ՃՈ-ում կոռուպցիա չկա, բայց շանտղություն անողներ կարող են լինել

ՃՈ-ում կոռուպցիա չկա, բայց շանտղություն անողներ կարող են լինել

Նիկոլ Փաշինյանն իր պոպուլիստական հայտարարություններով կրակն է գցել ոստիկանությանը, այդ թվում հատկապես՝ Ճանապարհային ոստիկանությանը։ Խոսքը, մասնավորապես, նրա՝ պատգամավոր ու հեղափոխական եղած ժամանակ արագաչափերի վերաբերյալ արած հայտարարությունների մասին է, երբ պնդում էր, թե դրանք պատկանում են Սաշիկ Սարգսյանին, իսկ հեղափոխության օրերին էլ ինքն ու Արարատ Միրզոյանն «անտիՍաշիկ» ակցիա էին իրականացնում՝ կպչուն ժապավենով փակում էին արագաչափերը՝ հընթացս բարեւներ ուղարկելով «Արութին Զիմզիմով-Սաշիկին»։ Հիմա ՃՈ-ն չի կարողանում գնահատական տալ՝ նա ճի՞շտ է վարվել, թե՞ սխալ։ ՃՈ պետ Եգոր Կարապետյանին մի քանի հարց տվեցինք։ 

- Խնդրում եմ գնահատական տաք, թե ինչ է փոխվել հեղափոխությունից հետո ՃՈ-ում։

- Հեղափոխությունից հետո Ճանապարհային ոստիկանությունը որդեգրեց այլ քաղաքականություն, վարչապետն ասաց, որ տուգանման առարկա չեն մեր քաղաքացիները, մենք սկսեցինք նախազգուշացումներ անել, դիտողություններ, որպեսզի էդ խախտումը չանեն։ Այսինքն՝ ոչ բոլոր խախտումների վրա վարչական պատասխանատվություն կիրառել։ Սակայն մեր քաղաքացիների որոշ մասը դրանք հասկացավ որպես թուլություն Ճանապարհային ոստիկանության կողմից։ Այժմ մենք շաբաթական 3-4 օր ուժեղացված ծառայություններ ենք իրականացնում եւ կոնկրետ ամեն օր՝ մի ուղղվածությամբ, խոսքը կլինի ոգելից խմիչք օգտագործած վարորդների նկատմամբ, հասարակական տրանսպորտի վարորդների նկատմամբ, դիմապակու մգեցվածության մասով եւ այլն։ Մեր ինքնակրթման վրա ենք մենք աշխատում։ Այսինքն, ես երբ որ նշանակվել եմ ՃՈ պետ՝ 2016 թվականին, հիմնականում Ճանապարհային ոստիկանություն են ընդունվել հայտարարություններով։ Եվ երբ որ քննադատում են, թե ՃՈ-ն չի աշխատում, ապա ասեմ՝ 2018 թվականին միայն 72 հազար 400 տրանսպորտային միջոց է մտել Հայաստան, այս տարի՝ մինչեւ ապրիլի 8-ը՝ 25 հազար տրանսպորտային միջոց․․․

- Նախ՝ այդ մեքենաների մի զգալի մասը մտնում ու դուրս է գնում՝ Հայաստանից տանում են այլ երկրներ, մյուս կողմից, ես հիշում եմ՝ ամեն տարի ՃՈ-ն ասում է, որ այս տարի մեծ քանակի մեքենա է ներկրվել Հայաստան։ Կարող է անվերջ աճել մեքենաների թիվը, ի՞նչ եք անելու։

- Ուրեմն միայն եւ միայն շեշտը դնել, որ ՃՈ լավ կամ վատ աշխատանքի պատճառով պետք է երթեւեկությունը կարգավորվի, ես համաձայն չեմ, որովհետեւ դրա հետ կապված՝ պետք է մեծ աշխատանք տանեն տեղական ինքնակառավարման մարմինները, այդ թվում՝ քաղաքապետարանները, տրանսպորտի նախարարությունը։ Այսինքն՝ իրենք պետք է կարողանան ճանապարհները կարգի բերեն, ճանապարհային նշանները, գծանշումները։ Չի կարող կյանքը զարգանալ, տրանսպորտային միջոցների քանակն ավելանալ, եւ մտածել, որ երթեւեկությունն անընդհատ հոսք չի ապահովում: 

- Մենք հիմա կարո՞ղ ենք ասել, որ կոռուպցիան Ճանապարհային ոստիկանությունում վերացել է։ Մի կողմից ասում են, որ վերացել է, դրա պատճառով շատ ՃՈ աշխատակիցներ դուրս են գալիս աշխատանքից, քանզի զուտ աշխատավարձը չի բավարարում, մյուս կողմից էլ ասում են՝ դեռ վերցնում են կաշառք։

- Ես կխնդրեմ մեր համաքաղաքացիներին, որ եթե կլինեն նման դեպքեր, անպայման արձագանքեն։ Ամեն օր ժամը 8։30-19։30-ը գտնվում ենք աշխատավայրում, իսկ ես ավելի երկար եմ մնում՝ ինքնըստինքյան, ու պատրաստ եմ ցանկացած քաղաքացու դիմում եւ հայտարարություն կյանքի կոչելու։ Ես ավելի քան վստահեցնում եմ, որ նման բան ներկա պահին չկա։ 

- Այսինքն՝ կոռուպցիա չկա՞ հիմա ՃՈ-ում։

- Այո։ Ես ասում եմ, որ չկա, բայց եթե կլինեն դեպքեր, ես չեմ ուզում բացառել, որ մեկը կարող է ինչ-որ մի շանտղություն անի։ Խնդրում եմ քաղաքացիներին, որ անպայման դրա հետ կապված արձագանքեն։

- Դուք թեեւ հաճախակի օպերացիաներ եք իրականացնում մուգ ապակիների եւ այլ խախտումների ուղղությամբ, բայց քաղաքում շարունակում են մուգ ապակիներով երթեւեկել, այդ թվում՝ հատկապես ծառայողական մեքենաները։ 

- Այո, ճիշտ եք նկատել, մենք օրական 50-60 մեքենա ենք կանգնեցնում, բայց եթե վարորդը պոկում է, դու պարտավոր ես 24 ժամվա մեջ բեկանելու, բեկանում ես, ինքը հաջորդ րոպեին գնում, նորից էդ «պլյոնկան» կպցնում է։ Այժմ ներկայացված է փոփոխությունների նախագիծը, որ երկրորդ անգամ պոկելու դեպքում այլեւս չի բեկանվում, արդեն պիտի 30 հազար դրամ վարչական արձանագրությունը տանի մուծի։

- Գանք արագաչափերին, որոնց թեման շատ է քննարկվում։  Ի վերջո, դրանք պե՞տք է մնան, թե՞ պետք է հանվեն, օգտակա՞ր են, թե՞ ոչ։

- Ես կարծում եմ, որ արագաչափերն օգտակար են։

- Բայց վարչապետն այդպես չէր կարծում․ երբ դեռ վարչապետ չէր եւ հեղափոխություն էր անում, ժապավենով փակում էր արագաչափերը։

- Ես դժվարանում եմ էդ հարցին պատասխանել։ Վարչապետի հանձնարարությամբ, 8 ճանապարհային խախտումներ կան, որոնք որ նվազ նշանակության խախտումներ են, արդեն երեւի մայիս կամ հունիս ամսից մենք այդ խախտումները չենք ֆիքսում։ 

- Լավ, հիմա ես՝ որպես քաղաքացի, եթե գնամ եւ ժապավենով փակեմ արագաչափերը, ինչպես անում էր Նիկոլ Փաշինյանը մեկ տարի առաջ, դրա համար ինձ վարչական պատասխանատվություն կհասնի՞, թե՞ ոչ։

- Մենք երբ որ նմանատիպ դեպքեր ունեցել ենք, համապատասխան նյութեր ենք պատրաստել եւ ուղարկել ենք տարածքային ոստիկանության վարչություններ։

- Այդ դեպքում կա՞ն նյութեր՝ նախապատրաստված Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի արարքների մասով, երբ նրանք փակում էին արագաչափերը։

- Չեմ կարող ասել։ Դուք էնպիսի բաներ ենք հարցնում, որոնք ուղղակի չեմ կարող հիշել։

- Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը բարդ դրության մեջ է դրել Ճանապարհային ոստիկանությանը, ու չգիտեք ինչ պատասխանել այս հարցին։

- Ես՝ ինքս էլ չեմ կարող հիշել, թե որ դեպքում ինչ նյութեր են նախապատրաստվել։

- Տեսանյութեր կան, թե ինչպես է Փաշինյանը փակում արագաչափն ու բարեւներ ուղարկում «Զիմզիմովին»։ Ուզում եմ հասկանալ՝ դա օրինակա՞ն էր, թե՞ օրինական չէր, եւ ես կարո՞ղ եմ նման բան անել։

- Ես իրավասու չեմ էդ հարցին պատասխանել, Վահե ջան։

- Բայց ես ուզում եմ գնալ, օրինակ, արագաչափ փակել, ինչպե՞ս իմանամ՝ դա օրենքի խախտո՞ւմ է, ինձ դրա համար կկախե՞ն, կդատե՞ն, ի՞նչ կանեն։ Այս հարցի պատասխանն եմ ուզում ստանալ։

- Էդ հարցի պատասխանը ես չեմ կարող տալ։