Հոպոպի փոշին

Հոպոպի փոշին

Գերմանիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկն ասում էր. «Ամենաշատ սուտը խոսում են որսից հետո, ընտրություններից առաջ եւ պատերազմի ժամանակ»: Իսկ մեր վարչապետը ստում է ամեն ժամանակ: Ես, որ ինձ աշխարհի ամենաանհավատ մարդկանցից մեկն եմ համարում, ընկել էի ստերի թակարդը: Հեռուստացույցի առաջ նստած՝ կռիվ էի բալետ անում, ոնց որ ֆուտբոլ բալետ անեի... Սպասում էի՝ էս ա, հա՜, մեր զորքերը Եվլախը կանցնեն ու դեմ կառնեն Քուռ-Արաքս խառնարանին: Էնտեղից էլ Բաքու՝ շատ-շատ մի չայ խմելու ժամանակ է: Մեկ էլ իմանամ, ի՞նչ իմանամ՝ թուրքերը հասել են Շուշի: Պարզվում է՝ էն, որ մտքով ես գնում էի, նրանք արդեն ոտքով խրած գալիս էին. Ջաբրայիլի պաշտպանությունը ճեղքել էին ու Զանգելանը, Կուբաթլուն գրավելով՝ դուրս եկել ուղիղ մեր քթի տակ:

Արցախի նախագահը մի ողբ էր դրել, մի ողբ, որ շատ նման էր թուրքի նամազի: Ասում էր՝ հա՛յ, հա՛յ, վրա հասեք, վրա հասեք, Շուշին ձեռներիցս գնում է... Թշնամին սողում էր Ստեփանակերտի մատույցներում... Բաքվի չայը սառավ բկումս... Ճամփեն թեքեցի՝ վերադարձա մեր տուն... Տելեվիզորն էլի նույն բանն էր ասում: Ա՛յ քեզ հրաշք... Մեծ պայթյուն էր տեղի ունեցել. ստի փուչիկը տրաքել էր: Արյան պղպջակներից դուրս էին լողում հինգ հազար քրքրված դիակ, տաս-տասհինգ հազար անձեռ, անոտ զինվոր, գնդակներից ու արկերից բզկտված վիրավորներ, հազար-հազարավոր տնանկներ, սնանկներ եւ ավերված քաղաքներ, շեներ, գյուղեր եւ կոտրված սրտեր, սրտեր ու ավերված հոգիներ... Լռել էր մեր շուրթերի ամենօրյա երգը՝ հաղթելու ենք, հաղթելու ենք... եւ հատկապես հայի սնափառ ու տնաքանդ իղձը, որ դուրս էր եկել ստի մեծ բերանից, գրավել Հայաստանն ու ի սփյուռս՝ ամբողջ աշխարհը...

Նոյեմբերի 9-ին Շուշին արդեն գրավված էր՝ «դժբախտ ու դժգույն» Շուշին, որ մեր պատգամավորներից ոմանք Շուշա էին ասում: Երբ կապիտուլյանտը ստորագրում էր սեւ թուղթը, ես պառկած էի կորոնավիրուսով՝ քրտինքի մեջ շաղախված, տաքության մեջ տապակված, մղձավանջի մեջ... երազում, թե արթմնի՝ ընդամենը մի բան էի ուզում՝ թեկուզ մահվանս քրտինքով լվանալ ամոթը, համազգային խարանը, համահայկական խայտառակությունը, որ ընդմիշտ յոթնապատիկ ջրաղացքար տապաններով ճնշելու էին հայի արժանապատվությունը: Սիրածս խոսքն է եւ, ամենակարեւորը՝ իմ խոսքը. «Եթե մարդ ծնվելու բախտ է ունեցել, պիտի մեռնելու բախտ էլ ունենա»: Ես տեսել եմ 83 տարեկան մորս մահը, տեսել եմ, թե ինչպես է տանջվում: Ապրած 83 տարիները հարամ եղան... Յոթանասուն տարեկան էի, ինչպիսի՜ ճոխություն... Վերջիվերջո, յոթանասունը սուրբ թիվ է: Մտածում էի, թե ինչ հրաշք հոբելյան պիտի նշեմ, իշխանության, գրական եւ ընկերական շրջանակներն ինչպես են արժեւորելու անցածս ուղին, գրական վաստակս... Արժեւորեցին... Եղավ անկանխատեսելին՝ կորոնավիրուս, պատերազմ, պարտություն, հայրենազրկում, մա՛հ... Ամենավատ երազում անգամ չէինք տեսնի այն, ինչ տեսանք... Սեւ թուղթ էինք ստացել: Մահը գա, բա էդպե՞ս գա... Ինքս ինձ չէի գտնում. հուսահատություն, ստերջ գոյություն, հինգ ամսվա ամլություն: Տառերն էի մոռացել: Ի՞նչ գրեմ, ո՞ւմ համար, երբ կյանքն իմաստն է կորցրել:

Իհարկե, լռությունիցս աշխարհից ոչինչ չի պակասի, եւ ոչ էլ իմ գրելով մի բան կավելանա, բայց, ախր, գոնե ինձ՝ մեծագույն հարված էր: Գիրն իմ գոյության արդարացումն է, վկայություն, որ կամ, ապրում եմ եւ ո՛չ խոտի նման կամ էլ անասունի, այլ, թերեւս, մի բան ավելի, քանզի ոչ միայն կարող եմ ապրել, այլ նաեւ ստեղծել: Հոգեկանս խանգարվել է: Թվում է՝ անբուժելի հիվանդ եմ: Հրանտ Մաթեւոսյանը, որ տառապում էր քաղցկեղով, տրտնջում էր ստեղծագործական անկարողությունից: Ասում էր՝ անգամ սեփական հիվանդության մասին գրելու համար առողջություն է պետք:

Ազգիս տառապանքը եւս վերարտադրելու համար առողջություն է անհրաժեշտ: Մինչդեռ մղձավանջը շարունակվում է. Արցախով Ադրբեջանը չի բավարարվում: Ախորժակն ուտելիս է բացվում: Թուրքը Սյունիքի սահմանները թրաշելով՝ առաջ է գալիս: Երկիրս շագրենի կաշվի նման պուճուրանում է: Եվ չկա Աբովյանի տղեն, որ ասի՝ էդ ո՞ւմ վրա եք թուր հանել, հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում... Կոտրված ենք, ամորձատված: Փայտը կոտրվում է՝ էլի փայտ է, քարը կոտրվում է՝ էլի քար է, երկաթը կոտրվում է՝ էլի երկաթ է, մարդը կոտրվում է ու մարդն էլ մարդ չէ՝ նրանից բան չի մնում... Մեր երկրում մարդն է կոտրվել: Հիմա թուրքն ուզենա՝ սապոգների համազարկով, անարգել, կմտնի Հանրապետության հրապարակ: Եվ ոչ մի հայ նրա առաջը չի կտրի: Ավա՜ղ... Մեծ ազգի Տղեն բանտարկված է Ագռավաքարում: Մեր խելքից: Խելք չունենք, խե՛լք... Փոխարենը՝ մեղք ունենք:

«Մեղա, մեղա՝ բազմամեղա...»: Աստված, որ ուզում է մեկին պատժի, սկզբից խելքն է վերցնում... Ես անխելք մարդ եմ, թումանյանական ձորերի Անխելք մարդը: Կապիտուլյանտին ո՞նց հավատացի... Էդ հավատով էլ գրիչ բարձրացրի. էն էլ՝ արդարության պես անբասիր սպիտակ թղթի վրա: Նրա խաթրու իմ անխելք գլուխը դեմ տվի հանճարին. Նապոլեոն Բոնապարտը քաղաքական դրդապատճառներով բաժանվել էր իր սիրեցյալից՝ Ժոզեֆինայից, եւ ամուսնացել ավստրիական արքայադստեր՝ Մարիա Լուիզայի հետ: Ժոզեֆինան խիստ անակնկալի էր եկել, երբ տեսել էր, որ իր ու ամուսնու ննջարանների միջեւ պատ է բարձրացել: Հիստերիայի մեջ էր ընկել, ուշակորույս փլվել հատակին: Բոնապարտը թերեւս մի արդարացում ուներ.
- Սիրելիս,- ասել էր,- ես առաջվա պես սիրում եմ քեզ, բայց, ավա՛ղ, քաղաքականությունը սիրտ չունի...
Իսկ ի՞նչ էի ասել ես՝ ապուշս... Բա մեր Նիկոլն ի՞նչ է...,- գրել էի... 
Մեղք քավելը երբեք էլ ուշ չէ: Ես ներողություն եմ խնդրում Նապոլեոն Բոնապարտից՝ տարրական ճշմարտությունը վիճարկելու եւ մեծն զորավարի քաղաքական գիտելիքները կասկածի տակ դնելու համար:

Աշխարհի քաղաքական սիրտը երբեւէ մեզ նկատե՞լ է, արդյոք գոնե մի բաբախ նվիրե՞լ է մեզ՝ նզովյալներիս, թե՞ լռել՝ այնպես, ինչպես Մեծ եղեռնի ժամանակ եւ, իհարկե, Արցախի գոյամարտում... Արեւմուտքի համար մեկ մարդու՝ ռուս այլախոհ Նավալնու առողջությունն ավելին է, քան մեկ ժողովրդի ֆիզիկական գոյությունը... Եվրոպան հազար ու մի սանկցիա կիրառեց այլախոհությունը դատապարտողների դեմ, եւ ոչ մի բանաձեւ՝ հայի ապրելու իրավունքը պաշտպանելու համար: Որովհետեւ Նավալնին իրենց շահն է արտահայտում, մինչդեռ մենք աղաղակում ենք սոսկ մեր գոյության տենչից: Մեր տառապանքը նրանցը չի: Մեր լեռներն ընդմիշտ բարձր են, եւ նրանց նավերը, ինչպես միշտ, ի զորու չեն բարձրանալ բիբլիական լեռներ: Մեզ սովորական մարդկային սիրտ է անհրաժեշտ, ջերմ, մարդկային, շիտակ սիրտ, որը երբեք քաղաքական դրդապատճառներով չի ամուսնանում եւ ոչ էլ բաժանվում, որ ո՛չ պալատում է ապրում եւ ո՛չ էլ բունկերում. այն իր բոլոր լավ բաները հենց իր մեջ է պահում՝ սրտում...

Հիմա ես կանգնած եմ ցածր կյանքի հատակում: Գլխիկոր եմ՝ գլխի-գլխի գլխիկոր: Ցուրտ է, սառնամանիք: Արմենը խոսում է ու խոսում... Բառերը սառած ձուլակտորների նման թափվում են գետնին:
- Ղարաբաղը տվի՛նք,- աչքի տակ մաշկը թրթռում է, ձեռքերը շեշտակի ցնցվում են, ձայնը ջղաձիգ է՝ բարկացկոտ,- Շուշի՛ն տվինք, Քելբաջա՛րը, Հադրո՛ւթը, Զանգելա՛նը, Կուբաթլի՛ն, Ջաբրաի՛լը... Հըմի էլ կպել են Սյունիքի ջանին... Էն է՝ Շուռնուխում տներ են, որ վառվում են... Բա մարդ էլ իր ձեռքով շինած տունը պաժառ տա՞... Կանաչ, կապույտ սարերը, զմրուխտ արոտավայրերը, մարգագետիններն անցնում են թուրքերին... Գյուղացին էլ որտե՞ղ իր անասունը արածացնի... Նոյեմբերի 9-ին կապիտուլյանտը սեւ թուղթ բերեց ժողովրդի գլխին... Հլա էսքանից հետո դեռ նրան հանդուրժող կա...

Մանվելը, ով կողքներս կանգնած սիգարետ էր ծխում, ծխախոտը մարեց: Անհամբերությունից տեղում եփ էր գալիս: Ամեն կերպ փորձում էր քաղաքավարության պատնեշը ճեղքել: Ի վերջո, խոսքը Արմենի բերանից խլեց.
- Արգավանդից տաքսիով Ավան էինք գնում,- ասաց,- վարորդը ասող-խոսող մարդ էր՝ սաղ ճամփին կապիտուլյանտի գովքն էր անում: Որ շատ գովաց, ասի՝ նա ի՞նչ փոխեց քո կյանքում... Ո՞նց, ասաց, ազատությունն իր օրոք ստացանք, մոռացե՞լ ես՝ ուրախությունից ոնց էինք թռչկոտում հրապարակի շատրվաններում... Լռեցի: Տաքսիստը, ոնց որ քաղցր կանֆետ, իր հերոսի անունը բերանում ըմբոշխնելով՝ երգում էր, արդեն հայտնի օպերայից. այն մի փոքրիկ պատառիկ էր՝ «նախկին թալանչիները» արիայից: Ասի՝ քշի հրապարակով: Բայց էն կողմով հարմար ա՝ առարկեց: Չէ, ասի, դու էնտեղով գնա... Որ հասանք շատրվաններին, մեքենան կանգնեցրի: Ասի․ էս՝ դու, էն էլ՝ շատրվանները, գնա թռի մեջը... Ո՞նց՝ ասաց: Ասի՝ չէ՞ որ դու ազատ մարդ ես, գնա վայելի ազատությունդ... Մինչեւ Ավան ձեն-ծպտուն չհանեց: Երբ տեղ հասանք, ու արդեն վճարում էի, ասի՝ լավ տղա ես երեւում, էլ ուրիշի չասեմ, ուզածդ փողն էլ կտամ... Վաղը Ղափան ենք գնում... Բայց իմացի՝ Շուռնուխով ենք գնալու... Շունուխո՞վ՝ ասաց: Գունատվել էր: Հա՛, հա՛, Շուռնուխով, ասի, չէ՞ որ դու ազատ թռչնակ ես... Սսկվեց: Երեւի, նրա ազատությունը մի այլ տեղ էր...
Վերնիսաժի մոտ, Նժդեհի արձանին հարակից զբոսայգուց աղմուկի ձայներ էին գալիս:

Ոստիկանները, վահաններով սպառազեն, հոծ պատ էին կազմել: Կապիտուլյանտը մտնելու էր նախարարությունների մասնաշենք: Մարդիկ վանկարկում էին.
- Դա՛ վա՛ ճա՛ն.... Դա՛ վա՛ ճա՛ն...
Մյուս կողմում վանկարկում էին կապիտուլյանտին սատարողները.
- Վա՛ր չա՛ պե՛տ... Վա՛ր չա՛ պե՛տ...
- Չկերանք մսից՝ խելռանք թսից,- հառաչեց Արմենը:

Իսկապես, էս ամենից լավ հոտ չի գալիս: Գոնե ինձ համար ամենազարմանալին մարդկանց մի ստվար հատվածի անմնացորդ նվիրումն է կապիտուլյանտին: Ուղեղս լարումից պայթում է, թեկուզ գլուխս քարով տամ՝ չեմ հասկանում պատճառը... Մարդ էլ իր երկրում քայլելու իրավունք չունենա ու շարունակի քայլե՞լ... Առնվազն անգլիական պադոշ պիտի լինես կամ թերեւս շպիոն, որ էդ ամենին դիմանաս... Ի՞նչ անես՝ մարդը աթոռ ա սիրում, ախր, շատ ա սիրում... Կարող է ինքը դրանից օգուտ ունի, բա մյուսների օգուտն ի՞նչ է, որ իրեն այդքան շատ են սիրում... Որտեղի՞ց այդ սերը, հավատը, աներկբա նվիրումը... Ինչ էլ որ անի, ինչ էլ որ ասի... սիրում են: Թեկուզեւ հենց իրենց առաջ բռնաբարի իրենց քրոջը, միեւնույն է, կրկին արդարացում կգտնեն... Ուրիշ ոչինչ որ չգտնեն, կասեն՝ ինքն ի՞նչ մեղք ունի, որ մեր քույրը բոզ ա... Սիրո ակունքն եմ փնտրում... Մոլագար սեր, հավատ, նվիրում, որ տուն է քանդում... Աստծո պես անքննելի, անըմբռնելի, անհասկանալի... Ոչ ոք զորու չէ գտնելու պատասխանը, էն էլ մի երկրում, որտեղ սերը աթարին է կպնում: Էլի գլխիս զոռ եմ տալիս. պատճառը գուցե տգիտությա՞ն մեջ է, գուցեեւ՝ ատելության, գուցե նմանը նմանի մե՞ջ է տեսնում փրկությունը... Նրանք ծարավ են տիրոջ խոսքին՝ ասի՛, ասի՛, թեկուզեւ խաբի՝ միայն թե իրենց ուզածն ասի... Կապիտուլյանտի ձեռամբ հասարակությունը կիսվել է սեւի ու սպիտակի: Հռոմը ապրում է, Հռոմը չի կործանվել, քանզի այնտեղ, որտեղ բաժանում են, նաեւ տիրում են:

Ամբոխը մոլեգնում է, խելագարվում. ատելության թիրախը լավագույն միջոցն է կուտակված ադրենալինը պարպելու համար: Էներգիան, էյֆորիան, ազարտը համակել է մեծ խաղով, խաղ, որ կոչվում է Հեղափոխություն: Գործն այլեւս կարեւոր չէ. խո՛սքը, խո՛սքը... իսկ որտեղ խոսքը՝ այնտեղ սուտը... Ամենը խաբկանք է, բայցեւ՝ կյանք: Մարդիկ կամովին իրենց ազատությունից զրկվում են՝ սիրով դառնալով կուռքի ստրուկ, որին հիմա զոմբի են ասում: Հավատացյալներն իներցիայի ուժով ի զորու չեն թոթափել ուրիշի ազդեցությունը, դուրս գալ մոգական շրջանից, վերանվաճել սեփական ազատությունը, վերագտնելով իրենք իրենց: Չընդունելով կապիտուլյանտի սխալները՝ նրանք պաշտպանում են սեփական սխալը. աշխարհը թեկուզ փուլ գա՝ իրենք անսասան են, իրենք անդավաճան են իրենց սիրո մեջ, իրենց համար կա մեկ հեղինակություն՝ կապիտուլյանտն է, որ կառավարությունում իրեն զգում է այնպես, ինչպես Կապիտոլիումում... Մտորումներս հեռուն կտանեն, ես ավելի հեռուն գնացի՝ ծննդավայր, թիվ 2 դպրոց, որտեղ կես դար առաջ ուսուցիչ էի:

Արմենն ու Մանվելը պարպվել, հիմա ինձ էին լսում.
- Ալավերդում,- ասի,- ուսուցիչ էի աշխատում: Տասներորդ դասարանում մի աղջիկ կար. պատեհ-անպատեհ ուշաթափվում էր: Դասարանի տղաներն էնքան էին երեսին ջուր շփել, ձեռքերը այտերին, պարանոցին, ծոցում ման ածել, որ գրեթե բոլորը սիրահարվել էին: Մի մաթեմատիկայի դասատու ունեինք, տարիքն առած մարդ էր՝ Գառնիկ Իսոյանը, ասում էր՝ Լեւո՛ն, էդ շան տղու աղջկա վրա ոնց որ հոպոպի փոշի լինի ցանած՝ սաղ սիրահարվում են... Հիմա,- ասի,- ոնց որ մեր կապիտուլյանտի վրա էլ ա հոպոպի փոշի ցանած... Մնում ա իմանանք, թե էդ հոպոպի փոշին ինչ ա...

ՀԳ. Պատմվածքս ավարտել էի: Վերջին բազմակետն էի դնում, երբ հեռախոսի զանգ եկավ: Ընկերս էր՝ Գագիկ Եղյանը: Ասաց՝ վերջին նորությունն իմացե՞լ ես... Անտեղյակ էի: Ասաց՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտարարությամբ է հանդես եկել, որը ստորագրել են տասնյակ գեներալներ: Բանակը պահանջում է կապիտուլյանտի հրաժարականը: Շաբաթն ուրբաթից շուտ էր եկել. 
Հոպոպի փոշին հօդս է ցնդում... 

Լեւոն ՋԱՎԱԽՅԱՆ