Թաթար-մոնղոլական լծից հայ ժողովուրդն «ազատագրվեց» 2018-ին եւ անմիջապես ընկավ թուրք-սելջուկյան լծի տակ

Թաթար-մոնղոլական լծից հայ ժողովուրդն «ազատագրվեց» 2018-ին եւ անմիջապես ընկավ թուրք-սելջուկյան լծի տակ

Վերջապես պարզվեց, որ հայերի առաքելությունը որևէ լծի տակ գտնվելն է: Կանխազգում եմ, որ միայն այս մտքի համար մի 20 կամ 200 Funny, Wow կվաս­տակի սույն հրապարակումը: Հաճելի կլինի, որովհետև այդպիսի արձագանքը կնշա­նակի, որ մարդիկ դեռ ցավի զգացողություն ունեն, հետևաբար՝ կենդանի են ու ապաքինվելու ենթակա: Բայց, միաժամանակ տխուր կլինի, որովհետև մեզանում գնալով շատացել են միաբջիջ կենդանիները:

Ինչևէ; Արդեն մի երկու տարի կլինի, տնտեսագիտությամբ ձեռքի հետ եմ զբաղվում. քայլեր եմ անում քաղաքագիտության բնագավառում: Դժվար է, առանց բազային կրթության, առանց քաղաքական պրակտիկայի հասկանալ, ընկալել, վեր­լուծել, սինթեզել հասարակական - քաղաքական երևույթները:

Այդ պատճառով էլ՝ մեկ-մեկ կամ ավելի հաճախ միամիտ բաներ եմ ասում կամ գրում:
«Սթափ դատելու ժամանակը» հոդվածում («Հրապարակ», 18 Նոյեմբեր 2020) գրել եմ. «Այժմ, այս օրհասական ժամանակահատվածում, գուցե հանրահավաք­ներին զուգա­հեռ կամ առանց դրանց, նպատակահարմար է թվում 3 նախագահների եւ վարչա­պետի, քաղաքական ուժերի 4 ներկայացուցչի՝ 4-5 անկախ փորձագետների մաս­նակցությամբ ձեռնարկել խորհրդակցություններ: Ինչի՞ համար: Նրա համար, որպեսզի պարզ լինի այս 30 տարիների խճապատկերը, փորձ արվի հասկանալ, թե ինչ «դատավճիռ» են ի վերջո կայացրել աշխարհի տիրակալները հայոց պետա­կանության առնչությամբ (Արցախը, ըստ էության, ընդամենը այդ հիմնախնդրի կամ հայկական հարցի մի բաղադրիչն է), արդյոք հնարավո՞ր է գտնել այլընտրանք: Դրա համար ազգային համերաշխությունն ու միասնությունն այլընտրանք չունեն»:

«Սթափ դատելու ժամանակը-2» հոդվածում («Հրապարակ», 8 Դեկտեմբեր 2020) գրել եմ. «Առաջարկում եմ մի կողմ դնել պետության նախկին ու ներկա ղեկավարների միջանձնային տարաձայնություններն այս դժվարին իրավիճակի ֆոնին: Սա է պետական մտածողությունը»:
«Սթափ դատելու ժամանակը սպառվել է, դեռ երեկ» հոդվածում («Հրապա­րակ», 15 Ապրիլ 2021) գրել եմ. «Նիկոլ Փաշինյանն ապրիլի 14-ին ԱԺ ամբիոնից հայ­տարարեց, թե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 2018-ին կայացած փակ հանդիպման ժամա­նակ ասել է. «Հողերն արդեն պետք է տաս: …Եթե դեռ երեկ սթափվեինք ու մեր մեջ հարաբերությունները պարզեինք, գուցե այս ողբալի վիճակում չհայտնվեինք: Շարունակեք այդպես, շարունակեք մեկդ մեկին վերևից նայել, շարունակեք միմյանց ոչնչացնել: Մի խոսքով, մենք ու միայն մենք, այլ ոչ ոք դրսից, գործադրել ենք Հայաստանի ինքնավերացման մեխանիզմը և սթափ դատելն այլևս ակտուալ չէ»:

Այսքանից հետո կրկին չեմ հանդարտվում, հույսս չեմ կորցնում ու գրում եմ «Համազգային համերաշխության հույսով» հոդվածը («Հրապա­րակ», 28 Ապրիլ 2021). «Սա անդրադարձ է մեծարգո առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ապրիլի 26-ի հայտարարությանը, որն արվել է Էդգար Ղազարյանի «Համաձայն Սահմանադրության՝ վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնա­վարման իրավունք չունի» վերնագիրը կրող հոդվածին: Հենց այսպես, առանց տարընթերցման, առանց ծածկագրված ուղերձի, երկրի նախկին ղեկավարները պետք է հանդես գային ներքաղաքական զարգացումների վերաբերյալ՝ պաշտոնա­թողությունից հետո: Հայաստանն այն երկիրը չէ, որ վաստակած հանգստի գնալուց հետո որեւէ բարձրաստիճան պաշտոնյա կարողանա իրեն թույլ տալ «հանգստա­նալու շռայլություն:… Հետեւաբար, հարկ ենք համարում նշել բոլոր քաղաքական առաջնորդների, հանրության մեջ բարձր հեղինակություն եւ վստահություն վայելող ոչ չարամիտ անձանց ջանքերի մեկտեղման անհրաժեշ­տությունը՝ հասարակությու­նում համերաշխության մթնոլորտ ձեւավորելու նպատակով»:

Սասունցու և մշեցու խառնուրդին բնորոշ սարսափելի չորկողությամբ կրկին չեմ հանդարտվում ու գրում եմ «ՀՀ նախկին նախագահներին» հոդվածը («Հրապա­րակ», 19 Մայիս 2021). «Ցանկալի է, որ երեք նախկին նախագահները հանդիպեն միմյանց եւ անկեղծ զրույց ունենան: Զրույցի բովանդակությունը հրապարակայ­նացնել պետք չէ»: 

Եվ, վերջապես գլխի ընկնելով, թե ով ով է, գրեցի «Դա արժանապատիվ չէ, մեծարգո Լևոն Տեր-Պետրոսյան» հոդվածը («Հրապա­րակ», 08 Հունիս 2021), որում գրել եմ. ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Հայ Ազգային կոնգրեսի նախ­ընտրական ծրագրի ներկայացմանն ասաց, թե իր համար ապշեցուցիչ բան էր, որ Քոչարյանն արդեն քանի անգամ է՝ խոսում է արժա­նա­պատիվ խաղաղությունից: ԼՏՊՆ ասում է. «Հիմա խոսում է արժանապատիվ խաղաղության մասին կապի­տուլյացիայից հետո, սա ոչ թե լա­վագույն դեպքում կլինի արժանապատիվ խաղա­ղություն, այլ արժանապատիվ կա­պիտուլյացիա։ Ուրիշ ոչինչ։ Ի՞նչ երկիր են կա­ռուցելու Քոչարյանը կամ Փաշինյանը»։ ԼՏՊ-ի ասածից արդեն ես ապշեցի ու գրեցի.  «Քոչարյանին և Փաշինյանին նույն նժարի վրա դնելն արդեն իսկ «նոնսենս» է, եթե ավելի կոշտ չարտահայտվենք: Ըստ Տեր-Պետրոսյանի՝ Փաշինյան-Քոչարյան տան­դեմն է երկիրը ստորացուցիչ կապիտուլյացիայի տարել ու «հիմա խոսում է արժանապատիվ խաղաղության մասին»: Անհասկանալի է. նա վերջերս գրեթե հայ­հոյում էր Փաշինյանին, իսկ այսօր նրան տեսնում է Քոչարյանի հետ նույն հարթութ­յունում»: «Քոչարյանին և Փաշինյանին նույն նժարի վրա դնելն արդեն իսկ «նոնսենս» է արտահայտության մեջ այդ հոդվածում այլ իմաստ էի դրել. պարզ ասած. ավելի լավ էր Քոչարյանին հայհոյել, քան նրան ու Փաշինյանին դիտարկել նույն հարթության մեջ: Բայց, երբ սկզբում խոսք գնաց քաղաքագիտության մասին, ես նկատի ունեի այն, որ սիստեմատիկ չեմ ուսումնասիրել քաղաքական գործիչների ելույթները, հայտարությունները: Ուղղակի մեկ-մեկ լսել եմ ինչ-որ հայտարա­րութ­յուններ, որոնք զարմանք են առաջացրել, բայց չեմ խորացել:

Ծանոթանալով Համաժողովրդական շարժման առաջին կոնգրեսում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին (27.12.2007), հասկացա, որ նա անկեղծ չէ Փաշինյանի հասցեին հնչեցրած քննադատություններում: Խորամանկ խաղ է, որին չէին հավատում քաղաքագիտության, քաղաքանության մեջ խորացածները: Հասկացա, թե ինչու ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ էլ Սերժ Սարգսյանը չընդունեցին նրա առաջար­կությունը՝ միավորվելու վերաբերյալ: Գուցե Ալիևի կամ Էրդողանի հետ միավորվելն ավել ճիշտ լիներ, քան նրա հետ:

Ուղղակի մի քանի դրույթներ մեջբերեմ նրա ելույթից: Թեպետ դա ելույթ չէր, այլ պետական հեղաշրջման մանրազնին մշակված պլան, որը մեծ ճշգրտությամբ իրագործվեց: Զարմանալ ու հիանալ կարելի է նրա աշակերտ Փաշինյանով, թե նա ինչ բարձր մակարդակով իրագործեց հեղաշրջումը, թե ինչպես մահվան ուղարկեց հազարավոր հայորդիների ու աչք էլ չթարթեց հերիք չի, դեռ վայելում է որոշ մարդկանց (ավելի շուտ՝ կենսազանգվածի) սերն ու հարգանքը: Ցնցող է: Եվ այսպես, մի քանի դրույթ նշված ծրագրային ելույթից.

1. Մեր նախընտրական քարոզչության գլխավոր ուղղությունը լինելու է Հայաստանի ներկա ավազակապետական վարչախմբի լիակատար մերկա­ցումն ու նրա վերարտադրության անթույլատրելիության գիտակ­ցության ար­մա­տավորումը։ Շարժման յուրաքանչյուր անդամ պետք է կարո­ղանա ժո­ղովրդին բացատրել հակակշիռներից զուրկ պետական բուրգի վտանգ­վորությունը, օրենսդիր և դատական իշխանությունների անկախութ­յան կեն­սա­կան անհրաժեշ­տությունը, իրավական պետության, ժողովրդավա­րական ար­ժեքների, մարդու իրավունքների պաշտպանության կարևորութ­յունը, երկրում առկա հոռի երևույթների՝ կաշառակերության, հովանավորչութ­յան, պաշտոնեական չա­րաշահումների, տնտեսական մրցակցության բացա­կա­յության, սոցիալա­կան վիճակի վատթարացման, հանցագործությունների աճի, արտագաղթի շարունակման, մշակույթի անկման, բարքերի արատա­վորման պատճառները։ Պատճառներից հիմնականը Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ստեղ­ծած թաթար-մոնղոլական տիպի պետական համակարգն է, որի գոյության իմաստը իշխանական բուրգի և նրա սպասավորների գեր­հարս­տացման ապահովումն է՝ ի հաշիվ օտար զանգված դիտվող ժո­ղովրդի բարեկեցության և արժանապատիվ կյանքի։ 

2. Քարոզչության ընթացքում ժողովրդի հետ պետք է խոսել պարզ, մատչելի, նրան հասկանալի լեզվով՝ խուսափելով տեսական դատողություններից, մասնագիտական տերմինոլոգիայից և ընդհանրական գնահատականներից։ …Նկատի ունենալով, որ հասարակության համար ամենաանհանդուրժելի երևույթը կոռուպցիան է, ապա դրա դեմ պայքարը պետք է կարևորագույն տեղ զբաղեցնի մեր նախընտրական քարոզչության մեջ։ Մարդկանց ուշադրությունն անհրաժեշտ է սևեռել հատկապես պետական մասշտաբի խարդախությունների և ֆինանսական չարաշահումների վրա, որոնց պատ­ճառած վնասը հասնում է մի քանի միլիարդ դոլարի՝ ամեն տարի գերազան­ցելով պետական բյուջեի հայտարարված եկամուտները։

Ընթերցելիս մի քանի անգամ սրտի ու ճնշումն իջեցնող հաբեր ընդունեցի: Օրը ցերեկով, պետա­կան հեղաշրջում է նախապատրաստում առաջին նախա­գահը: Անդրադառնանք ընդամենը երկու նկատառման:

Նրա ելույթից առանձնացված առաջին նկատառումը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ստեղ­ծած թաթար-մոնղոլական տիպի պետա­կան համակարգին: Փաստորեն, 2018 թվականին թաթար-մոնղոլներին «քշեցին» իշխանա­կան համակարգից: Իսկ ովքե՞ր նրանց փոխարինեցին: Դատելով թուրքերի հետ իշխանությունների «շոկոլադային» հարաբերություններից, առանց վարանելու կարելի է ասել՝ թուրք - սելջուկները: Զարմանալին այն է, թե ԼՏՊ-ն ինչպե՞ս չի խորշել՝ «թաթար-մոնղոլներ» Քոչարյանին և Սարգսյանին՝ միավորվելու առաջարկ անելիս: Բացի դրանից, ասվում է «հակակշիռներից զուրկ պետական բուրգի վտանգ­ավորության» մասին: Պատկերավոր լինելու համար ասենք, որ Քեոփսի բուրգը ողորմելի ու խեղճ է թվում Տեր-Պետրոսյան-Փաշինյան տանդեմի «հակակշիռներից զուրկ պետական բուրգի» համեմատ: Էլ չասենք «սոցիալա­կան վիճակի վատ­թարաց­ման» մասին. Նիկոլի օրոք, մարդիկ, փաստորեն սոցիալական դրախտում են հայտնվել…գուցե միայն իրենց «հպարտ քաղաքացիներ» զգացող կենսա­զանգ­վա՞ծը:
Երկրորդ. «վնասը հասնում է մի քանի միլիարդ դոլարի՝ ամեն տարի գերա­զան­ցելով պետական բյուջեի հայտարարված եկամուտները»: Եթե բյուջեին գերա­զանցող գումարներ են գրպանել նախկինները, այսինքն՝ տարեկան 2-3 մլրդ դոլար, ապա ներկաների ժամանակ պետական բյուջեն պետք է կազմեր 5-6 միլիարդ դոլար: Մնում է եզրա­կացնել, որ երեք տարվա ընթացքում Փաշինյանը յուրացրել է 9- 10 միլիարդ դոլար: 

Հարգելի հայրենակիցներ, անձամբ ես հոգնել եմ, բայց համարձակություն ու վճռականություն չունեմ երկիրը լքելու, բացի դրանից, քանի՞ անգամ կարելի է գաղթել, եթե նկատի առնվի իմ նախնիների գաղթն Արևմտյան Հայաստանից 1914 թվականին, բացի դրանից, թվում էր, թե մեր միջից պետք է դուրս եկած լինի «գաղ­թականի ոգին» (ինչի մասին դառնությամբ ասում է «Սարոյան եղբայրներ»-ի գլխավոր հերոսներից մեկը): Այդուհանդերձ, գաղթելը բնական կթվա, եթե, միայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստանա 60 տոկոսից ավելի քվե, ինչից հետո երկիրն ինքնաբերաբար կվերանա և մեզ այլևս ոչինչ չի մնա՝ ինքնատարհանվելուց բացի:
Ապրի Լևոն պապիկը: Առողջություն նրան, որպեսզի 30 տարի պլանավորածը հասցնի հաջող ավարտի: Թուրքերը կարող են հանգիստ շունչ քաշել: Էդ ցեղասպանությունն էլ իզուր եք արել ու արյունը ձեզ վրա վերցրել: Համբերություն ունենայիք, մինչև 2025-2030 թթ. պատմական Հայաստանից մնացած էս մի ճստիկ կտորն առանց որևէ դժվարության կանցներ ձեզ: Այդպես են կամեցել մեր ներքին թուրքերը:

Հ.Գ. Այս մարդկանց համար Արցախն ընդամենը հող է, այլ ոչ հայրենիք: Ու, ԼՏՊ-ն կոմպետենտ ձևով հայտարարում է, թե Ղարաբաղի հարցով Հայաստանը դաշնակից չի ունեցել: Իսկ ո՞վ դաշնակից կլինի հողեր գրավող, այլ ոչ հայրենիք ազատագրող պետության հետ:

Գագիկ Վարդանյան