գործընթաց է նախաձեռնում: Ըստ երեւույթին, ամեն ինչ ավարտվել է շատ ավելի վաղ, քան կարելի էր նույնիսկ ենթադրել: ՀՅԴ Արցախի կազմակերպության «Ապառաժ» պաշտոնաթերթը խմբագրական է հրապարակել, որտեղ աննախադեպ կոշտ քննադատության է ենթարկված Ազատ հայրենիք կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Խմբագրականի գնահատմամբ՝ անհասկանալի է, որ «տարիներ շարունակ կառավարության ղեկը ստանձնած եւ Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող կուսակցության ղեկավարը բարեփոխումների իրականացման շեմին հրաժարական է տալիս եւ ուղղակի կամ անուղղակի կերպով սկսում քննադատել իշխանությանը»: Ավելին, Դաշնակցության հայացքով՝ «այդ երեւույթը ստեղծել է իշխանության տրոհման երեւույթ, որից հնարավորություն ունի օգտվել յուրաքանչյուրը»: Խմբագրականը, թեեւ ոչ ուղղակի, բայց հենց դրանով է բացատրում ՊԲ նախկին հրամանատարի կողմից իրականացված ստորագրահավաքի հաջողությունը: Այս գնահատականներին հակադարձել է Ազատ հայրենիք կուսակցության «Ակունք» պաշտոնաթերթը՝ իր հերթին Դաշնակցությանը վերագրելով վճռական պահին իշխանության նավը լքելու կեցվածք: Նույն տեղում Ազատ հայրենիքը հավաստացրել է, որ իբրեւ առաջատար ուժ «շարունակում է պատասխանատվություն կրել երկրի ներքին կայունության համար եւ հանձնառու է ապահովել ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ»: Ակնհայտ է, որ Դաշնակցության եւ Ազատ հայրենիքի տեսակետները չեն համընկնում: Ըստ երեւույթին, նախագահի միասնական թեկնածուի հարցում ՀՅԴ-ն Ազատ հայրենիքից մերժում է ստացել: Հակառակ դեպքում «Ապառաժի» խմբագրականը չէր հեղինակվի: Նշանակու՞մ է դա, արդյոք, որ միասնական թեկնածուի՝ Դաշնակցության կողմից օրակարգ բերված թեման կարելի է փակված համարել:

Թե ՀՅԴ-ն կշարունակի այլ ուժերի հետ խորհրդատվությունները: Առայժմ դժվար է միանշանակ տեսակետ արտահայտել, բայց մեծ է հավանականությունը, որ նախագահի միասնական թեկնածուի շուրջ լայն համաձայնություն չի կայանա, եթե դրան չի միանում Ազատ հայրենիքը: