Ես կարծում եմ՝ իրականում իրենք ընդդիմադիր չեն․ Դավիթ Հարությունյանը՝ ապագա ընդդիմության մասին

Ես կարծում եմ՝ իրականում իրենք ընդդիմադիր չեն․ Դավիթ Հարությունյանը՝ ապագա ընդդիմության մասին

ՀՀԿ շտաբի պետ Դավիթ Հարությունյանը դեռ փորձում է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել, որ կարողանա գնահատական տալ հավանական խախտումների վերաբերյալ։

-Իսկ բողոքարկելո՞ւ եք արդյունքները։

-Էս պահին որևէ հարցի չեմ կարող պատասխանել, որովհետև դեռևս վերլուծությունս չեմ ավարտել, որ հասկանամ՝ ինչ է տեղի ունեցել։

-Իսկ քաղաքական առումով Ձեր գնահատականն ինչպիսի՞ն է։ Սա այն պատկե՞րն էր, ինչին դուք սպասում էիք։

-Իհարկե, ոչ։ Բայց մենք դրա մասին հիմա հայտարարություն ենք տարածել։ Իմ գնահատականը նույնն է, ինչ այդ հայտարարությունը, քանի որ ես ինքս էլ եմ մասնակցել այդ հայտարարությունը գրելուն, էնպես որ, էդ առումով ավել բան չունեմ ասելու էս փուլում։

-Ասում են՝ այս 4.7 տոկոսն այն իրական պատկերն է, որն ունեցել է ՀՀԿ-ն այս տարիներին, բայց կեղծել է տարբեր մեթոդներով։ Այսինքն՝ ձեր իրական ընտրազանգվածն այսքանն էր՝ 4.7 տոկոս ընդամենը։

-Չեմ կիսում այդ կարծիքը։

-Այդ դեպքում որո՞նք էին պատճառները, որ այսքան քիչ ձայն ստացաք։

-Ես կարծում եմ՝ պատճառները տարբեր են, սկսած՝ այն մթնոլորտից և այն ագրեսիվ քարոզչությունից, որ տարվել է, վերջացրած՝ իշխանության կորստով։

-Ի դեպ, եթե Ընտրական օրենսգիրքը փոխվեր և անցողիկ շեմը 4 տոկոս դառնար, Հանրապետականը փաստացի կանցներ խորհրդարան։ Այս հարցում չե՞ք փոշմանել, որ նաև ձեր մեղքով եղավ, որ չանցաք։ 

-Չէ, ես շարունակում եմ մնալ այն օրենսդրության կողմնակիցը, որը կիրառվել է այս ընտրությունների ժամանակ։

-Այսինքն՝ ռեյտինգայինը պե՞տք է պահպանվեր, անկախ նրանից՝ դուք կանցնեիք, թե ոչ և անկախ նրանից՝ ձեր քաղաքական շահին դա հարմար էր, թե ոչ։

-Ես համարում եմ՝ այո։ Խնդիրը ոչ թե քաղաքական շահի մասին է, այլ, ամեն դեպքում, ես ղեկավարվում եմ ոչ թե զուտ քաղաքական շահով, այլ նաև նրանով, թե ինչն է անհրաժեշտ երկրին։ 

-Դուք այլևս չեք լինի խորհրդարանում և չեք լինի միակ ընդդիմությունը, ինչը խոստանում էիք։ Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ ընդդիմություն կունենաք նոր ԱԺ-ում՝ դատելով նրանից, թե որ ուժերն են անցել խորհրդարան։

-Կյանքը ցույց կտա։

-Այդ մարդիկ և այդ ուժերը նաև ձեր իշխանության օրոք էին ընդդիմություն։ Նրանք ուժեղ կամ լուրջ ընդդիմությո՞ւն էին ձեզ համար։

-Ես կարծում եմ՝ իրականում իրենք ընդդիմադիր չեն, գոնե այն հարցերում, որտեղ մենք մտահոգություններ ենք տեսնում։

-ՀՀԿ-ի օրո՞ք էլ էին նրանք այդքան ընդդիմադիր, թե՞ ձեր ժամանակ ավելի ընդդիմադիր էին, քան հիմա։

-Ես չեմ կարծում, որ իրենք էն ժամանակ ավելի ընդդիմադիր էին, քան՝ հիմա։