Իշխանությունը «հարսանիքի» օրը նշանակում է, հետո նոր՝ գնում «խնամախոսության»

Իշխանությունը «հարսանիքի» օրը նշանակում է, հետո նոր՝ գնում «խնամախոսության»

Եվ այսպես, կարծես ավարտին է մոտենում համայնքների խոշորացման ծրագիրը։ Այն հանձն էր առել դեռեւս Սերժ Սարգսյանի իշխանությունը, որը, սակայն, չկարողացավ ավարտին հասցնել: Ու չնայած Հայաստանի տարբեր մարզերում սրա դեմ բողոքի ակցիաներ են կազմակերպվում, կառավարությունն անսասան է իր որոշման մեջ, ինչպես նախորդ բոլոր կառավարությունները: Մինչ 2018-ի իշխանափոխությունը ՀՀ Սահմանադրության պահանջն էր, որ միավորվելուց առաջ տվյալ համայնքներում անցկացվեն հանրաքվեներ: Սակայն իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած փաշինյանական կառավարությունը որոշեց, որ այդպիսի հանրաքվեներ անցկացնելու կարիք չկա, բավական է միայն «լսել» տվյալ համայնքների կարծիքը. Սահմանադրության համապատասխան գլխի 190 հոդվածում գրվեց. «Ազգային ժողովը համապատասխան օրենք ընդունելիս պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը»։ Բայց քանի որ «հեղափոխությունից» հետո Հայաստանում ամեն ինչ գլխիվայր է շրջվել, այդ հարցում էլ է կատարվում հակառակը. նախ՝ նշանակում են ընտրության օրը, հետո նոր սկսում «լսել» հանրության կարծիքը: 

Օրերս Մասիս քաղաքի երաժշտական դպրոցում հանդիպում եղավ` ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչը հանդիպեց Մասիսի տարածաշրջանի «բնակչության» հետ՝ քննարկելու համայնքների միավորման հարցը. կառավարությունը միավորում է Մասիսի տարածաշրջանի 27 համայնք: Այստեղ խոսքը գնում է մոտ 90 հազար բնակչություն ունեցող տարածաշրջանի մասին: Հանդիպմանը, սակայն, ներկա էր մոտ 50-60 մարդ, որոնք հիմնականում պետական հիմնարկների՝ դպրոցների ու բուժհաստատությունների ներկայացուցիչներ էին, մի քանի համայնքների ղեկավարներ: Հանդիպման կազմակերպիչներն այնպես էին արել, որ շատ «շուխուր» չլինի, եւ հանդիպմանը շատ մարդ չգա, չբողոքի, գործընթացի մասին բացասական կարծիք չհայտնի: Այդ պատճառով էլ հրավիրվել էին բյուջետային հիմնարկների աշխատողներ, ՔՊ-ական ակտիվիստներ: Հանդիպումը խիստ ձեւական բնույթ էր կրում. նախարարության ներկայացուցիչը՝ ՏԻՄ քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ասաց, որ միավորված Մասիս համայնքի ընտրության օրն արդեն նշանակված է՝ դեկտեմբերի 5-ին: Իսկ եթե ընտրության օրն արդեն նշանակված է, էլ ի՞նչ իմաստ ուներ «լսել հանրության կարծիքը»: Հարցին, թե ինչպես է առանց հանրության կարծիքը հաշվի առնելու նշանակվել ընտրության օրը, պաշտոնյան պատասխանեց, թե հենց այդ հանդիպումն էլ հանրային կարծիքի լսում է:

Իսկ դիտարկմանը, թե 90 հազար բնակչից միայն 50-60 մարդ է այստեղ ներկա, նա պատասխանեց, թե չի կարող բոլորի դռները ծեծել ու կարծիք հարցնել: Փաստորեն, յուրայիններով այդ փոքր հավաքը նա համարեց 90 հազար բնակչի կարծիքի ուսումնասիրում: Մինչդեռ ՀՀ Սահմանադրության պահանջն է՝ լսել հանրության կարծիքը:

Իսկ Սահմանադրական դատարանը 2021թ. մայիսի 14-ին Կոտայքի մարզի մի քանի համայնքների միավորման հետ կապված բողոքի հիման վրա կայացրել է ՍԴՈ-1593 որոշում, որով իրավական դիրքորոշում է արտահայտել 2 կարեւոր հարցի վերաբերյալ՝ համայնքի կարծիքը տեղական հանրաքվեի միջոցով արտահայտելու իրավունքի արդյունավետ իրականացման համար պետք է նախատեսվեն օրենսդրական անհրաժեշտ կառուցակարգեր եւ ընթացակարգեր: Համայնքային բյուջեում ֆինանսներ չլինելու պատճառաբանությամբ տեղական հանրաքվեի մերժումն իրավաչափ չի համարել: Առաջարկել է տեղական հանրաքվե նախապատրաստելու եւ անցկացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում ծախսերը կատարել պետբյուջեի միջոցների հաշվին: Բարձր դատարանն այս որոշումով իշխանություններին հորդորեց մշակել համայնքի կարծիքը լսելի դարձնելու նոր գործիքակազմեր, եւ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքն ընդունելիս ԱԺ-ն պետք է առաջնորդվի դատարանի արտահայտած դիրքորոշումներով: Կառավարությունը, սակայն, կրկին անտեսում է ՍԴ որոշումը՝ ոչ միայն հանրաքվե անցկացնելու մտադրություն չունի, այլեւ համայնքի կարծիքը լսելի դարձնելու նոր գործիքակազմեր չկիրառեց: 

Մասիսի երաժշտական դպրոցում կայացած «լսումների» նման մի լսում էլ կազմակերպվել էր 2018-ի «հեղափոխության» թեժ օրերին, որը, սակայն, գրեթե չկայացավ, քանի որ այդ օրը ներհամայնքային ճանապարհները փակ էին, երկրում քաղաքական իրադարձությունները եռում էին, մարդիկ չէին եկել հանդիպման: Հանդիպումը կայացավ կիսատ-պռատ: 

Փաստորեն ստացվում է, որ Մասիսի տարածաշրջանի 27 գյուղերը՝ 90 հազար բնակչությամբ, առանց տեղեկացվելու, դեկտեմբերի 5-ին գնալու են եւ ընտրեն իրենց նոր՝ միավորված մեծ համայնքի ղեկավարին: Նախարարության ներկայացուցչի խոսքից կարելի էր հետեւություն անել, որ իրենք էլ դեռեւս շատ հարցերից անտեղյակ են: Ասենք՝ ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը որն է լինելու, ինչ գործառույթներ են մնալու մարզպետարանին, վարչական տարածքների ղեկավարի ու համայնքի ղեկավարի միջեւ եղած տարաձայնությունների դեպքում ինչ գործառույթ կարող է իրականացնել մարզպետը եւ այլն: Ստացվում է, որ միավորման հարցն արդեն լուծված է, իսկ մյուս կարեւոր հարցերը կորոշեն հետո՝ ձեռքի հետ, ոտքի վրա: Այնպես, ինչպես նշանակել են ընտրության օրը, հետո էլ «լսումներ» են կազմակերպում: Դա նույնն է, թե հարսանիքի օրը նշանակեն, հարսի հանդերձանքը գնեն, հյուրերին հրավիրեն, հետո նոր գնան խնամախոսության… 

Ինչպես նշեցինք, համայնքների միավորման գործընթացը սկսվել է դեռեւս Սերժ Սարգսյանի իշխանության օրոք: Պարզապես այն ժամանակ համայնքները պետք է միավորվեին ավելի փոքր փնջերով՝ 5-6 համայնք: Իսկ հիմա փնջերն անտրամաբանական չափով մեծացել են, ինչը հետագայում լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնելու եւ կարող է քայքայել ՏԻՄ համակարգը: Էլ չենք խոսում այն մասին, որ ոտնահարվում են ՀՀ քաղաքացու իրավունքներն ու ընտրելու իրավունքը, հաշվի չի առնվում նրա կարծիքը: Փաստորեն, Հայաստանի ամենամեծ մարզում՝ Արարատում, լինելու է 4 համայնք՝ Մասիս, Արտաշատ, Արարատ, Դվին:

Սրանով իշխանությունն իր համար լուծում է քաղաքական կարեւոր հարց՝ կառավարելի է դարձնում համայնքներին, ազատվում է իր գլխին «չարիք» դարձած անցանկալի համայնքապետերից, որոնց անմիջականորեն ընտրում են բնակիչները: Փաշինյանը համայնքներում չունի մրցունակ եւ «երեսատեղի» թեկնածուներ, որոնք կարող են ընտրապայքարի դուրս գալ ու հաղթել առաջիկա ՏԻՄ ընտրություններում: Իսկ միավորման դեպքում ընտրապայքարի են դուրս գալու ոչ թե անհատները, այլ՝ կուսակցությունները, եւ արդեն Փաշինյանը կամ իր թիմակիցները, պատկերավոր ասած, կարող են վերցնել «բանտիկով» կապված մուրճը եւ միտինգ անել, սկսել հերթական «դասակարգային» պայքարը նախկինների դեմ, էմոցիոնալ ելույթներ ունենալ, սեր խոստովանել, մեխել, ծեփել եւ այլն… Այս դեպքում միավորված համայնքի ղեկավար կդառնա հերթական «ուսապարկը», ու ամբողջ տարածաշրջանը կհավաքեն «բռի մեջ»: