Հավաստի աղբյուրիդ ակը ցամաքի, Նիկոլ

Հավաստի աղբյուրիդ ակը ցամաքի, Նիկոլ

Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթը, հղում կատարելով ինչ-որ հավաստի աղբյուրի, բազմաչարչար հայությանը ծանուցել է այն մասին, թե վերջին հաշվով ինչ է ուզում Ադրբեջանը Հայաստանից: Չէ, ավելի ճիշտ՝ Ալիևը Նիկոլից: Իսկ եթե ավելի ճիշտ՝ Ալիևը խեղճ Նիկոլից: Աղբյուրն էլ, մեր կարծիքով, հավաստի է այնքանով, որքանով «Հայկական ժամանակի» բոլոր հրապարակումները:

Եվ այսպես, ի՞նչ է ասել հավաստի աղբյուրը Նիկոլի թերթին: Հավաստի աղբյուրը Նիկոլի թերթին ասել է, որ Ալիևը Նիկոլից պահանջում է հետևյալ բաները.   
«1. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում:
2. ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:
3. Միջանցք Հայաստանի տարածքով:
4. Սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը):
5. Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով»:

Բայց մինչև Ալիևի պահանջներին անդրադառնալը, փորձենք հասկանալ, թե ի՞նչ գործ ունի հավաստի աղբյուրը մի կողմից Նիկոլի ու Ալիևի, իսկ մյուս կողմից Նիկոլի ու Նիկոլի թերթի միջև: Մարդ չի հասկանում արդեն՝ սրանք գի՞ժ են, թե՞ մեզ են գժի տեղ դրել: Մի տարբերակն էլ այն է, որ Նիկոլ փաշինյանը չի կարողանում, կամ ամաչում է այս մասին անձամբ հայտարարել և դիմել է, շատ ներողություն, այսպիսի տրյուկի, թե բա՝ ես չգիտեմ, հավաստըի աղբյուրն է ասել: Լավ է չեն գրել՝ ըստ օդում կախված լուրերի:

Եվ ուրեմն, ըստ «հավաստի աղբյուրի», Ալիևը 5 պահանջ է դրել Փաշինյանի առաջ, մեկը մյուսից վտանգավոր, մեկը մյուսից կապիտուլյացիոն, մեկը մյուսից պատերազմով ավելի հղի: Ալիևի պահանջների բուն ենթատեքստն էլ սա է՝ չտվեցիր՝ կկրակեմ, խաղաղություն չի լինի: Նիկոլ Փաշինյանն էլ, որ սիրում է այստեղ-այնտեղ պարծենալ, թե ինքը տեղյակ է Արցախի հարցով բանակցային ողջ գործընթացին ու ամեն անգամ հայտարարում է, որ նախկիններն են Արցախն ու հողերը հանձնել, այս պատասխանատու պահին կարելի է ասել «մանրից ցվրցում է» և «հավաստի աղբյուրի» բերանով է ներկայացնում իրավիճակը: Մի թաքնվիր Նիկոլ, մենք էլ ենք մի քիչ լրագրող ու այդ «տրյուկներդ» լավ հասկանում ենք: Հետևաբար հարցս ուղղում եմ ոչ թե «հավաստի աղբյուրին», այլ քեզ:

Կարո՞ղ ես, արդյոք, հիշատակել 1994 թվականից այսկողմ որևէ փաստաթուղթ, որով Ադրբեջանը նման պահանջներ ներկայացրած լինի Հայաստանին կամ Հայաստանի Հանրապետության նախագահներից որևէ մեկին: Վստահ եմ՝ նման փաստաթուղթ չկա, հետևաբար սա այն է, ինչ ներկայացրել են քեզ՝ քո վարած անխոհեմ քաղաքականության, քո կետից սկսած բանակցությունների և 44-օրյա պատերազմում կրած խայտառակ պարտության արդյունքում: Ասել է՝ դու ամենաքիչը թիվ 1 պատասխանատուն ես Ադրբեջանում այսպիսի պահանջներ ձևավորելու հարցում և, իհարկե, 44-օրյա պատերազմի բուն մեղավորը՝ Ստեփանակերտում քո հիմար բղավոցներով: Կներես, Նիկոլ, բայց քո «հավաստի աղբյուրն» ինձ թույլ չի տալիս այլ հետևություններ անելու:

Կարո՞ղ ենք, արդյոք, Ադրբեջանի այս պահանջները համարել այն ցավոտ փաստաթուղթը, որ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել: Հ1-ին տված հարցազրույցում նա, դեմքին միամիտ ապուշի արտահայտություն տված, ասաց, որ այդպիսի փաստաթուղթ չկա: Ընթերցելով «հավաստի աղբյուրի» հայտնած տեղեկությունը սակայն՝ տեսնում ենք, որ ոչ միայն կա այդ ցավոտ փաստաթուղթը, այլև հայկական կողմը կատարել ու շարունակում է կատարել այդ փաստաթղթով ստանձնած որոշ «պարտավորություններ»: Օրինակ, Արցախի պաշտպանության բանակի լուծարում, ինչու ոչ, նաև Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի քայքայում: Մյուսը՝ Արցախը Ադրբեջանի կազմում թողնելը, առանց որևէ կարգավիճակի: Այս մասին Փաշինյանը երևի մի 20 անգամ է խոսել՝ նշելով, որ Ադրբեջանից դուրս Արցախն անպատկերացնելի է: Եվ վերջապես՝ սահմանագծում-սահմանազատումը մուսավաթականների քարտեզներով գծելը, ինչը, հաշվի առնելով աշխարհագրությունից ու պատմությունից Փաշինյանի գիտելիքները, կարելի է ասել արդեն նոր ու հետաքրքիր մարտահրավեր է:

Կրկին դիմում եմ քեզ, Նիկոլ, փասափուսեդ հավաքիր ու հայ դե՝ գնա ուր կուզենաս: Քո փոխարեն ով էլ գա, «հավաստի աղբյուրիդ» այս տեղեկությունը «ասնավանի» չի լինելու Ադրբեջանի հետ նորմալ բանակցություններ վարելու համար: Սրանք պարտվածին ներկայացված պահանջներ են, որոնք ի կատար ածել կարող է միայն պարտվածը՝ իր հետ կործանելով ամեն ինչ: Գնա: