Հոգաբարձուների խորհրդի ձևավորման գործընթացն այս բուհերում տեղի ունենալ չի կարող․ Վահե Հովհաննիսյան

Հոգաբարձուների խորհրդի ձևավորման գործընթացն այս բուհերում տեղի ունենալ չի կարող․ Վահե Հովհաննիսյան

Այսօր առավոտյան Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն տարածել, որ իր դիմումով Սահմանադրական դատատրանը հունիսի 22-ի որոշմամբ կասեցրել է պետական բարձրագույն ուսումնական 3 հաստատությունների հոգաբարձուների խորհուրդների կազմի փոփոխություններին վերաբերող Կառավարության որոշման գործողությունը։

«Կառավարության վիճարկվող որոշմամբ երեք բուհերի՝ Երևանի պետական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդների թվակազմը սահմանվել է օրենքով նախատեսված նվազագույն շեմը՝ 20 անդամ՝ հետևյալ համամասնությամբ՝ հիմնադրի կողմից 55 տոկոս կամ 11 հոգի, պետական կառավարման լիազոր մարմնի կողմից` 10 տոկոս կամ 2 հոգի, բուհի պրոֆեսորադասախոսական կազմից՝ 10 տոկոս  կամ 2 հոգի, ուսանողական համակազմի ներկայացուցիչներից՝ 25 տոկոս  կամ 5 հոգի։ Այս կարգավորումներով ստացվում է, որ նշված երեք բուհերում Հայաստանի Հանրապետության վարչապետի և լիազոր մարմնի կողմից նշանակված անդամները կազմելու են խորհրդի 65 տոկոսը:  Ստացվում է, որ պրոֆեսորադասախոսական կազմից և ուսանողների կողմից ընտրված անդամների ձայները որոշումների կայացման գործընթացում որևէ դերակատարություն չեն ունենալու», - ասվում է Թաթոյանի հայտարարության մեջ:


Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է ԵՊՀ Քաղաքացիական դատավարության ամբիոն ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյան հետ։  


- Պարո՛ն Հովհաննիսյան, Մարդու իրավունքների պաշտպանն այսօր հայտարարություն տարածեց, որ իր դիմումով Սահմանադրական դատարանը հունիսի 22-ի որոշմամբ կասեցրել է պետական բարձրագույն ուսումնական 3 հաստատությունների հոգաբարձուների խորհուրդների կազմի փոփոխություններին վերաբերող Կառավարության որոշման գործողությունը։ Ի՞նչ է սա ենթադրում։

- Սա նշանակում է, որ Հոգաբարձուների խորհրդի ձևավորման գործընթացն այս երեք բուհերում [ԵՊՀ, ՀՊՄՀ, ՇՊՀ] կառավարության որոշման հիման վրա ամեն դեպքում այս փուլում տեղի ունենալ չի կարող, որովհետև կառավորության որոշման այդ գործողությունը կասեցված է։  


- ՍԴ այս որոշումը կարո՞ղ է ի վերջո կասեցնել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի ընդունումը, որով իշխանությունները ցանկանում էին ձևավորել բուհերի Հոգաբարձուների խորհուրդները։

- Օրենքի ընդունումն արդեն իսկ կասեցնելու անհրաժեշտություն չկա, ինչպես Դուք եք ձևակերպում, որովհետև նախագահն օրենքը չի ստորագրել։ Նախագահն էլ իր հերթին է օրենքն ուղարկել [2021-ի ապրիլի 22-ին] իր համապատասխան նորմերի մասով Սահմանադրական դատարան՝ գտնելով, որ կա առերևույթ հակասահմանադրականություն։ Ժամանակագրությունը հետևյալ ձևով է եղել՝ սկզբում ընդունվեց օրենքը [Ազգային ժողովում, 2021-ի մարտի 24-ին] և ուղարկվեց նախագահին։ Նախագահը չստորագրեց, գտավ, որ առկա է առերևույթ հակասահմանադրականություն կամ Սահմանադրությանն անհամապատասխանության հարց, և դիմեց ՍԴ՝ սահմանադրականությունը ստուգելու պահանջով։ Դրանից հետո կառավարությունը, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքով շարժվելով, վերցրեց ու հոգաբարձուների խորհրդի ձևավորման համամասնությունը փոխեց։ Ձեր կողմից վկայակոչված 13/7-ը [կասեցված որոշման համաձայն ընդունված ՀԽ անդամների կազմը] կառավարության որոշման հիման վրա է։ Այդ ժամանակ, երբ կառավարության որոշումը հրապարակվեց, Մարդու իրավունքների պաշտպանն էլ ՍԴ դիմեց կառավարության որոշման սահմանադրականությունը ստուգելու պահանջով։ Ու ի՞նչ եղավ․ Սահմանադրական դատարանը կառավարության որոշման գործողությունը կասեցրեց։ Ոչ թե ճանաչել է հակասահմանադրական, այլ ասում է՝ «Ես կասեցնում եմ գործողությունը, մինչև որոշում կկայացնեմ, որովհետև տեսնում եմ, որ անդառնալի հետևանք կարող է լինել»։ Առերևույթ հակասահմանադրականությունն էլ ՄԻՊ-ը հիմնավորել է։ Հիմա տեսեք՝ ինչ իրավիճակ է ստեղծվել։ Օրենքը վիճարկվում է, կառավարության որոշումը վիճարկվում է, կա գործող օրենք։ Ու պրոբլեմը հետևյալում է՝ մենք իրավական կազուս ունենք։ Որովհետև այս կառավարության որոշման ընդունմամբ՝ նախորդ կառավարության որոշումը, որով ԵՊՀ կանոնադրությունը հաստատվել էր և Հոգաբարձուների խորհրդի 32 հոգանոց համամասնությունն էր ձևավորվել` համամասնորեն 25-ական տոկոս, ուժը կորցրել է։ Ստացվում է, որ նախորդ որոշումն ուժը կորցրել է, նոր որոշման գործողությունն էլ ՍԴ-ն կասեցրել է։


- Իսկ ՍԴ-ի՝ կասեցման որոշումը կարո՞ղ է հետագայում հիմք ընդունվել, որպեսզի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, որը որ նախագահն ուղարկել էր ՍԴ։

- Ոչ, մեկը մյուսի հետ կապ չունի բացարձակ։ Օրենքն ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտ է, քան կառավարության որոշումը։ Սահմանադրական դատարանն այս երկու [հունիսի 22-ին կասեցված որոշման և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի] վարույթները միացրել է իրար, մեկ վարույթի շրջանակներում է քննում։ Հաշվի առնելով, որ նույն հարցն է քննարկվում՝ ուղղակի ՍԴ-ն մի վարույթի շրջանակներում է անդրադառնալու, իմ ունեցած տեղեկություններով։


- Բայց Ձեր համոզմամբ՝ ՍԴ-ն հակասահմանադրական կճանաչի՞ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը։

- Իմ համոզմամբ՝ օրենքը հակասահմանադրական է։ Թե Սահմանադրական դատարանը հակասահմանադրական կճանաչի, թե ոչ, դա ՍԴ-ի խնդիրն է։ Նրա գործունեության տիրույթ պետք չէ մտնել, որպեսզի մեկնաբանություն չտրվի, թե ՍԴ-ի վրա ճնշում է գործադրվում և այլն։ Իմ համոզմունքն այն է, որ կառավարության որոշումը Հոգաբարձուների խորհրդի  ձևավորման համամասնության մասով հակասում է Սահմանադրության 38-րդ հոդվածի [Կրթության իրավունքը] 3-րդ մասին [Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը]։ Հիմա թե Սահմանադրական դատարանը ինչ որոշում կկայացնի, դա կարող են իմանալ միայն մեր ՍԴ դատավորները, ուրիշ ոչ ոք։