Տիգրան Ավինյան, տարրական թվաբանական գիտելիքներ չունե՞ս
Երեւանի ներքաղաքային ուղեւորափոխադրումների թանկացումների մասին խոսելիս Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ իրական կյանքում մարդիկ կտեսնեն, որ իրենց ընդհանուր բյուջեի վրա շատ էական ազդեցություն չեն ունենա ուղեվարձի գնային փոփոխությունները։ Սա նշանակում է` կամ Տիգրան Ավինյանը չորրորդ դասարանի թվաբանական գիտելիքներ էլ չունի կամ` ստախոս է։ Պարզ թվաբանություն։
Երեւանում ապրող եւ աշխատող քաղաքացին ամսական ամենաքիչը 22 օր տրանսպորտով գնում է աշխատանքի եւ վերադառնում տուն։ Ամսական՝ 22 օր x 2 երթ= 44 երթ։ Ամենապակասը։ Կամ որ նույն է՝ 100 դրամ x 44 երթ = 4400 դրամ ամսական։ Առնվազն։ Հունվարի 1-ից այս նույն քաղաքացին նույն քանակի երթերի դեպքում վճարելու է 8800-9000 դրամ։ Երկու անգամ ավելի։ Վերջ։ Ապացուցվեց։ Եթե Տիգրան Ավինյանը վստահ է, որ քո ամսական ծախսերի միայն մեկ ուղղության կրկնապատկումը շատ էական չէ, ուրեմն նա չորրորդ դասարանի թվաբանությունից էլ ցածր գիտելիքներ ունի կամ ստախոս է։ Եվ սա բացատրում է թավշյաների պահվածքն առհասարակ։
• Աշխարհում կար հայկական երկու պետություն։ Հիմա մեկն է մնացել՝ պակասած տարածքով։ Բայց ՔՊ-ն վստահ է, որ դա շատ էական չէ։
• 2018-ին, երբ թավշյաները եկան իշխանության, Հայաստանի պետական պարտքը մոտ 7 միլիարդ դոլար էր, հիմա՝ ավելի քան 12 միլիարդ դոլար։ Գրեթե կրկնակի ավելացել է: Բայց ՔՊ-ն վստահ է, որ դա շատ էական չէ։
• 2018-ին, երբ թավշյաները տիրացան իշխանությանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարն ուներ մեկ տեղակալ, հիմա՝ հինգ տեղակալ։ Բազմապատկվել է մի շարք պաշտոնյաների թիկնապահների, սպասարկող անձնակազմի, «պադավատների» քանակը, բայց ՔՊ-ն դա համարում է բնական։
• «Հայկական ազգային ավիաուղիներ» ընկերությունը հիմնադրվեց 2021-ին, դադարեց աշխատել 2024-ի սկզբին։ Պետբյուջեից ծախսվեց 5 միլիարդ դրամ։ «Ստիպված եմ խոստովանել, որ ծրագիրը ձախողվել է»,- 2024-ի մարտի 20-ին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Ձախողման համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել եւ, թերեւս, չի էլ կրելու։ Բայց Նիկոլն ու նիկոլականներըվստահ են, որ դա շատ էական չէ։
• «ԱՆԻՖ» հիմնադրամ ստեղծվեց, պետբյուջեից` միլիարդավոր դոլարներ ծախսվեցին, հետո Պետական վերահսկողական ծառայությունը հայտարարեց, որ ուռճացված աշխատավարձեր են տրվել մի հիմնադրամի, որը վատնել է այդ գումարները` ներդրումներ չբերելով Հայաստան, Հիմնադրամը սուսուփուս սնանկ ճանաչեցին, փակեցին, ոչ ոք չպատժվեց վատնված միլիարդների համար: Համարեցին, որ նորմալ է:
• Շարքը կարող եք ինքներդ շարունակել:
Նման ինքնավստահությամբ եւ ցինիզմով պետական միջոցները քամուն տալիս են, որպես կանոն, բարձր լեգիտիմություն ունեցող իշխանությունները, որոնք հայտարարում են, թե` իրենց ժողովուրդը վստահել է եւ ինչ ուզեն` կանեն: Բայց թավշյաները հիմա դրանով էլ չեն կարող քողարկվել։ Օրինակ, Երեւանում 2023 թվականի սեպտեմբերի 17-ին ավագանու ընտրությանը մասնակցեց ընտրողների ընդամենը 28,44 տոկոսը եւ ՔՊ-ն ստացավ մասնակիցների ձայների 32,57 տոկոսը, որը երեւանցիների ընտրողների մոտ 9 տոկոսն է կազմում։ Նման վարկանիշ ունեցող քաղաքական ուժերը կգիտակցեին, որ իրենք աութսայդեր են՝ հասարակության լայն շերտերի վստահությունը չեն վայելում։
Իհարկե, տարօրինակ է, որ աութսայդերը տիրանում է իշխանությանը` երկրի քաղաքացիների քաղաքական պասիվության պատճառով։ Բայց նաեւ այդ պասիվությունն է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանի կամ Տիգրան Ավինյանի նման իշխանավորներն ինչ ուզում անում են եւ իրենց գործած ավերածություններին էլ թեթեւ են վերաբերվում, իսկ գների ու հարկային պարտավորությունների կրկնապատկումն էական չեն համարում։
Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Կարծիքներ