Ո՞վ կտանի Նիկոլին

Ո՞վ կտանի Նիկոլին

Քաղաքական եւ մերձքաղաքական շրջանակներում ոչ մի կերպ չի դադարում «ո՞վ է բերել Նիկոլին», այսպես կոչված, բանավեճը: Իրականում այստեղ բանավեճ էլ չկա, որովհետեւ բոլորն ասում են՝ մենք չենք բերել: Հիմա ո՞ւմ մեղադրես, ո՞ւմ վրա գրես Նիկոլին: Մարդիկ հրաժարվում են, չեն ուզում, խուսափում են: Եթե այսօր ՔՊ-ին էլ մեղադրեք Նիկոլին բերելու մեջ, կհերքեն, կասեն՝ մենք չենք բերել, ինքն է մեզ բերել: ՔՊ-ն արդեն վեցուկես տարի ասում է՝ ժողովուրդն է բերել: Քանի՜ ընտրություն տեղի ունեցավ: Փաշինյանը հո ամեն անգամ թավշյա հեղափոխություն չարե՞ց, որ մտածեինք՝ էյֆորիա էր, դրա համար ընտրվեց: Հասկացանք՝ կեղծեց, գողացավ, ահաբեկեց… Բայց ինչքա՞ն: Նայում ես ընտրության մասնակցության թվերին՝ լացդ գալիս է… Տներում նստած քննարկում են, թե ով բերեց Նիկոլին: Ասում ես՝ այ ժողովուրդ, ՔՊ-ն պնդում է, որ Նիկոլին դու ես բերել: Վիրավորվում են, փաստերով ապացուցում, որ իրենք ո՛չ հեղափոխությանը, ո՛չ էլ ընտրություններին են մասնակցել: Մի խոսքով՝ մեր ձեռքով անպտուղ վեճ ենք փաթաթում մեր վզին:

Ես առաջարկում եմ կենտրոնանալ Նիկոլին տանելու հարցի վրա: Եթե ինչ-որ մեկը նրան բերել է, ինչ-որ մեկն էլ պետք է տանի, չէ՞, այսինքն՝ հեռացնի: Եվ, ուրեմն, ո՞վ կտանի Նիկոլին: Մենք պետք է շատ աչալուրջ լինենք, որ պահը բաց չթողնենք: Այլապես, երբ Նիկոլն անհետանա նույնքան անսպասելի, ինչպես եկավ, սկսելու ենք քննարկել, թե ով տարավ Նիկոլին, ու մեզ տանջող հարցի պատասխանը չգտնենք:

ՔՊ-ն ասում է՝ Նիկոլին ժողովուրդն է բերել, ժողովուրդն էլ կտանի: Սա, ինչպես ՔՊ-ի մյուս ասածները, շատ ծիծաղելի է: Ծիծաղելի է, որովհետեւ արդեն իսկ փաստ է, որ ժողովուրդը Նիկոլին չի բերել: Ժողովուրդը Նիկո՞լ էր ճանաչում, որ մի հատ էլ բերեր: Շատ հեռու չգնամ՝ 2017 թվին Նիկոլն ո՞վ էր, հը՞: Մի հայացք նետեք ԱԺ այսօրվա ՔՊ խմբակցությանն ու ազնվորեն ասեք՝ ժողովուրդը նրանցից ո՞ւմ էր ճանաչում 17 թվին: Այնպես որ՝ ժողովրդին, խնդրում եմ, հանգիստ թողեք: Եթե ժողովուրդը Նիկոլ բերած լիներ, ապա վաղուց նրան տարած էլ կլիներ: Այնքան էշություն, ինչքան Նիկոլն է արել, այնքան ողբերգություն, ինչքան Նիկոլն է բերել մեր ժողովրդի գլխին, կբավարարեր մի քանի Նիկոլ ռադ անելուն: Կկանգնեին ու կասեին՝ ոչ, էլ չենք ուզում: Էլ չեմ խոսում այն մասին, որ եթե նոր ընտրություններ տեղի ունենան, Նիկոլին բերողը դարձյալ կհաջողացնի Նիկոլին գցել ժողովրդի «ջեբը»: Տեխնոլոգիաների հարց է:

Նիկոլին տանելու, հեռացնելու ցանկություն ունեցողների պակաս քաղաքական դաշտում չկա: Դա վատ չէ, իհարկե: Վատն այն է, որ նրանց մեծ մասն այսօր փնտրում է Նիկոլ բերողին, որպեսզի հենց Նիկոլ բերողը տանի Նիկոլին: Էն ո՞նց են ասում՝ շունը սպանողին են քարշ տալ տալիս… Բայց դա չլինելու բան է: Նիկոլ բերողը, ինչ է, առյուծի սի՞րտ է կերել, որ խոստովանի: Եվ այդպես էլ Նիկոլը դեռ թախտին է, ու հնարավոր է՝ երկար մնա, քանի դեռ նրան հեռացնողները մեկ հայտարարի չեն եկել իրենց բուն խնդրի լուծման հարցում:

Ընդ որում՝ չի կարելի թողնել, որ Նիկոլին օտարները հեռացնեն: Դա ամենավատ բանն է, որ կարող է տեղի ունենալ ընդդիմության կյանքում: Դու անընդհատ խոսում ես, պահանջում, որ իշխանափոխություն տեղի ունենա, հիմնավորում ես, որ դա է երկրի ու ժողովրդի փրկության միակ տարբերակը, ու մեկ էլ օտար քեռիները, ոչ այս, ոչ այն, հավաքում են Նիկոլին ու տանում: Իսկ երբ նրանք այդկերպ մի Նիկոլի տանում են, տեղը մի ուրիշ Նիկոլի են բերում եւ ընդդիմությանը թողնում խաղից դուրս: Մենք սա՞ ենք ուզում: Իհարկե, ոչ: Մեր Նիկոլն է՝ մեր Նիկոլի հարցերը մենք պետք է լուծենք:
Ինչպե՞ս… Տարբերակներ շատ կան: Տառացիորեն երեկ մի դատավարությամբ Նիկոլը ողջ աշխարհին հայտնեց, որ ուզեցել են մտնել կառավարության շենք եւ իրեն դաժանորեն սպանել: Սա էլ է, իհարկե, տարբերակ, բայց մի տեսակ ստերիլ չէ: Մյուս կողմից էլ՝ այս տարբերակը շատ քիչ կողմնակիցներ ունի եւ, անհաջողության դեպքում, կարող է նորանոր ռեպրեսիաների դուռ բացել: Հետեւաբար, քանի դեռ փակված չեն քաղաքական բոլոր ճանապարհները, պետք է ընտրել դրանցից մեկը, թեկուզ ամենադժվարը, եւ գնալ այդ ճանապարհով մինչեւ վերջ: Թողնել բոլոր տարաձայնություններն ու ամբիցիաները, պարզել միակ պաստառը՝ «Նիկոլ, հեռացիր», եւ գնալ առաջ:

Այդ ճանապարհին շատ մարդ կընկնի ոտատակ՝ արեւմտամետ, ռուսամետ, թուրքամետ, ադրբեջանամետ, չինամետ, հնդկամետ… Տրորել է պետք դրանց ու անցնել վրաներով: Դրանք են այսօր Նիկոլի հենարանը: Եվ, պատկերացրեք, ժողովուրդը կգա, եթե լինի մեկ պաստառ ու մինչեւ վերջ գնալու համազգային կամք: Ոստիկանությունը ժողովրդի համար խնդիր չէ: Խնդիրը քաղաքական ուժերի եւ անհատների միասնականության բացակայությունն է, որ ժողովրդին մատնում է անորոշության: Վրաստանում Իվանիշվիլին հաղթեց առաջին հերթին ընդդիմության միասնականությամբ, եւ թող ոչ ոք չասի, որ Սահակաշվիլու ոստիկանությունն անցել էր Իվանիշվիլու կողմը: Նույնը մեզ մոտ կարող է տեղի ունենալ: Ու պատահական չէ, որ Նիկոլն այսօր ամեն ինչ անում է ընդդիմադիր դաշտում միասնականություն թույլ չտալու համար: Նա շատ լավ հասկանում է, որ քաղաքական ուժերի միասնության հետ գալիս է հանրային եւ ապա համազգային միասնությունը, ինչի դեմ ինքն այլեւս ոչինչ անել չի կարող:

ՀԳ. Վրաստանում այսօր ո՞վ է հարցնում, թե ով բերեց Սահակաշվիլուն: Հրեն՝ իր խցում նստած է, որ շատ ուզենան՝ կիմանան, չէ՞: Փոխարենը վրացիները գիտեն, որ իրենք հեռացրին նրան՝ իրենց ընդդիմությամբ, իրենց միասնականությամբ ու տղամարդկությամբ: Մենք ի՞նչ ենք անում… Նիկոլ՝ դավաճան, Նիկոլ՝ կապիտուլյանտ, Նիկոլ՝ հողատու, Նիկոլ՝ ազգակործան պատուհաս… «Ա»-ն ասել՝ «Բ»-ն ամաչում ենք ասել: