Ի տարբերություն Հայաստանի՝ այստեղ ցուցարարները ինքնակազմակերպվում են. ֆրանսիաբնակ մեր հայրենակից

Ի տարբերություն Հայաստանի՝ այստեղ ցուցարարները ինքնակազմակերպվում են. ֆրանսիաբնակ մեր հայրենակից

 Ֆրանսիայում նոյեմբերի 17-ից սկիզբ առած «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաները, որոնք պայքարում են ավտոմոբիլային վառելիքի գնաճի, հարկերի բարձրացման եւ կենսապահովման թանկացման դեմ, գնալով նոր թափ են առնում: 

Բողոքի ակցիաներն սկզբում մայրաքաղաք Փարիզում էին ընթանում, իսկ այսօր արդեն երկրի խոշոր քաղաքներում են անցկացվում: 

Hraparak.am-ի զրուցակիցը Ֆրանսիայի Նիս քաղաքում բնակվող մեր հայրենակիցն է: Տիկին Անահիտից հետաքրքրվեցինք այնտեղ գտնվող մեր հայրենակիցներից, եւ տեղի ունեցող իրադարձություններից:

«Այստեղ շաբաթը մեկ օր համատարած գործադուլ է հայտարարվում: Այդ օրը ոչ մի փոխադրամիջոց չի աշխատում: Փակ են սպասարկման օբյեկտներն ու խանութները, քաղաքացիների համար կյանքը դժվարացել է: Ցուցարարները  միգրանտների դեմ որևէ բան չունեն, նրանց դժգոհությունը սոցիալ-տնտեսական է, կառավարության գործունեության դեմ ուղղված:Այդ առումով մենք բոլորի նման նույն կարգավիճակում ենք: «Դեղին բաճկոնավորների» թիվն օր օրի ավելանում է, իսկ ամենավատն այն է, որ իշխանությունը որևէ կերպ զիջումների չի գնում: Ավելին՝ բոլորին զայրացրել է այն, որ վերջին օրերին բողոքի ակցիաների հետևանքով ավերված փողոցների  ու շինությունների վերականգնման ծախսերը դրվել են բնակիչների վրա: Ավտոմեքենա ունենալն այլևս շքեղություն է, դիզվառելիքն այնքան թանկ է, որ շատերն են արդեն հրաժարվել սեփական մեքենաներով աշխատանքի գնալ, այստեղ հարկային բեռն այնքան շատ է, որ այլևս անհնար է դիմանալ:Ընտրվելիս  Մակրոնը խոստացավ դրանք թեթևացնել, բայց արեց ճիշտ հակառակը  »,-պատմեց մեր զրուցակիցը:Նրա խոսքերով, տաս տարուց ավելի է՝ Ֆրանսիայում է, հաշմանդամության թոշակ էր ստանում, սակայն կառավարության որոշումով վերջերս թոշակն էլ են կտրել:

«Ինձ թոշակավորել էին անժամկետ, բայց շատերի նման դրանից էլ զրկվեցի»,-ասաց նա՝ նշելով. «2016թ-ի Նիսի ահաբեկչությունից հետո աչքներս վախեցած է: Հիմա անգամ այս բողոքի ակցիաներն են վտանգավոր դարձել, ճիշտ է ոստիկանությունը աշխատում է շատ չմիջամտել, քանի դեռ ցույցերը խաղաղ են, այնուամենայնիվ բախումներ, ավերածություններ լինում են »: Կա՞ Ֆրանսիայում հեղափոխության վտանգ, զգացվո՞ւմ է այդ շունչը, ֆրանսիաբնակ մեր հայրենակիցը պատասխանեց. «Այստեղ ցուցարարները ինքնակազմակերպվում են, ամեն ինչ ինքնաբուխ է, չկա այն լիդերը, ով կառաջնորդի կամ պայքարը կուղղորդի՝ ի տարբերություն Հայաստանի, որտեղ Նիկոլ Փաշինյանն էր ժողովրդին առաջնորդում: Հենց դա է երևի  պատճառը, որ արդեն ամիսներ է պայքարը չի դադարում, բայց նաև անարդյունք է»:  Ու չնայած նման իրավիճակին, մեր զրուցակցի խոսքերից հասկանալի էր, որ մեր հայրենակիցները Հայաստան վերադառնալու փորձեր դեռևս չեն անում: