Դարձյալ դրամական փոխանցումների մասին

Դարձյալ դրամական փոխանցումների մասին

Մի քանի օր առաջ հոդված էինք հրապարակել, ըստ որի՝ Ղազախստանից եւ Ռուսաստանից Հայաստան կատարվող դրամական փոխանցումների հետ կապված խնդիր կա։ Այդ  մասին մեզ տեղեկացրել էին Ղազախստանում եւ Ռուսաստանում ապրող-աշխատող մեր հայրենակիցները, որոնցից մեկին ղազախական բանկերն առհասարակ արգելել էին գումար փոխանցել Հայաստան՝ ասելով, թե Վրաստան ու Ադրբեջան կարելի է, իսկ Հայաստան՝ ոչ։ Ռուսաստանի Դաշնությունում էլ սահմանափակումներ են կիրառել փոխանակվող գումարի չափի առումով՝ 50 հազար ռուբլուց ոչ ավելի։ 

ԱԳՆ-ից եւ Կենտրոնական բանկից ո՛չ հերքել էին, ո՛չ հաստատել, միայն նշել էին, թե նման տեղեկության չեն տիրապետում։ Մեր հրապարակած հոդվածից հետո իրարամերժ տեղեկություններ տարածվեցին, իսկ սոցցանցերում մարդիկ մեզ սկսեցին մեղադրել սուտ լուրեր տարածելու, ընդհուպ՝ պետական դավաճանության ու դավադրության մեջ։ Բայց եթե մի կողմից ինչ-որ անհատներ պնդում են, թե սուտ է, նման բան չկա, մյուս կողմից՝ մենք մինչ օրս շարունակում ենք ՌԴ-ում եւ մյուս երկրներում բնակվող մեր հայրենակիցներից նամակներ ստանալ, որ իրենք էլ են նման խնդրի առաջ կանգնել։ ԱՊՀ երկրներում բնակվող մեր որոշ հայրենակիցներ այս խնդրով դիմել են նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին՝ ահազանգելով, որ չեն կարողանում գումար փոխանցել։ Այս մասին մեր հոդվածը կարդալուց հետո տեղեկացրեց ինքը՝ Զոհրաբյանը, ում սկզբում կասկածելի էր թվացել այս ինֆորմացիան, հետո, երբ իրեն էլ էին նույն խնդրով դիմել տարբեր մարդիկ, արդեն հասկացել էր, որ իսկապես ինչ-որ բան այն չէ։ Տիկին Զոհրաբյանը մեզ ասաց, որ այսօր ինքը խորհրդարանում ընդունելու է Հայաստանում ՌԴ դեսպանին, որի ընթացքում կփորձի պարզել նաեւ այս հարցերը։ Ի դեպ, Նաիրա Զոհրաբյանին դիմած քաղաքացիներից մեկն Ուզբեկստանի Ֆերգանա քաղաքից է։ Այսինքն՝ աշխարհագրությունը միայն Ռուսաստանով եւ Ղազախստանով չի սահմանափակվում։ Ընդ որում, ըստ Զոհրաբյանի, այդ քաղաքացուն ոչ միայն թույլ չեն տվել գումար փոխանցել Հայաստան, այլեւ արգելել են ունեցած գումարը բանկից հանել։ 

Երեկ այս թեմայով հաղորդագրություն տարածեց Կենտրոնական բանկը, որտեղ անդրադարձ կար միայն Ղազախստանից փոխանցումների արգելքին։ 

Ըստ հաղորդագրության՝ ԿԲ-ն կապ է հաստատել գործընկեր կառույցների հետ եւ ստացել հավաստիացումներ, թե դեպի Հայաստան փոխանցումների հետ կապված կարգավորող մարմինների կողմից սահմանված չեն որեւէ առանձին սահմանափակումներ, իսկ առկա սահմանափակումները չեն վերաբերում ՀՀ-ին։ 

«Ավելին՝ պարզվել է, որ Ղազախստանից դեպի Հայաստան փոխանցման սահմանափակումը մասնավոր դեպք է եւ կապված է ոչ թե Հայաստանի հետ, այլ հաճախորդի կողմից սահմանված չափը գերազանցող գումարի փոխանցման հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։ 
Նկատենք, որ ԿԲ-ին փոխանցած հավաստիացումներում չի հերքվում, թե կան սահմանափակումներ, միայն թե դրանք չեն վերաբերում ՀՀ-ին, այլ կապված են գումարի չափի հետ։ Թեպետ մեզ դիմած անձն ասաց, որ նախկինում անարգել փոխանցել է ցանկացած չափի գումար, հիմա է, որ որոշել են արգելել։ Այդուհանդերձ, ԿԲ-ն արձագանքել է միայն Ղազախստանի մասով, այն էլ՝ դարձյալ հարցականներ թողնելով, իսկ մյուս երկրների մասով հարցը շարունակում է բաց մնալ եւ տարակուսանքների տեղիք տալ։