Ազգայնական ժողովրդավարություն

Ազգայնական ժողովրդավարություն

Ենթադրենք, թե մարսյան (Մարս մոլորակի) քաղաքակրթության մի շարք ներկայացուցիչների ուղարկում են երկրագունդ՝ ծանոթանալու ճգնաժամային իրավիճակներին: Որպեսզի ուսումնասիրելով դրանց պատճառները՝ փորձեն խուսափել դրանցից իրենց մոլորակում: Ներկայացուցիչներից մեկն առաջադրանք է ստանում հետազոտել հայ-ադրբեջանական հակամարտությանը, մյուսը՝ ռուս-ուկրաինականը: Մյուսները ևս նման առաջադրանքներ են ստանում այլ թեժ կետերի առնչությամբ, բայց դրանք մեզ համար հետաքրքիր չեն: Ընդ որում, յուրաքանչյուրը պետք է ծանոթանա որոշակի պատմական հանգամանքներին: Ինչպես նաև համակարտությունների վերաբերյալ այլ դերակատարների վերաբերմունքին: Որոշ ժամանակ անց մարսեցիները վերադառնում են հարազատ մոլորակ և ներկայացնում են գործուղումների արդյունքները: Եվ այնպես է ստացվում, որ իրական փաստերի ու հանգամանքների վրա հիմնված վերլուծությունն առաջինը ներկայացվում է հայ-ադրբեջանական հակամարտությունը, իսկ այնուհետև՝ ռուս-ուկրաինականը:  

Օբյեկտիվորեն այնպես է ստացվում, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը ներկայացնողը՝ անկախ իր ցանկությունից, ընդունում է հայկական տեսակետը: Ի դեպ, դա այդպես էլ պետք է լիներ, քանի որ այդպես է պահանջում ճշմարտությունը: Եվ այսպես. ասվում է, որ պատմականորեն հայկական մի շարք տարածքներ ժամանակին անարդարացիորեն հանձնվել են մահմեդականներով բնակեցված՝ նոր կազմավորվող պետությանը (Ադրբեջանին): Նպատակն ավելի քան բացահայտ էր՝ արևելյան մահմեդական երկրներին ներկայացնելու թե որքան առաջադիմական է հեղափոխական բոլշևիկների իշխանությունը: Տարածքներից մեկը՝ Նախիջևանը, ժամանակի ընթացքում հայաթափվել էր, մյուսը՝ Արցախը, պահպանել էր իր ազգային դիմագիծը՝ թեև, անկախ իր կամքից, մի քանի անգամ փոքրացած տարածքով: Եվ չէր կորցրել մայր հայրենիքի հետ միանալու ձգտումը, ինչը կյանքի էր կոչվել 20-րդ դարի 90-ականների սկզբներին՝ չորսամյա պատերազմի շնորհիվ: Սակայն քաղաքական անգրագիտության պատճառով չէր օգտագործվել հարմար միջազգային իրադրությունը և միացումն իրավաբանորեն ավարտի չէր հասցվել: Իսկ շուրջ 30 տարի անց էլ հակազգային գաղափարախոսության իրականացման արդյունքում հաղթանակը վերափոխվել էր դաժան պարտության: Բազմահազար զոհերի առկայության պայմաններում ժողովուրդն ընկել էր հետպատերազմական ծանր շոկի մեջ: Ինչը թույլ էր տվել, որպեսզի դավաճանական ծրագիրն իրականացնող իշխանությունը պահպանվեր: 

Ռուս-ուկրաինական հակամարտության առումով ասվում է, որ այն նման է նախորդ ներկայացվածին: Տարբերությունն ուղղակի այն է, որ արդարացի կողմը ոչ թե հակամարտող երկու կողմերից ավելի փոքրն է, այլ մեծը: Մնացած ամեն ինչ համարյա թե կրկնվում է նույնությամբ: Բոլշևիկյան նույն իշխանության կողմից մի քանի դար առաջ ռուսական դարձած տարածքները հերթականորեն նվիրվում են մեկ այլ՝ նոր կազմավորվող պետությանը (Ուկրաինային): Սկզբում տրվում են սևծովյան հյուսիսային ափամերձ տարածքները, իսկ այնուհետև համարյա Հայաստանի Հանրապետության տարածքի չափ կազմող Ղրիմի թերակղզին: Ինչպես նախորդ դարի 90-ականների սկզբներին Արցախն էր հանրաքվեով առանձնացել Ադրբեջանից, այդպես էլ Ղրիմն է 21-դ դարի սկզբներին անջատվում Ուկրաինայից ու միանում Ռուսաստանին: Դրանից 8 տարի անց էլ Ռուսաստանին են միանում սևծովյան հյուսիսային ափամերձ տարածքների մի մասը: Բայց ի տարբերություն Հայաստանի՝ հսկայական ռազմական, ֆինանսական ու մարդասիրական օգնություն ստանալով Արևմուտքից՝ Ուկրաինան դեռևս շարունակում է պատերազմել թե՛ ՌԴ զորքերի և թե՛ ռուսական ազգաբնակչությամբ Դոնբասի ավազանի ռազմական միավորումների դեմ: Իսկ մինչ 2022 թվականի փետրվարն էլ պատերազմում էր հենց Դոնբասի ռուսական ազգաբնակչության դեմ: Բայց քանի որ Միխայիլ Սահակաշվիլուց սկսած Արևմուտքն ընդունեց ազգայնական ժողովրդավարությունը, ապա դժվար չէր ընդունել ուկրաինականը: Բայց թե որքանով է ազգայնականությունը համադրվում ժողովրդավարության հետ՝ դա արևմտյան քաղաքագիտության լուծելիք խնդիրն է: