«Հրապարակ»․ Վաղարշապատի համայնքապետերը «շուստրիություն» անելու հարցում անգերազանցելի են

«Հրապարակ»․ Վաղարշապատի համայնքապետերը «շուստրիություն» անելու հարցում անգերազանցելի են

Վաղարշապատի համայնքապետարանը ֆեյսբուքյան իր էջում օրեր առաջ լուսանկարներ էր հրապարակել «Տերյան փողոցի այգին կահավորվում է նոր նստարաններով» գրառմամբ։ Առաջին հայացքից ծափահարությունների արժանի ներդրում է․լավ ես զգում, երբ համայնքի ղեկավարությունը սեփական կոմֆորտից բացի մտածում է նաև քաղաքացու հանգստի ու ժամանցի մասին։ Բայց պատկերը փոխվում է, երբ բարենորոգվող այգին փնտրելիս գնում-հասնում ես համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսրոջը պատկանող բիզնես տարածքին, որտեղ համայնքապետի ամուսնու մայրը մի քանի տասնյակ առանձնատներ է կառուցում։

Հիշեցնենք, որ Գասպարյանի սկեսուրին պատկանող ընկերությունը, չունենալով համապատասխան թույլտվություն, ապօրինի շինարարութուն էր սկսել, ինչին անդրադարձել էր մամուլը և ինչի հիման վրա քրեական վարույթ էր նախաձեռնվել։ Բայց քանի որ գործ ունենք ոչ թե շարքային քաղաքացու հետ, որին, ապօրինության դեպքում «կաշին տիկ կհանեին», համայնքապետի պարագայում դա ավարտվել է ընդամենը 300 հազար դրամ տուգանքով ու վարույթի կարճմամբ։

Դիանա Գասպարյանն արդեն հանգիստ շունչ է քաշում, և որպեսզի լռեցնի իր ապօրինությունների մասին չդադարող խոսակցությունները, քաղաքի աչքն է մտցնում նոր նստարանները՝ Տերյան փողոցի վրա գտնվող այգում։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ հենց այն այգում, որի անմիջական հարևանությամբ օր-օրի ծաղկում-բարգավաճում է իրենց ընտանեկան բիզնեսը։ Չէ՞ որ քաղաքում շատ ավելի վատ վիճակում գտնվող այգիներ ու թաղամասեր կան, որոնք  հոգատար ձեռքի կարիք ունեն։ Նույնիսկ մշակույթի պալատի հանրևանությանբ գտնվող պուրակն է անմխիթար վիճակում։ Էլ չենք խոսում ծայրամասային թաղամասերի մասին, որոնք, ինչպես անտեսված եղել են, այդպես էլ մնում են։

Դիանա Գասպարյանը, ըստ ամենայնի, հնարամիտ քայլ է արել` որպեսզի ընտանեկան բիզնես- ծրագիրը լիարժեք լինի, նստարաններ է տեղադրել «գարադոկ» դառնալու հավակնություն ունեցող իրենց տարածքում։ Այսինքն, համայնքի միջոցներով բարեկարգ միջավայր է ստեղծում սկեսրոջ ընկերությանը պատկանող առանձնատների շուրջը։ Ինչպես ասում են՝ երկուսը մեկում․չէ՞որ տարածքը բարեկարգելու, կահավորելու համար հետո հավելյան գումար չեն ծախսի, ձեռքի հետ էլ՝ քաղաքացուն կհամոզեն, թե՝ քո մասին ենք մտածել, նստելու և ճեմելու հնարավորություն ենք ստեղծել։

Ի դեպ, Դիանա Գասպարյանն առաջին ղեկավարը չէ, որ «վերմակն իր վրա է քաշում»։ Էջմիածնում վատ ավանդույթի սկզբնահայրը նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանն էր՝ գեներալ Մանվել Գրիգորյանի որդին։ Նա էլ պետական միջոցներով լողավազանով ու ֆուտբոլի դաշտով մարզադպրոց էր կառուցել` իր առանձնատան հարևանությամբ։ Զարմանալի զուգադիպությամբ երկու ղեկավարներն էլ իրենց կյանքը դասավորելու և բիզնեսը զարգացնելու նույն՝ Տերյան հասցեն են ընտրել։ Կարեն Գրիգորյանը ցանկացել էր տանը կից օլիմպիական չափանիշներով լողավազան ու մարզադաշտ ունենալ, Դիանա Գրիգորյանը՝ ճեմուղիներով ու նստարաններով կանաչ միջավայր։ Բայց այս «շուստրիությունից» պարզ կոռուպցիոն հոտ է փչում։

Արեգ Մարգարյան