Իշխանությունն ընկած է փողոցում, ոչ ոք չի ուզում վերցնել…

Իշխանությունն ընկած է փողոցում, ոչ ոք չի ուզում վերցնել…

Նիկոլ Փաշինյանն իրեն շրջապատել է տարբեր գույների բերետավորներով, ուժայիններով, անվտանգության խիստ միջոցառումներ է իրականացնում, չի կարողանում դուրս գալ հասարակության մեջ եւ վտանգ է զգում անգամ դպրոցահասակ երեխաների պայուսակներից, բայց, միեւնույնն է, համառորեն հրաժարական չի տալիս: Չի տալիս, քանի որ դա արդեն իր կյանքի անվտանգության հարց է. մի կողմից ՝ զրկվելով ոստիկանական եւ ուժային զորքերի հսկողությունից, կարող է թիրախավորվել եւ դառնալ մեր պատմության նոր ՆԵՄԵՍԻՍ-ի գլխավոր «զոհը», մյուս կողմից իր առջեւ դրած ծրագրերն ու պայմանավորվածությունները մինչեւ վերջ չկատարելու համար նրան կվերացնեն իր «կիրթ ու կառուցողական» պատվիրատուները:

Վերջին երկու օրերին տեղի ունեցող եւ օր օրի մեծացող հանրահավաքները փաստում են, որ Փաշինյանն այլեւ իշխանություն չունի: Այսօր Հայաստանում իշխանությունը գցած է փողոցում, բայց ոչ ոք չի համարձակվում այն վերցնել: Երկիրն արդեն այնպիսի վիճակում է՝ գրեթե կորցրած Արցախ, պատանդառության մեջ պահվող120 հազար արցախցիներ, նրանց բարեհաջող վերադարձնելու խնդիր, հաջողության դեպքում՝ նրանց կենսական պայմանների ապահովում, քանդված բանակ, տարբեր պետական համակարգեր, Հայաստանի վրա նոր պատերազմի մոտալուտ վտանգ…Որեւէ մեկը, որքան էլ փորձառու ղեկավար լինի,  չի համարձակվի միայնակ վերցնել այս ամենի պատասխանատվությունն ու ծանր բեռը: Այն կարող է միայն անել անցումային, ժամանակավոր կառավարությունը, որի անունը դրվեց «Ազգային կոմիտե»:

Բայց, ինչպես տեսնում ենք, այդ կոմիտեի կազմ մտնելու համար էլ քաղաքական ու պետական գործիչները հերթ չեն կանգնել, թեեւ Վազգեն Մանուկյանը բազմիցս հայտարարել է, որ կոմիտեն բաց է եւ կարող է ընդգրկել այլ գործիչների եւս: Ուստի այդ ամենը մնացել է Վազգեն Մանուկյանի, Իշխան Սաղաթելյանի, Հայկ Մամիջանյանի, Անդրանիկ Թեւանյանի եւ Ավետիք Չալաբյանի ուսերին…