Կառավարությունը մեզ չի խանգարում, դրա համար էլ ոլորտը զարգանում է

Կառավարությունը մեզ չի խանգարում, դրա համար էլ ոլորտը զարգանում է

«Քաղաքական լիգան» մայիսի 14-ին Մամուլի ազգային ակումբում հրավիրել էր դասախոսություն-քննարկում՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման խոչընդոտներն ու հնարավորությունները Հայաստանում» թեմայով: Բանախոսը «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն, Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանն էր:

Բացելով քննարկումը՝ «Քաղաքական լիգայի» համակարգող, Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը նշեց. «ՏՏ ոլորտի զարգացումը Հայաստանում վերջին տարիներին  հռչակվել է պետական առաջնահերթություն, ՀՀ նախկին և ներկա իշխանությունների հպարտության և հիացմունքի առարկա: Աշխարհն արագորեն զարգանում է, իսկ համընթա՞ց է, արդյո՞ք, զարգացող աշխարհին Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացումը: Մենք, որպես կանոն, խոսում ենք ոլորտի ձեռքբերումների, ոչ խոչընդոտների մասին, և այս քննարկման նպատակն է ոլորտը դիտել ամբողջության մեջ»: 

Դասախոսութան սկզբում «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը հիշատակեց Խորհրդային Հայաստանում գիտատար ճյուղերի զարգացումը և դրանցում ներգրավված որակյալ կադրերի մեծ թիվը: ԽՍՀՄ-ի հետ փլուզվեց նաև ոլորտը, մեծ թվով մասնագետներ լքեցին Հայաստանը: 90-ականներին հայտնվեցին ամերիկյան կապիտալով առաջին հայկական ընկերությունները: Անդրադառնալով ձեռքբերումներին՝ Մուսայելյանը նշեց, որ ՏՏ ոլորտն այժմ Հայաստանի ՀՆԱ-ի 4.5 տոկոսն է ապահովում, ոլորտի աճը կազմում է 20-25 տոկոս, շրջանառությունը՝ տարեկան 850 մլն դրամ, ոլորտում կանանց ներգրավվածությունը 30 տոկոս է: «Մենք ունենք ազգային մրցունակության մեծ կապիտալ, արագորեն հարմարվում ենք նորացող աշխարհին, ունենք ճկուն միտք և ծայրահեղ հետաքրքասեր ենք: Ունենք  այն ամենը, ինչ պետք է բարձր տեխնոլոգիական  երկիր դառնալու համար»,-ընդգծեց Մուսայելյանը, ավելացնելով, որ Հայաստանը մի շարք ոլորտներում զարգացման և նպատակների բարձր նշաձող պետք է սահմանի: Անդրադառնալով պետության դերակատարմանն այս ոլորտում՝ Մուսայլեյանը նկատեց, որ եթե պետությունը չխանգարի ոլորտի զագացմանը, սա արդեն ձեռքբերում է. «Կառավարությունը մեզ չի խանգարում, դրա համար էլ ոլորտը զարգանում է»:

Անդրադառնալով ՏՏ ոլորտի զարգացման խոչընդոտներին՝ Հ. Մուսայելյանը նշեց, որ ամենամեծ խոչընդոտը որակյալ կադրերի պակասն է, կրթական ծրագրերի անբավարարությունը, գործատու-բուհ հետադարձ կապի բացակայությունը:  Հաջորդ խոչընդոտը, ըստ «Քաղաքական լիգայի» բանախոսի,  գլոբալ շուկայում տեղական ընկերությունների հաղորդակցման հնարավորությունների պակասն է: Պետությունը պետք է ոլորտին արտոնություններ տա՝ շարունակ մշտադիտարկում իրականացնելով: Հաջորդ խոչընդոտը, ըստ Մուսայելյանի, օրենսդրական է, եկամտահարկի հարթեցման խնդիրն է, որ ժամանակ առ ժամանակ առաջ է գալիս՝ խանգարելով ՏՏ զարգացմանը: Խոչընդոտներից է նաև  հանրային այն ընկալումը, որը չի ընդունում բարձր վարձատրվող մասնագետներին: Լուրջ խոչընդոտներից են նաև մտավոր սեփականության պաշտպանության և  արտոնագրման խնդիրները:    

Դասախոսությանը հաջորդած հարցուպաատսխանի և քննարկման ընթացքում անդրադարձավ եղավ Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացման, անօդաչու սարքերի պատրաստման, բանակում լավագույն կադրերի ներգրվման խնդիրներին: 

Քննարկման ընթացքում «Եվրոպական ծրագրեր» հիմնադրամի տնօրեն Ատոմ Մխիթարյանը նկատեց, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը զարգանում է գլխապտույտ արագությամբ՝ մեկտեղելով կրթությունը, գիտությունը, հետազոտությունը, ստեղծարարությունը, նորարարությունը. «Հայերս դեռևս խորհրդային տարիներից ժառանգություն ստացած շատ լավ դպրոց ունենք, որը պետք է զարգացնել՝ այդ հիմքի վրա ստեղծելով ժամանակակից հետազոտական համալսարան, որը կարող է բյուրեղացնել ողջ հայության գիտական պոտենցիալը: Եվ որոշ ժամանակ անց կկարողանանք ասել, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների դարում իր կարևոր դերակատարությունն ունի աշխարհում»: 

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը նշեց, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների երկիր դարձնելու համար ոլորտի վերազգային ընկերությունները, հանձին «Սինոփսիս Արմենիայի», ՀՀ կառավարության, հատկապես՝ կրթության և գիտության նախարարության հետ պետք է միասնական ծրագրեր իրականացնեն դպրոցներում, միջնակարգ մասնագիտական կրթության հաստատություններում՝ ապահովելով անհրաժեշտ կողմնորոշում, քանի որ «ՏՏ ոլորտը  ամբողջ աշխարհում արդեն հասու են դառնում տարրական դասարանների աշակերտների համար, որոնք քայլ առ քայլ միջամուխ են լինելու այդ ոլորտները՝ համալրելով ստեղծարար, բարձր վարձատրություն արժանի, ինքնաբավ, արհեստավարժ մասնագետների շարքերը»:

Հանդիպման ավարտին  Հովիկ Մուսայելյանն առաջարկեց    «Քաղաքական լիգայի» ներկայացուցիչներին այցելել «Սինոփսիս Արմենիա»՝ տեղում ծանոթանալու ոլորտին: