Էս ազիզ օրով էս սուրբ տեղում ասե՞մ

Էս ազիզ օրով էս սուրբ տեղում ասե՞մ

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է Հանրապետական կուսակցության անդամ, կրթության եւ գիտության նախկին փոխնախարար Արա Ավետիսյանը, որն այսօր Կոմիտասի անվան պանթեոնում  մասնակցում էր ՀՀ վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարելիցին։ 

-Մեկ տարի է անցել թավշյա հեղափոխությունից։ Ըստ Ձեզ՝ այս ընթացքում ի՞նչ է փոխվել մեր երկրում։

-Համեմատելու եզրեր չեմ գտնում։ 

-Ի՞նչ առումով չեք գտնում եզրեր։

-Էս ազիզ օրով էս սուրբ տեղում ես ասե՞մ, թե ինչ առումով։ Կարծում եմ, որ ժողովուրդն էլ է այն կարծիքին, որ համեմատելու եզրեր չկան, մանավանդ Անդրանիկ Մարգարյանի վարչապետաց տարիների եւ այս մեկ տարվա մեջ։ 

-Հետահայաց՝ ո՞րն եք համարում ՀՀԿ-ի ամենամեծ սխալը, բացթողումը։

-Երեւի թե միշտ հանդիպող բացթողումներ էին, անձնավորված դեպքեր եղան, որոնք վատ հետք թողեցին մարդկանց հիշողության մեջ կամ վատ վերաբերմունք ձեւավորեցին։ Դրանք հղկելի էին, պետք էր ժամանակին հղկել։

-Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հրաժարականից տասը տարի անց վերադարձավ քաղաքականություն, առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու։ Սերժ Սարգսյանն ունի՞ շանս՝ վերադառնալու քաղաքականություն։ 

-Նախ եկեք ճշտենք՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը ցանկացավ վերադառնալ քաղաքականություն տասը տարի անց, չստացվեց։ Սերժ Սարգսյանը կփորձի վերադառնալ, թե չէ, կարծում եմ, շատ կարճ ժամանակ հետո ինքը այդ հարցը կքննարկի կուսակցության հետ։ Առնվազն խորհրդի եւ գործադիր մարմնի հետ պետք է քննարկի, դա միայնակ որոշելու հարց չէ։ 

-Հաճա՞խ եք հանդիպում Ձեր կուսակից ընկերների հետ։ 

-Գրասենյակում լինում եմ շաբաթն  առնվազն երկու անգամ, բնականաբար հանդիպում եմ այնտեղ գտնվող մարդկանց հետ։

-Ընդդիմադիր ՀՀԿ-ի գործունեությունը Ձեզ գոհացնո՞ւմ է։

-Որպես արտախորհրդարանական ուժ՝ շատ սոլիդ, արժանապատիվ պահվածք ունի, գործում է շատ արդյունավետ։

-Չե՞ք կարծում, որ ապագայում ՀՀԿ-ն էլ կարող է արժանանալ ՀՀՇ-ի ճակատագրին։

-Յուրաքանչյուր անհատ կամ կազմակերպություն իր պահվածքով եւ գործունեությամբ է արժանանում համապատասխան ճակատագրի։ Ես կարծում եմ, որ այդ ճանապարհները տարբեր են եղել եւ տարբեր են։

-Այնուամենայնիվ, ինչո՞ւ մեկ տարի առաջ մեր ժողովուրդը միահամուռ մերժեց ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսյանին։

-Ճիշտն ասած՝ ժողովուրդը փոփոխություններ է ուզում, եւ ժողովրդի ինչ-որ մասը ոչ ընդունելի ձեւով այն արտահայտեց։ Կարեւորն այն է, որ Սերժ Սարգսյանը վերլուծեց եւ գնահատեց իրավիճակը՝ ի շահ պետականության։