Ինչու են Հայաստանում ուրախացել Նազարբաեւի հրաժարականից․ արձագանք Բաքվից

Ինչու են Հայաստանում ուրախացել Նազարբաեւի հրաժարականից․ արձագանք Բաքվից

Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ասուլիսում անդրադարձել է նաեւ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցին։ Նա հայտարարել է, որ նոր գլխավոր քարտուղարը չի կարող ընտրվել առանց Հայաստանի համաձայնության։ Փաշինյանը ասել էր, որ հակառակ պարագայում դա կնշանակեր, որ կառույցն այլեւս գոյություն չունի։ Այս հայտարարությանը հետեւեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հրաժարականը։ Ու թեեւ պաշտոնական մակարդակում, որեւէ մեկնաբանություն չի հնչել, սակայն հայկական մեդիա եւ փորձագիտական շրջանակներում չգիտես ինչու սկսել են տոնախմբել Նազարբաեւի հրաժարականը, ով ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ հիմնական ֆիգուրներից էր հանդիսանում։ Ադրբեջանական Day.az-ն ուսումնասիրել է անցնող երկու օրերին հայկական համացանցային եւ մեդիա սեգմենտում հնչած կարծիքները եւ ի մի բերելով արձանագրել, որ Երեւանում, օրինակ Նազարբաեւի հրաժաևականը համարում են նոր հնարավորությունների մեկնարկի հեռանկար ինչպես երկու ինտեգրացիոն կառույցներում սեփական դիրքերն ամրացնելու, այնպես էլ Աստանայի հետ հարաբերությունները բարելավելու ուղղություններով։ Բաքվի ուշադրությունից չի վրիպել այն, որ Հայաստանում Նազարբաեւին համարում են Ադրբեջանի սերտ դաշնակիցներից մեկը, ով Հայաստանի դաշնակիցը լինելով հանդերձ ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում պահում էր սերտ հարաբերություններ նաեւ Ադրբեջանի հետ, առաջացնելով Երեւանի դժգոհությունը։ Երեւանում նաեւ կարծում են, որ Նազարբաեւի հեռացումը որոշակիորեն թուլացնում է նաեւ Մինսկի դիրքերը, քանի որ Նազարբաեւն ու Լուկաշենկոն բալանսավորում էին Մոսկվայում երկու ինտեգրացիոն կառույցներում էլ, մշտապես միասնական տանդեմով հանդես գալով։ Երեւանում անցնող երկու օրերին հասցրել են խոսել նաեւ ներղազախստանյան խնդիրներից փորձելով դրանք տեսնել Երեւանի շահերին ծառայեցնելու լույսի տակ։ Բոլոր կարծիքներն ի մի բերելով, Day.az-ի հոդվածագիրը զարմանք է հայտնել, թե անհասկանալի է, թե ինչու են ուրախացել Երեւանում Նազարբաեւի հրաժարականով կամ որ նույնն է իշխանության տրանզիտով։ Հիշեցնենք, որ Ղազախստանում քաղաքագետները Նազարբաեւի հեռացումը համարում են քաղաքական տրանզիտ, որտեղ հաջորդ լիդերը լինելու է «Նազարբաեւի դրածոն»։