Ո՞նց կարող եմ ընտրել փոխնախագահի, ով ասում է, որ իր համար ժողովրդավարությունը դատարկ խոսքեր են

Ո՞նց կարող եմ ընտրել փոխնախագահի, ով ասում է, որ իր համար ժողովրդավարությունը դատարկ խոսքեր են

ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում նախօրեին տապալվեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արթուր Ղազինյանի՝ հանձնաժողովի փոխնախագահ ընտրվելը։ Ըստ տեղեկությունների՝ ՔՊ-ական պատգամավորները կատարել են Նիկոլ Փաշինյանի հրահանգը, իսկ վերջինս չի պատրաստվում ներել Ղազինյանին այն բանի համար, որ խորհրդարանում «շշերով պատերազմի» ժամանակ Ղազինյանն անզգուշաբար շիշը նետել էր կառավարության ղեկավարության ուղղությամբ։

Նախ՝ նիստում դատավարություն կազմակերպեցին Ղազինյանի նկատմամբ, ապա տապալեցին քվեարկությունը, ինչը պայմանավորվածությունների խախտում էր, քանի որ, ըստ կանոնակարգ օրենքի, այդ պաշտոնը հասնում է ընդդիմությանը, եւ ենթադրվում է, որ պետք է նա մեխանիկորեն անցներ։ «Հայաստան» դաշինքը կրկին Արթուր Ղազինյանի թեկնածությունն է առաջադրելու այդ պաշտոնում, եւ հնգօրյա ժամկետից հետո վերստին հանձնաժողովը քննարկելու է նույն հարցը՝ օրենքով սահմանված կարգով։ Մենք զրուցեցինք հանձնաժողովի ՔՊ-ական անդամ Քրիստինե Պողոսյանի հետ։

- Պատգամավորները, որոշ տեղեկություններով, քաղաքական հրահանգ են ստացել՝ «մերժել» Ղազինյանին, շշի պատճառով։ Եթե նման հրահանգ չլիներ, նույն ժամանակահատվածում ընդդիմության պատգամավորներից այլ անձինք հանձնաժողովների փոխնախագահներ չէին ընտրվի։ Ի՞նչ կլինի, եթե նորից Ղազինյանի թեկնածությունն առաջադրվի։

- Ես չեմ կարող այլ հանձնաժողովների աշխատանքների հետ կապված որեւէ մեկնաբանություններ տալ, ամեն հանձնաժողով աշխատում է այնպես, ինչպես ճիշտ է գտնում։ Ինչ վերաբերում է մեր հանձնաժողովին եւ կոնկրետ դեպքին, ապա, ինձ ճանաչելով, դժվար է ասել, որ ես կարող եմ որեւէ հանձնարարություն, հրահանգ ստանալ եւ կատարել։ Ես բավականին լուրջ հարցադրումներ եմ արել, որոնց ի պատասխան՝ պարոն Ղազինյանը կրկին կեղծել է իրականությունը։ Ես բառացի մեջբերել եմ իր խոսքերը, թե ինչպես է 1998 թվականից հետո Ղարաբաղը բանակցային սեղանից դուրս թողնելու փաստը համարում դավաճանություն եւ մեղադրում Ռոբերտ Քոչարյանին։ Ես ընդամենը հարցրի՝ կիսո՞ւմ է արդյոք իր քաղաքական ղեկավարն իր տեսակետը, բայց պարոն Ղազինյանն ի պատասխան ասաց, որ շփոթել է տարեթիվը, 98-ի փոխարեն պետք է 97 ասեր, եւ փաստացի ինքը մեղադրել է Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Դրանից բացի, էլի հոդվածներ ունեմ, որոնցում մեղադրում է իր քաղաքական ղեկավարին։ Այսինքն՝ մի մարդ, ով իր քաղաքական ղեկավարին մեղադրում է պետական դավաճանության մեջ, իսկ հիմա արդարանում, թե տարեթիվ է սխալվել, հիմա կարող է նման մարդը համարում է, որ ինքն իրավաբանության գիտությունների դոցենտ է եւ բոլորից խելացի է, կներեք, ես նման մարդու չեմ ցանկանում տեսնել հանձնաժողովի փոխնախագահ, ես անձամբ իմ կարծիքն եմ հայտնել։ Թե հանձնաժողովի մյուս անդամներն ինչու են դեմ քվեարկել, պետք է իրենցից հարցնել։

- Դաշինքը կրկին Ղազինյանի թեկնածությունն է առաջադրելու․ ի՞նչը կարող է իշխանական թիմում իրավիճակ փոխել, որ քվեարկեք Ղազինյանի օգտին, դուք այլ թեկնածուի շո՞ւրջ եք բանակցում։

- Հանձնաժողովում մենք ընդհանրապես չենք քննարկել՝ ընտրում ենք տվյալ թեկնածուի՞ն, թե՞ ոչ։ Ի սկզբանե մենք ազատ ենք թողել ընտրությունը։ Եթե հետագայում իմ գործընկերների դիրքորոշումներում բան փոխվի, ես դրա մասին չեմ կարող ասել, բայց վստահեցնում եմ, որ իմ դիրքորոշումն Արթուր Ղազինյանի նկատմամբ չի փոխվի, ես չեմ պատկերացնում այս հանձնաժողովում նման փոխնախագահի։

- Ինչպիսի՞։

- Ամեն դեպքում, ստախոս չլինի եւ իր խոսքը չփոխի ամեն երկրորդ բառից։ Եթե հետեւեիք հանձնաժողովի նիստին, կտեսնեիք, թե ինչպես է նա մի պահի մի բան ասում, հաջորդ պահին՝ հակասում ինքն իրեն։ Մեկ ասում էր, որ օրենքը գերակա է, հետո ասում էր, թե մարդիկ կարող են հարյուր անգամ էլ ղեկավար ընտրել, բայց դա չի նշանակում, որ նա պետք է ղեկավարի։ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում՝ ես ո՞նց կարող եմ ընտրել փոխնախագահի, ով ասում է, որ իր համար ժողովրդավարությունը դատարկ խոսքեր են։

- Դուք Ղազինյանին ստախոս եք համարում, բայց, որքանով հիշում եմ, նա էլ ձեր իշխանությանը մեղադրեց՝ հատկապես պատերազմի օրերը հիշեցնելով։

- Ես արձագանքեցի, իհարկե, ելույթի կամ հարց տալու իրավունք չունեի։ Ինքն ասում էր՝ մարդիկ կարող են հարյուր անգամ էլ ընտրել մեկին, բայց դա չի նշանակում, որ այդ մարդն է լինելու ղեկավար։ Իրավաբան մարդն ասում է, որ ժողովրդավարությունը զրո արժեք է, եւ մարդկանց ընտրության հետ չպետք է հաշվի նստել։ Ղազինյանը մնացել է այլ արժեքների տակ, ամբողջ հարցն այն է, որ չորս տարի առաջ ինքն այդպես չէր կարծում, ի՞նչ փոխվեց իր կյանքում, որ նման սկզբունքային, արժեհամակարգային փոփոխություններ է կրել։

- Ընդդիմադիր որոշ պատգամավորների նկատմամբ իշխանականներիդ վերաբերմունքից, այդուհանդերձ, ակնհայտ է դառնում, որ որոշ պատգամավորներ թիրախավորված են ձեր կողմից, նրանց թվում է Ղազինյանը, հակառակ դեպքում նրան նման սուր քննադատության չէիք ենթարկի եւ մյուսների պես կընտրեիք այդ պաշտոնում։

- Մեկ ամսվա աշխատանքի ընթացքում տեսե՞լ եք, որ անձամբ ես որեւէ պատգամավորի թիրախավորեմ, ես միայն իմ համար կարող եմ պատասխան տալ։ «Հայաստան» դաշինքի հետ գենետիկ որեւէ ընդհանուր կապ չունեմ, չեմ էլ կարող ունենալ, մեր միջեւ արժեհամակարգային անդունդ է, բայց կան մարդիկ, որոնց հետ ես հանգիստ շփվում եւ զրուցում եմ։ Ես հարգում եմ ժողովրդավարությունը եւ ընդունում, որ 20 տոկոսն այդ մարդկանց է ընտրել եւ գործուղել ԱԺ, ուստի աշխատելու եմ այդ մարդկանց հետ՝ որքան հնարավոր է աշխատել, քանի չեն անցել անձնական սահմանը։