Նոր իշխանություններն էլ ունեն ֆավորիտներ

Նոր իշխանություններն էլ ունեն ֆավորիտներ

Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, հավանաբար անդրադառնալով մեր հրապարակումներին, որտեղ գրել էինք, որ նոր իշխանությունները միջոցառումներ կազմակերպելու հարցում նոր «ֆավորիտ» ունեն՝ «Շարմի» փոխարեն հիմա էլ մրցույթները «շահում է» «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը, ֆեյսբուքյան էջում գրել է, որ իր պաշտոնավարման 6 ամիսների ընթացքում քաղաքապետարանը կազմակերպել է 5 մեծ միջոցառում. Ամանորի տոնական միջոցառումը, Թատրոնի միջազգային օրը, Մայրության եւ գեղեցկության օրվան նվիրված միջոցառումը, Ապրիլի 24-ի հիշատակի օրվա միջոցառումը եւ ապրիլի 30-ին կայանալիք «Ջազի միջազգային օր» միջոցառումը։

Սրանցից միայն մեկն է իրականացրել «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը: Մնացած 4 միջոցառումներն իրականացրել են 4 տարբեր ընկերություններ: 

Սակայն փոխքաղաքապետի մատնանշած 5 «մեծ» միջոցառումներից միայն մեկը՝ Ամանորի տոներին նվիրված միջոցառումը, իրականացվել է մեկ անձից գնում կատարելու եղանակով, առանց բաց եւ հրապարակային մրցույթ հայտարարելու, եւ այն իրականացրել է «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը. միջոցառման բյուջեն կազմել է ավելի քան 50 մլն ՀՀ դրամ։ Իսկ մյուս 4, այսպես կոչված՝ մեծ միջոցառումներից երեքի բյուջեն տատանվում է 2-10 մլն-ի շրջանակում (օրինակ, Թատրոնի միջազգային օր՝ 2 մլն (hամերգային ծրագիր) եւ 5 մլն (ընդունելություն) ՀՀ դրամ, Մայրության եւ գեղեցկության օր՝ 10 մլն ՀՀ դրամ, որը 7 մլն ՀՀ դրամով շահել է «Տեխնո սիթի» ՍՊԸ-ն), եւ միայն այս փոքր բյուջե ունեցող միջոցառումներն են իրականացվել բաց եւ հրապարակային մրցույթներով՝ օրենքի տառին համապատասխան: 

Ինչ վերաբերում է «Ջազի միջազգային օր» միջոցառմանը, ապա այս միջոցառման նախահաշվային գինը 15 մլն ՀՀ դրամ է, սակայն բոլոր ընկերությունները գիտեն, որ միջոցառումը տարիներ շարունակ իրականացնում է «Armenian jazz association» ընկերությունը, եւ նույնիսկ հայտեր չեն ներկայացնում մրցույթին մասնակցելու համար, քանի որ մրցույթի տեխնիկական բնութագիրը կազմված է այնպես, որ որեւէ այլ ընկերություն չի կարող իրականացնել այն՝ նշված է, որ համերգին պետք է մասնակցի Գրեմիի մրցանակակիր արտիստ։ Միայն «Armenian jazz association» ընկերությունը, որն այդ օրերին մայրաքաղաքում իրականացնում է Ջազի միջազգային օրվան նվիրված կոմերցիոն այլ միջոցառումներ, կարող է գրեմմիակիր արտիստ հրավիրել սեփական միջոցներով, ինչը շատ թանկ հաճույք է: 

Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներն իրականացրել են 10 տարբեր ընկերություններ, ապա պետք է նշել, որ առյուծի բաժինը կրկին հասել է «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությանը, փոխքաղաքապետի համառ լոբբինգի արդյունքում մոտ 25 մլն հենց մայրաքաղաքում միջոցառումներ իրականացնելու պայմանագիրը կնքվել է վերջինիս հետ, մինչդեռ մյուս ընկերություններին բաժին է հասել ընդամենը 7-9 մլն դրամ՝ առանձին մարզերում միջոցառումներ իրականացնելու համար: 

Արդար լինելու համար նշենք, որ ընկերությունը կապում են Ռուբեն Ջաղինյանի անվան հետ (հիմնադիրները ժամանակին աշխատել են «Շարմ»-ում, ապա առանձնացել են եւ իրենց ընկերությունը ստեղծել), բայց այն ավելի շատ եւ ոչ միայն փոխքաղաքապետի ֆավորիտն է, այլեւ Հանրային հեռուստաընկերության, որտեղ գրեթե բոլոր միջոցառումները վստահվում են հենց այս ընկերությանը (օրինակ՝ եվրատեսիլյան միջոցառումների կազմակերպումը)։ Բացի այդ, նշված ընկերությանն են վստահվել նաեւ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված Հանրապետության հրապարակի գալա համերգի կազմակերպումը (մոտ 76 մլն ՀՀ դրամ), «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի կազմակերպման հետ կապված ծառայությունները (մոտ 54 միլիոն ՀՀ դրամ), Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված միջոցառումը, Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումների բրենդինգը, մարզերում իրականացվող որոշ միջոցառումներ եւ այլն: 

Ստացվում է, որ ընդամենը մի քանի ամսվա ընթացքում նշված ընկերությունը շուրջ կես միլիոն դոլարի պատվեր է ստացել պետական տարբեր մարմիններից։ Այսինքն՝ այս իշխանությունները եւս, նախորդ իշխանությունների նման, ունեն ֆավորիտ ընկերություններ (ինչպես, օրինակ, նախկին փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի ֆավորիտ ընկերություններն էին Նարեկ Չախոյանի անվան հետ կապվող ընկերությունները, եւ տարիներ շարունակ քաղաքապետարանի բոլոր միջոցառումներն իրականացնում էին հենց այդ ընկերությունները), սակայն, ի տարբերություն նախորդների, ներկա իշխանություններն առանց կաշկանդվելու՝ օրենքի տառը շրջանցելով, իրենց ֆավորիտ ընկերությունների հետ պայմանագրերը կնքում են մեկ անձից գնում կատարելու եղանակով, առանց բաց եւ հրապարակային մրցույթ հայտարարելու, ինչը, օրինակ, նախկին քաղաքապետը խստիվ արգելել էր…

Փոխքաղաքապետի պնդմամբ՝ ընդամենը 2017 թվականին ստեղծված եւ 2 տարվա պատմություն ունեցող «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը ոլորտի լավագույնն է համարվում։ Հարց է առաջանում է՝ ո՞վ է այդպես որոշել, ի՞նչ չափանիշներով է դա որոշվում, եւ արդյոք փոխքաղաքապետն իրավունք ունի՞ նման հայտարարությամբ հանդես գալ մասնավոր ընկերությունների մրցակցային դաշտում եւ, լինելով պետական պաշտոնյա, ակնհայտորեն հրապարակային ձեւով նախապատվություն տալ մեկ ընկերության։ Եվ սա չի՞ կարող դիտվել որպես ակնհայտ լոբբինգ կամ կոռուպցիա, որը մերժվել է Նոր Հայաստանում, եւ որն անհավասար պայմաններ է ստեղծում երկար տարիների պատմություն եւ փորձառություն ունեցող ընկերությունների համար: