Դրա՛նց մի հատ նայեք՝ դրանց հագնվածին, մեքենաներին․․․ մի հատ էլ՝ անհասանելի են

Դրա՛նց մի հատ նայեք՝ դրանց հագնվածին, մեքենաներին․․․ մի հատ էլ՝ անհասանելի են

Եվրոպայի կրկնակի չեմպիոն եւ աշխարհի գավաթակիր Սամսոն Խաչատրյանը Վանաձորից է։ Նա 1988 թվականին, ղարաբաղյան շարժումը սկսվելուց հետո, ավարտել է մարզական կարիերան եւ ստեղծել կամավորական ջոկատ, որը մասնակցել է սահմանների պաշտպանությանը: 1990-ականների վերջին աշխատել է Լոռու մարզի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում։

2007-ից հարել է Հայ ազգային կոնգրեսին եւ ակտիվորեն մասնակցել բողոքի ակցիաներին։ Այդ պատճառով էլ հետապնդումների է ենթարկվել։ 2011 թվականի մարտին ձերբակալվել է ՀԱԿ հանրահավաքներից մեկի ժամանակ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ ուժ կիրառելու մեղադրանքով։ Ապա դատարանը նրան մեղավոր է ճանաչել եւ դատապարտել մեկ տարվա պայմանական ազատազրկման։ 

- Պարոն Խաչատրյան, ՍԴ նորընտիր դատավորների հետ կապված՝ ՀԱԿ համակիրների, քաղաքացիական հասարակության շրջանում խորը հիասթափություն է։ Հետեւո՞ւմ եք այդ իրադարձություններին, ի՞նչ կարծիքի եք։

- Շատ ճիշտ է, որ խորը հիասթափության մեջ են։ Ես էլ եմ դեմ, որ դրանք ընտրվեցին։ Էս մեր երկրի էս լավ պահի համար ես էդքան ֆինանսական եւ այլ դժվարություններ եմ տարել, իմ արժանապատվությունը մինչեւ հիմա ոտնահարված է դրանց նմանների պատճառով․․․ միայն էն, որ էդ մարդիկ են նշանակվել, արդեն ամեն ինչ ասում է։ Էլ չմանրանամ, մասնագետները լավ գիտեն։

- Հեղափոխությունը ողջունած որոշ շրջանակներ այսօր հայտարարում են, որ սրա պատճառն այն է, որ ոչ մի հեղափոխություն էլ չի եղել։

- Հա, տենց էլ կա, եթե մեր երկրում էսքան բան է կատարվում, ոչ մի հեղափոխություն էլ չի եղել։ Նախկիններն են էլի նստած աշխատում։ Ես, օրինակ, գեղեցիկ չէ ասելը, բայց ես, իմ նման տասնյակ հազարավոր մարդիկ կան, որ գործազուրկ են, էլի նախկիններն են աշխատում։ Նախկիններն են կրկին ղեկավարում, երկրում էսօր հույան-բույան անում, Փաշինյանն էլ որ խոսում է, ոնց որ էլի ընդդիմությունը խոսա։ Ումի՞ց ես բողոքում, օրենքը քո ձեռն ա, սաղ քո ձեռն ա։ Մենք սպասում ենք, որ քայլեր պիտի անի, չի անում։

- Հիշում եք՝ ՀԱԿ-ը 2018-ին չառաջադրվեց՝ պատճառաբանությամբ, որ հեղափոխական ուժերին, «Իմ քայլին» չխանգարեն։ Չե՞ք ափսոսում։

- Ես երբեք ՀԱԿ չեմ եղել, իմ տղան է եղել ՀԱԿ, էսօր էլ տղաներս չեն թողնում, որ քաղաքականությունով զբաղվեմ։ Էդքան բան։  

- Ինչո՞ւ։

- Որովհետեւ ես ամբողջ կյանքում պայքարել եմ էսօրվա համար, եկել են, նստել ու մոռացել։ Ես, օրինակ, վաստակավոր մարզիկ եմ, էդ հանենք, առաջին օրվանից պայքարած․․․ ես 20 տարի ա՝ գործազուրկ եմ, ես վարձով եմ ապրում։ Էս երկու օրը տեղափոխվեցի։ Երեւանում էլ թաղ չմնաց, սաղ թաղերով վարձով ապրելով շրջում եմ։ Ես ապրում եմ մեր ժողովրդի 80 տոկոսի պես։

- Հնարավո՞ր է, որ Նիկոլ Փաշինյանը Ձեր մասին մոռացած լինի, դիմե՞լ եք։

- Ինձ նախկին իշխանություններն առաջարկել են, ես չեմ դավաճանել ժողովրդին։

- Նախկինները Ձեզ  պաշտոն են առաջարկել, հրաժարվե՞լ եք։

- Գործ են առաջարկել, ես դեմ եմ եղել, որովհետեւ ես միշտ իմ ժողովրդի հետ եմ եղել, որը 20 տարի է՝ կեղեքվում է, ցավդ տանեմ։ Իսկ էսօր էլ եկել են, սպասում ենք՝ հեսա լավ կլինի, լավ կլինի․․․ մի հատ գործ էլ որ կա, էն էլ հանրապետականներին տվին։ Ստեղ ի՞նչ հեղափոխության մասին է խոսքը։

- Իսկ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այդպես անում։

- Որովհետեւ իր կադրերը շատ վատն են։ Հետո՞ ինչ՝ ջահել տղերք են, մի հատ գնացել են, սովորել, բայց մարդիկ կյանքի փորձ էլ պետք է ունենան։ Լավ, ես սպորտսմեն եմ, սա հանենք, 70-ից ավելի երկրում եմ եղել, լավ, գոնե մի տեղ հնարավոր չէ՞ր, օրինակ, խորհրդական։ Գոնե աշխատավարձ ստանայի, տան վարձ տայի։ Անհարմար չի՞։

- Չե՞ք կարծում, որ Փաշինյանին աջակցող ուժերի, նույն՝ ՀԱԿ-ի, Տեր-Պետրոսյանի․․․

- Լրիվին մոռացել ա, գիտի, որ իր դեմ ոչ մեկը չի խոսալու, իրենց էսպես թե էնպես չեն կպնի, որովհետեւ՝ հեղափոխությո՜ւն, է՜ս, է՜ս, մեր բոլորի երազա՜նքն ա կատարվել, իսկ հիմա նախկինների հետ տալիս-առնում են․․․

- Դե, Դուք էլ դարձեք ընդդիմություն։

- Ես էս պահին էդ ամեն ինչից հեռու եմ, ես մենակ լայք տալ գիտեմ․․․ ուզում է՝ դաշնակ լինի, ՀՀՇ, ով ուզում է լինի, եթե լավ բան ասում է՝ ի շահ ժողովրդի, պետության, լայք եմ տալիս։ Իսկ Նիկոլի կողքով սկի չեմ էլ անցնում։ Իրենք են տեսնում, ճամփեն փոխում։

- Նախարարների, պատգամավորների պարգեւավճարները շատ քննադատվեցին...

- Դա ահավոր է։ Եթե գրելու ես, գրի, որ ես տասնյակ երկրներում հեղափոխությանն եմ ականատես եղել, տասնյակ երկրներում ման եկած տղա եմ, բալիկ ջան, ես տասնյակ երկրներում մրցումներ եմ անցել, բայց էսօր էդ լածիրակ լակոտները երեկ՝ մեկ, էսօր՝ երկուս, մի հատ Եվրոպա են գնացել, սաղ իրենց «պրաֆեսորի», ակադեմիկի տեղ են դրել, մթամ իրանք գիտակ են։ Էդ որ մենք առաջին օրվանից փողոցում պայքարել ենք․․․ իհարկե, իրենցից ոչ բոլորի մասին է խոսքը, բայց մեջը մարդիկ կան, որ անշնորհք կերպարներ են։ Սպորտում էլ չկայացած մարզիկներն են։ 

- Ջուլֆալակյանի հետ կապված ի՞նչ կասեք։

- Կներես, էդ պահերից մի քիչ տեղյակ չեմ, չեմ էլ ուզում ո՛չ Ջուլֆալակյանի մասին խոսալ, ո՛չ Արայիկ Հարությունյանի, դա պետք է խորն իմանալ, որովհետեւ էդ «կամպյուտերներում», յութուբներում խուժան-մուժան բաներ են գրում։

- Ձեր կարծիքով՝ ժողովրդի հիասթափությունը մե՞ծ է, որովհետեւ ամեն ինչի հետ կապված ասում են՝ մեզ 70 տոկոսից ավելի ձայն են տվել՝ լավ ենք անում, լեգիտիմ ենք։

- Էսօր դժվար չէ հրապարակը լցնելը, հեչ, ժողովուրդը կլցվի փողոց։ Ես լավ ծանոթ եմ հեղափոխական բաներին, ես լիքը հեղափոխություններ եմ տեսել, ե՛ւ Թաիլանդի․․․ 

- Թունիսի, ասում էիք՝ թունիսիլ տենք։

- Հա, բա թունիսիլ տենք․․․ դրանց մի հատ նայեք, հլա դրանց հագնվածին, դրանց մեքենաներին․․․ մի հատ էլ՝ անհասանելի են, մի հատ էլ՝ ճանապարհն են շեղում, որ իրա դեմ դուրս չգանք։ Ամոթ էլ ա։ Ես ամաչում եմ իրանց տեղը։

- Դե, ուրեմն, նորից մտեք քաղաքականություն։

- Քաղաքական գործիչ չեմ եղել, միշտ էլ ասել եմ՝ ես քաղաքական գործիչներին խորհուրդ տվող եմ, ջանիկս։ Ես հեղափոխության համար քիչ բան չեմ արել։ Ոչ թե պարծենում եմ, չէ, ում՝ Ամերիկայում, ում՝ եվրոպաներում, Կամչատկայից սկսած, Մուրմանսկով ու կավկազներով-բաներով, Մոսկվա, «պադմասկովյա» միտինգներ եմ արել։ Սուտկեքով տարբեր տեղեր զանգել եմ՝ viber-ներով, ընկերներիս, որ ստեղի բարեկամներին ասեն՝ փողոց դուրս գան։ Էն, որ եկավ հրապարակ մտավ․․․ ես եմ, մենակ՝ ես, չէ, էլի։

- Ի վերջո,  նախկին ընդդիմադիրներն ասել են, որ հեղափոխությունը նաեւ իրենց, իրենց նախկին պայքարի գնով է եղել։

- Էսօր էլ դժվար չի․․․ էսօր մի տասը տեղ կարամ զանգեմ ընկերներիս՝ բարեկամները գան։ Իմ չափով, ես չեմ ասում՝ ես էս եմ։ Իսկ էդ լածիրակները մթամ էս երկիրը շատ են սիրում… ոնց էլ գետինը չեն մտնում, արա, մի հատ գործ չկա՞ր համապատասխան։ Վարձով ապրող մարդ եմ։

- Նախկին քաղբանտարկյալներից շատերը դիմել են դատարան՝ նախկին դատավճիռներով կայացված գործերով արդարացումների համար, Դուք չե՞ք դիմել։

- Մենք պետք է ինքներս մեր երկրում ոտքի ելնենք, մեր իշխանություններին՝ էսօրվա, ասենք, որ էս հարցերը լուծե՞ք։ Մեզ պետք չի էլ դրսի օգնություն-բան, որովհետեւ Երեւանի կենտրոնում մեր բոլորի վրա են հարձակվել։

- ՀԱԿ վարչության անդամ Հակոբ Հակոբյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ սպասում էին, որ պետական մակարդակով կլուծվի այդ հարցը, բայց տեսան, որ ոչ մի շարժ չկա, ստիպված մարդիկ իրենք են անհատական դիմում, վերականգնվում։

- Ինքը լավ բան է ասել, քանի որ մեջն է եղել, դեպուտատ, թողել, եկել, ժողովրդին է միացել։ Իհարկե, արժանապատիվ մարդ է ինքը։