Իրեն իշխանություն համարող վարչախումբն ապացուցել է, որ ապաշնորհ է․ Վ․ Ոսկանյան

Իրեն իշխանություն համարող վարչախումբն ապացուցել է, որ ապաշնորհ է․ Վ․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանն անհնարին է համարում, որ Ադրբեջանը կկարողանա վերցնել Ստեփանակերտը, եթե նույնիսկ ունենա թուրքական աջակցությունը։

Ադրբեջանում «Ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտ» անունը կրող կազմակերպության ղեկավար Ահմեդ Շահիդովը մայիսի 2-ին թվիթերյան գրառումներ էր կատարել՝ նշելով, որ «հունիսին Խանկենդին (Ստեփանակերտ) ամբողջովին կլինի ադրբեջանական բանակի վերահսկողության տակ․ կա՛մ խաղաղորեն, կա՛մ ուժով»։

«Թվում է, թե շարքային հայերն ու հայկական սփյուռքը պատշաճ կերպով տեղեկացված չեն 2020-ի նոյեմբերի 10-ի համաձայնագրի պայմանների մասին։ Դրանում հստակ նշված է, որ Խանկենդին և այլ քաղաքներ աստիճանաբար անցնելու են ադրբեջանական բանակի վերահսկողության տակ: Հարցրեք Նիկոլ Փաշինյանին», - գրել էր Շահիդովը։

«Ես կարճ կարձագանքեմ, ինչպես ասում է հայկական ժողովրդական առածը՝ «Հավը երազին կուտ է տեսնում»։ Եվ ադրբեջանական նման ցնդաբանությունները, ըստ էության, չեն կարող իրականացում ստանալ։ Ակնհայտ է, որ Ստեփանակերտը, հիպոթետիկ կերպով, վերցնելու համար Ադրբեջանը պետք է պատերազմի ոչ միայն Հայաստանի և Արցախի դեմ, այլ նաև Ռուսաստանի դեմ։ Ուստի դա անհնարին բան է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ պետությունն ի վիճակի չէ նման գործողություն իրականացնելու, եթե նույնիսկ ունենա թուրքական աջակցություն», -  «Հրապարակին» ասաց «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով խորհրդական, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով ադրբեջանցու հրապարակումներին։

Ըստ Ոսկանյանի՝ կարևոր հանգամանքներ կան, որոնց վրա պետք է ուշադրությունը սևեռել։ «Կարծում եմ, որ նման հայտարարությունները տեղավորվում են ադրբեջանական քարոզչամեքենայի այն չակերտավոր հայեցակարգում, համաձայն որի՝ «ռուս խաղաղապահներն այդ տարածքում գտնվում են առանց որևէ իրավական կարգավիճակի։ Եվ դրա հետևանքով էլ որևէ իրավական իմունիտետից չեն օգտվում»։ Դա պարբերաբար շեշտվում է տարբեր ադրբեջանցի վերլուծաբանների կողմից։ Եվ նույնիսկ ակնարկներ են հնչում ամենաբարձր մակարդակով, Բաքվի բռնապետի շուրթերից», - շարունակեց իրանագետը։ 

Մյուս կարևոր հանգամանքը, նրա խոսքերով, այն է, որ նման հայտարարությունների նպատակը հայաստանյան լսարանն է։ «Փորձ է արվում Հայաստանի ներսում և Արցախում նաև տարածել խուճապային տրամադրություններ և դրանով մեր բնակչության, հասարակության նաև հոգեբանական իմունիտետը թուլացնել։ Եվ, բնականաբար, երրորդ թիրախը Թուրքիան է, բայց, ինչպես ասում են, դա կատարվում է թուրքական շահերին ներդաշնակ։ Որովհետև ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում ապակայունացման հիմնական շահառուն թուրքական կողմն է, որը համարում է, որ այդ վերջին արցախյան պատերազմից հետո չի հասել իր ցանկալի արդյունքներին։ Ուստի սա տեղավորվում է քաղաքական հարձակման տրամաբանության մեջ», - ընդգծեց «Հայրենիքի» հանրային կապերի հարցերով խորհրդականը։

Ըստ Ոսկանյանի՝ սա չի նշանակում, որ պետք է թուլացնել զգոնությունը և չպատրաստվել պատերազմի։ «Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը թուրքական դրդմամբ յուրաքանչյուր պատեհ առիթ օգտագործելու է սադրանքների գնալու համար։ Եվ այս սադրանքը կարող է լինել ոչ միայն քարոզչական տիրույթում, այլև, ինչպես ասում են, դաշտային պայմաններում։ Հետևաբար, հայկական կողմը միանշանակորեն պետք է պատրաստ լինի պատերազմի։ Սրանից հետևում է հարց․ արդյո՞ք մենք ունենք իշխանություն, որը կարող է նման քարոզչական և ոչ քարոզչական հնարավոր մարտահրավերներին արձագանքել։ Բնականաբար` ոչ։ Պատասխանը միանշանակ է, որովհետև Հայաստանում իրեն այսօր իշխանություն համարող վարչախումբն իր ամբողջ չակերտավոր գործունեությամբ ապացուցել է, որ ապաշնորհ է, դիլետանտ է, որ ոչ միայն չի կարող որևէ համարժեք արձագանք տալ մարտահրավերներին, այլ նաև այդ մարտահրավերները կանխել, այդ մարտահրավերներին պատասխաններ հնչեցնել», - եզրափակեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչը։