Բրատիսլավայից հետո ժամանակն է, որ Արցախն արտահայտի իր դիրքորոշումը

Բրատիսլավայից հետո ժամանակն է, որ Արցախն արտահայտի իր դիրքորոշումը

Երեկ Հայաստանում սպասում էին Բրատիսլավայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ նախագահի ներկայացուցչի մասնակցությամբ հանդիպմանը եւ դրանից հետո սպասվելիք հայտարարություններին։ Հանդիպումը լարված մթնոլորտ է ստեղծել Հայաստանում եւ Արցախում, քանզի ՌԴ ԱԳ նախարար Լավրովը Բաքվում նախօրեին խնդրահարույց հայտարարություններ էր արել։ Մասնավորապես՝ Արցախի հայ եւ ադրբեջանական համայնքների մասին։ Նրա ներկայությամբ էլ Մամեդյարովն էր տարաբնույթ հայտարարություններ արել։ Իսկ մինչ այդ ռուսական կողմը հայտարարել էր, որ միջնորդական առաքելությունն իրականացնելու է երկու մակարդակով՝ ե՛ւ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, ե՛ւ ազգային մակարդակով։ Իսկ Բրատիսլավայում հանդիպման նախօրեին Ադրբեջանը մեմորանդում-ուլտիմատում տարածեց, թե ինչ հիմքով է բանակցում ինքը, որը մեզ համար լավատեսության որեւէ հիմք այլեւս չտվեց։

Վերլուծաբան Կարեն Բեքարյանը բրատիսլավյան հանդիպումը որակում է բավականին բարդ, դժվար ու մարտահրավերներով լի՝ հենց վերը թվարկված պատճառներով։ «Եթե անդրադառնալու լինենք անմիջականորեն հանդիպմանը, ինձ թվում է, որ բոլորի համար էլ պարզ է, որ 3,5 ժամում չեն քննարկում միայն վստահության միջոցներ, այլ սա բանակցային փուլ է՝ իր բավականին դժվար ելեւէջներով հանդերձ, եւ այս տեսակետից որեւէ կերպ ադեկվատ չէր իրավիճակին արտգործնախարարության տված հաղորդագրությունը՝ թե՛ Զոհրաբ Մնացականյանի՝ համանախագահների հետ հանդիպման, թե՛ Մամեդյարով-համանախագահներ-Մնացականյան հանդիպման վերաբերյալ, որովհետեւ ամենատրամաբանականը կլիներ, որ հանդիպումներից յուրաքանչյուրը սկսվեր Ադրբեջանի շանտաժի նկատմամբ վերաբերմունքի արտահայտումից եւ համանախագահողների նկատմամբ պահանջից՝ այդ վերաբերմունքին տալ արձագանք։ Սակայն ես չգիտեմ ինչ է կատարվել բանակցային սեղանին, մամլո հաղորդագրություններում այդ մասին որեւէ բառ չկա»,- ասաց Բեքարյանը։

Լավատեսության որեւէ տեղիք չի տալիս նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի արած հայտարարությունը, թե ղարաբաղյան ճակատում կա էսկալացիայի սպասում, նաեւ՝ Թուրքիայի արտգործնախարարի ելույթն ու անդրադարձը թեմային։ Ինչ վերաբերում է Զոհրաբ Մնացականյանի ելույթին, ապա Կարեն Բեքարյանն արձանագրում է, որ վերջապես այստեղ ունենք Հայաստանի կողմից դիրքորոշման արտահայտում, եւ այդ դիրքորոշման արտահայտման մեջ կետեր կան, որոնք վերջապես հնչեցվեցին։ «Օրինակ՝ Արցախի ինքնորոշման անքակտելի իրավունքի մասին։ Եվ սա ինչ-որ իմաստով իրավիճակը երեւի բնականոն գծեր հետ բերելու միտում ունի։ Ելույթում կան բավականին թերություններով կետեր ու դետալներ, որոնց այսօր չեմ ուզենա անդրադառնալ, որովհետեւ վերջապես ինչ-որ դրական բան է տեղի ունեցել՝ գոնե դիրքորոշման արտահայտմամբ»,- ասում է Բեքարյանը։

Բայց նրա համար ընդունելի չէ մոտեցումը, որ Հայաստանը եւ Արցախը, ամեն ինչի հետ կապված, համակարծիք են, նույնական մոտեցում ունեն բոլոր նյուանսներում։ «Ես կարծում եմ՝ ժամանակն է, որ Արցախը հրապարակի իր դիրքորոշումը»,- ասում է Բեքարյանը։ Սա՝ այն բանից հետո, երբ Ադրբեջանը մեմորանդումով տվեց իրենը, Մնացականյանը՝ իրենը։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն, ապա Բեքարյանն արձանագրում է, որ իշխանություններն իրենց համար ցանկացած դժվար պահերին օգտագործում են ուշադրությունը շեղելու տարաբնույթ միջոցներ։ «Այս վերջին իրավիճակում դա իրականացվեց ԱԺ-ում՝ ինչ-որ աննորմալ բառակազմով ելույթով ու թաթիկներ կտրելու վերաբերյալ հայտարարությունով, վերջացրած Սերժ Սարգսյանի քրեական գործով եւ ընտրված խափանման միջոցով»,- ասաց նա։