Ալիևն ու Արայիկ Հարությունյանը վայթե հանդիպեն Աղդամում

Ալիևն ու Արայիկ Հարությունյանը վայթե հանդիպեն Աղդամում

Իլհամ Ալիև, լսո՞ւմ ես, հենց հիմա պետք է գնաս և բանակցություններ սկսես ԼՂ-ի հետ: Նիկոլն է ասել: Իսկ դա նշանակում է, որ հենց հիմա պետք է գնաս ու երկխոսես ԼՂ հայ բնակչության հետ: Չե՞ս ուզում… Նիկոլը քեզ կստիպի, ականջիցդ քաշելով քեզ կնստեցնի Արցախի հետ բանակցությունների սեղանի շուրջ: Հետևիդ որ մի լավ քացի տա, վազելով կգաս…

ՀՀ կառավարության նիստում Փաշինյանի կմկմոցից այն տպավորությունն ստացա, թե բոլոր նախադրյալները կան արցախա-ադրբեջանական բանակցությունների համար, և մնում է, որ Ադրբեջանը գնա ու Արցախի հետ բանակցի, այսպես ասած՝ քաղաքական երկխոսություն սկսի: Փաշինյանը, սակայն, ոչինչ չասաց այն մասին՝ համաձա՞յն է, արդյոք, Արցախն այս իրավիճակում բանակցել Ալիևի հետ և, բացի այդ, ո՞վ պետք է միջնորդ հանդիսանա այդ բանակցություններում… Այսուհանդերձ, ինձ թվում է՝ Նիկոլն այդ մասին էլ է մտածել: Ի՞նչ կա, որ, Ստեփանակերտում մի քանի խելքը գլխին մարդ են ճարում, ուղարկում են Աղդամ, էն կողմից էլ Ալիևն է գալիս ու սկսում են բանակցել: Էլ ինչ միջնորդ, ինչ բան…

Մնում է պարզել, թե ինչի շուրջ պետք է բանակցեն Բաքվի և Ստեփանակերտի իշխանությունները: Բանակցային փաթեթ կա՞, թե՞ Երևանից են հասցնելու: Ասենք՝ Երևանը ձեռքերը լվացել է Ստեփանակերտից, բացի այդ էլ՝ Լաչինի միջանցքը փակ է, որ փաթեթ հասցնեն: Մնում է, որ Ստեփանակերտից և Բաքվից ժամանած պատվիրակությունները սեփական տեսակետներն առաջարկեն՝ որպես բանակցությունների առարկա: Շատ հավանական է, որ բանակցությունների առաջին ռաունդն անպտուղ ավարտվի: Հաստակող արցախցիները պահանջելու են Լաչինի միջանցքը բացել, վերականգնել էլեկտրամատակարարումը, վերադարձնել Շուշին ու Հադրութը և ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը: Ալիևն էլ մատը պիտի տնկի՝ թե է՞լ ինչ կուզեք… Կդառնաք Ադրբեջանի քաղաքացի և կունենաք այն իրավունքները, որ ունեն բոլոր ադրբեջանցիները, վերջ: Ահա, այսպիսի քաղաքական երկխոսություն կամ՝ երկխոսության սկիզբ:

Իր ասուլիսներում և կառավարության նիստերում Փաշինյանն ամեն ինչ անում է, որ արցախցիներն Ալիևի հետ բանակցություններում իջեցնեն նշաձողը: Ահավասիկ, վախեցնում է Արցախի ժողովրդին և իշխանություններին. «Սկսվել են հովհարային անջատումներ, մանկապարտեզները գործում են ոչ լիարժեք, փակվում են աշխատատեղեր՝ էլ ավելի սրելով սոցիալական վիճակը… Ադրբեջանի ու ԼՂ-ի միջև պետք է սկսվի քաղաքական խոսակցություն: Լաչինի միջանցքի փակումը սադրանք է, որի վերջնական նպատակը ռազմական նոր էսկալացիան է ու չպետք է իրականացնել քայլեր, որ ցանկալի են ռազմական էսկալացիայի սցենարը մշակողների համար: Այս սադրանքի ու էսկալացիայի նպատակներից մեկը՝ Բաքվի ու Ստեփանակերտի միջև խոսակցության ակնհայտ անհրաժեշտությունը քողարկելն ու օրակարգից դուրս մղելն է: Չպետք է արվեն գործողություններ, որոնք նպաստում են այս սադրիչ խնդրի լուծմանը»:  Փաշինյանը վախենում է բարձրաձայնել, թե ովքեր են «ռազմական էսկալացիայի սցենարը մշակողները», բայց նրա խոսքից զգացվում է, որ եթե ԼՂ-ն Ադրբեջանի հետ մտնի բանակցությունների մեջ, «ռազմական էսկալացիա մշակողների» պլանները կձախողվեն: Եվ այստեղ արդեն արցախցիները գլուխ չեն հանում Նիկոլից՝ մեկ ասում է՝ Ադրբեջանն է ապօրինի փակել Լաչինի միջանցքը սեփական հայրենիքում ապրելու ԼՂ հայության կամքը կոտրելու նպատակով, մեկ էլ ասում է՝ բանակցեք ռազմական էսկալացիա մշակողների հետ, որպեսզի նրանց ծրագրերը ձախողվեն:

Փաշինյանի պարզունակ մտածողության մասին շատ ենք խոսել, բայց կառավարության այսօրվա նիստում նա պրիմիտիվիզմի իսկական մաստեր-կլաս ցույց տվեց՝ փորձելով էշի տեղ դնել Ալիևին: Տեսեք՝ ինչպես է մտածում Փաշինյանը. «Եթե ինձ հաջողվեց մարսել 44-օրյա պատերազմի հետևանքները, ապա ինչո՞ւ նույնը չի հաջողվելու Ալիևին, որ այդքան տարածքներ հետ ստացավ: Եվ ուրեմն՝ ինչո՞ւ նա չի կարող գնալ ու բանակցել ԼՂ-ի հետ»: Բանն այն է, Նիկոլ, որ Ադրբեջանի ժողովուրդը Ալիևի գլուխը կպոկի, եթե նա այդքան զոհեր ու վիրավորներ տալուց, «իր երկրի տարածքում» օտար պետության զորքեր տեղակայելուց հետո մի բան էլ գնա բանակցությունների Լեռնային Ղարաբաղի հետ:

Եվ վերջում՝ մի խորհուրդ Նիկոլ Փաշինյանին: Հանգիստ նստիր տեղդ և սպասիր դատաստանիդ: Արցախցիները քեզնից մինչև կոկորդներն արդեն կուշտ են և հերթական ճամարտակություններիդ հավեսը չունեն: Իբր էս ի՞նչ ես ասում Արցախի իշխանություններին. «Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իշխանության ու ժողովրդի արձագանքը պետք է լինի ասիմետրիկ»: Յանի՝ ի՞նչ: Իսկ սա՞ ինչ բառակույտ է. «Վերջին տարիների զարգացումների, դրանց խորքային իմաստների ու պատճառների հետ պետք է առերեսվել այն կտրվածքով, որ  իրադրությունների մեր գնահատականները պետք է լինեն փաստահենք։ Այս առումով, առաջին հերթին, պետք է խուսափել իրադրությունն էլ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից, որովհետև վերջնակետին հասնելու հստակ  պատկերացումներով չզուգորդված հայտարարությունները որևէ օգուտ չեն տալիս»: Հանգիստ նստիր տեղդ, Նիկոլ… Արցախի իշխանությունները, կամ այն ինչ մնացել է այդ իշխանություններից, գիտեն, թե ինչ են անում ու ինչպես են անում: Դու այլևս որևէ կապ չունես Արցախի հետ, դու ոչինչ չես որոշում: