«Դաշտի լոլիկ համարյա չենք ուտի»․ ի՞նչ բերք է սպասվում

«Դաշտի լոլիկ համարյա չենք ուտի»․ ի՞նչ բերք է սպասվում

Այս տարի ծիրանի միջակ բերք է սպասվում, ռեկորդային բերքի մասին խոսք չկա, հողի լոլիկ էլ շատ քիչ ենք ուտելու։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ, գյուղատնտես Հրաչ Բերբերյանը․

«Արդեն երևում է, որ ծիրանի միջակ բերք ունենք այս տարի, ռեկորդային բերքի մասին խոսք չկա, խաղողի մասին դեռ շուտ է խոսելը, հացազգիների բերքը՝ միջակից ավել, խնձորենին՝ միջակ, դեղձից լավ բերք ենք սպասում, նույնն էլ խաղողից ենք սպասում, բայց դեռ շուտ է ասելը, բայց դեղձը երևում է, որ արդեն փոշոտումը եղել է։ Ինչ վերաբերում է բանջարեղենին՝ անցյալ տարվա մակարդակն է, որևէ փոփոխություն չկա՝ չնայած որ ինչ-որ նախարարներ, փոխնախարարներ փորձում են համոզել, որ աճ է եղել բանջարաբոստանային կուլտուրաների հետ կապված, բայց միանշանակ անցյալ տարվա մակարդակն է, այնպես որ դաշտի լոլիկ էլի համարյա չենք ուտի, կուտենք էլի ջերմոցի լոլիկ, որը, գիտեք, ցեցի դեմ պայքարը նորմալ չկազմակերպվեց՝ չնայած որ վարչապետը 3 անգամ է անդրադարձել դրան»։

Հարցրինք, թե ինչո՞վ է պայմանավորված, որ անցյալ տարի այս օրերին շուկայում արդեն ծիրան կար, իսկ այս տարի չկա, հնարավո՞ր է, որ բերքի ուշ հասունացումը ֆինանսական վնասներ հասցնի այգեգործներին․

«Տարին մի 10 օր հետ է ընկել, ես այստեղ ոչ մի խնդիր չեմ տեսնում, ցոգոլը արդեն շուկայում կա, ճիշտ է՝ արդեն պարսկական ծիրան կա շուկայում։ Ինձ թվում է, որ մեր ազգաբնակչությանը այս տարի ծիրանից չենք նեղացնի։ Չեմ կարծում, որ ֆինանսական խնդիրներ լինեն, եթե «Spayka»-ն էլ կարգին աշխատի, մենք արտահանումները կանենք, բայց հիմնականում ներքին սպառման համար կգնա, որովհետև այդ քանակի ծիրան չունենք, որ ռեկորդային բերք ունենանք»,- ասաց Բերբերյանը։