Միջակությունը եկավ և տիրեց ամբողջ քաղաքաշինական տարածքը

Միջակությունը եկավ և տիրեց ամբողջ քաղաքաշինական տարածքը
Կարեն Բալյան

Հարցազրույց ճարտարապետ Կարեն Բալյանի հետ

- Պարոն Բալյան, կառավարության նախատեսված փոփոխությունների համաձայն, 17 նախարարություններից պետք է մնա 12-ը, ըստ այդմ՝ մշակույթի նախարարությունը պետք է միանա կրթության, գիտության եւ սպորտի նախարարություններին։ Քննարկվում է նաեւ, որ հուշարձանների մասը կցվելու է քաղշինին։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին եւ վտանգներ տեսնո՞ւմ եք այս փոփոխությունների տակ։

- Վտանգ տեսնում եմ այն իմաստով, որ, իրոք, շահերի բախում կա, հենց թեկուզ Արամի 23-ի պարագայում․ տվյալ դեպքում տեսնում ենք, որ հուշարձանը եւ շինարարը մեկը մյուսին հակասում են, նրանց շահերն ու նպատակները տարբեր են։ Հուշարձանների բաժինը տեղափոխելը քաղաքաշինության ոլորտ՝ կրկնողությունն է այն հին խորհրդային սխեմայի, որը գոյություն ուներ մինչեւ 70-ականների վերջը։ Այն ժամանակ դա կոչվում էր պետշին, որը զբաղվում էր շինարարությամբ եւ ճարտարապետությամբ, եւ ինչ-որ ժամանակաշրջանում այդ գերատեսչությունը, բարեբախտաբար, գլխավորում էր ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանը, որը փայլուն անձնավորություն էր եւ բարձր կարգի ճարտարապետ։ Այդ շրջանում «հուշարձան» հասկացողությունը շատ սահմանափակ էր, եւ հուշարձանի անվան տակ հասկանում էին հիմնականում եկեղեցիներ։

70-ական թվերին արդեն պարզ դարձավ, որ «հուշարձան» հասկացողությունը միայն եկեղեցին կամ պալատական կառույցը չէ, այլ նաեւ իր մեջ հոգեւոր արժեքներ ունի, որը նաեւ հիշողության խնդիր ունի։ Այսինքն՝ «հուշարձան» հասկացողության սահմանները խիստ ընդլայնվեցին, եւ այդ տարիներին Հայաստանում եւ Վրաստանում ստեղծվեցին առանձին վարչություններ, այդ բաժինը դուրս բերվեց պետշինից եւ դարձավ կառավարությանը կից առանձին վարչություն, եւ դա ամենաբեղուն շրջանն էր, ահռելի քանակի հուշարձաններ վերականգնվեցին, մասնագիտական ցանց ստեղծվեց, նաեւ լայնացան պատկերացումները։ Հիմա եթե մենք նորից գնում ենք դեպի պետշին, ինձ թվում է՝ կարող ենք 2 քայլ հետ չգնալ, այլ ընդամենը մի քայլ հետ անել եւ ստեղծել այդ վարչությունը։ Մյուս երկրներում դա մշակույթի նախարարության մեջ է մտնում։ Խնդիրն այն է, որ մշակույթի նախարարությունը եւս այսքան տարվա մեջ չի կարողացել պաշտպանել հուշարձանները, հուսալ, որ դա կպաշտպանի քաղշինը, ավելի քիչ իրատեսական է, որովհետեւ շահերի բախում կա։

- Արամի 23-ի օրինակն այս դեպքում ուշագրավ է, հասարակությունը, Երեւանի գլխավոր ճարտարապետը, վարչապետը, գրեթե բոլորը դեմ էին հուշարձանի տեղափոխմանը, քանդմանը, բայց արի ու տես, որ, այդքանով հանդերձ, քայլ չարվեց հուշարձանն ամրակայելու ուղղությամբ, եւ վնասված պատը քանդվեց։ Ինչո՞ւ այդպես ստացվեց, նոր իշխանություննե՞րն էլ հին գործելակերպով են աշխատում։

- Պետք է ասել, որ նախագիծը ստեղծվել է հին մտածելակերպի սահմաններում։ Եթե կանգուն հուշարձանը, ըստ նախագծի, պետք է ապամոնտաժվեր եւ տեղափոխվեր, ստացվում է, որ այս նախագիծը հուշարձանների պահպանման նախագիծ չէ՞։ Եթե հուշարձանն իր տեղում է, եւ մենք այն պետք է քանդենք ու տեղափոխենք մի այլ տեղ, սա, կարծում եմ, այդ նախագծի թերությունն է։ Բնականաբար, ամբողջ տրամաբանությամբ այն պետք է պահպանվեր իր տեղում, մյուսները, որոնք արդեն չեն պահպանվել, բերվում եւ տեղավորվում են նույն տեղում։ Երբ վարչապետն ու մյուսներն այցելեցին Արամի 23, նրանց էլ պարզ էր, որ սա պետք է մնա։ Եթե շինությունը գոյություն ունի, մենք այն պետք է պահպանենք։ «Հին Երեւան» նախագծի դեպքում մեր ամբողջ մենթալիտետը շուռ տված իրավիճակ է առաջ բերում, մեր պատմական հիշողությունը շատ ամուր է եւ խորը, դա մեզ համար չափազանց կարեւոր է, մեր ամբողջ գիտակցությունը կառուցված է այդ պահպանման գաղափարի վրա։ Հիմա «Հին Երեւան» նախագիծը միանգամայն շուռ է տալիս դա եւ նորից ստեղծում է հինը։ Մենք տեսնում ենք, որ, իրոք, այն, ինչ հին է, այդ նախագիծը հերքում է եւ, փաստորեն, հնի վարկած է ստեղծում, որովհետեւ իրական հինն ունենք, եւ դա է մեզ համար եղել արժեքավորը։ Սա միանգամայն իմիտացիա է, որը ելնում է ներդրողի նյութական շահից։ Այս ճանապարհը անհապաղ կբերի իսկական արժեքների կորստի։

- Քաղաքի նոր գլխավոր ճարտարապետը որոշել է Օպերայի տարածքն ազատել սրճարաններից, ի՞նչ եք կարծում՝ կհաջողի՞։

- Հրաշալի կլինի, եթե դա ստացվի։ Մենք ունենք հանրային տարածքների համատարած ոչնչացում։ Շատ տեղերում մայթ գրեթե չկա, եւ ստիպված ես քայլել մեքենաներին զուգահեռ, որն աննորմալ ու վտանգավոր բան է։

Եվ, փաստորեն, «Հին Երեւանը» նույնպես հանրային տարածքների զբաղեցում է, որովհետեւ գլխավոր պողոտան քաղաքաշինական գլխավոր տարածքներից մեկն է։ Քաղաքը չի կարող բաղկացած լինել միայն շենքերից, քաղաքը պետք է ունենա նաեւ ազատ տարածություններ, եւ դրանով է այն քաղաք դառնում։ Հիմնական քաղաքաշինական սխալը ժամանակին եղավ պատկերասրահի շենքի կառուցումը, բայցեւայնպես, դա լոկալ էր մնում, մինչեւ չսկսվեց այս համատարած կառուցապատումը՝ 3-րդ հանրապետության ընթացքում։ Արդեն անխուսափելի է, որ գլխավոր պողոտայի ամբողջ տարածքը կլցվի շենքերով, բայց նույն խնդիրը մենք ունենք նաեւ Օղակաձեւ զբոսայգու դեպքում, Օպերայի այդ փոքրածավալ սրճարանները մի օր կվերանան, դրանք այնքան էլ հիմնովին կառույցներ չեն, հրաշալի կլինի, եթե դա հիմա լինի։ Գերակա շահը վերածվեց նրան, որ այսօր փողոց, մայթ չունենք, հիմա այդ նույն գերակա շահը եկեք օգտագործենք, որ նորից հանրային տարածքներ ստեղծենք, կենդանացնենք Օղակաձեւ զբոսայգին։

Մեր ճարտարապետությունն ապրում է անասելի անկում, չի կարողանում ինքն իրեն ղեկավարել, սանձել։ Վերջին քառորդ դարում մենք կորցրել ենք ճարտարապետության հիմնական հատկանիշները՝ այն ռացիոնալ չէ, տրամաբանական չէ, կրեատիվ չէ, մենք չենք փնտրում մի հետաքրքրիր լուծում, այլ վերցնում, մի բանը քանդում, տեղը ուրիշն ենք սարքում։ Եվ ամենաանընդունելին այն է, որ այդ ամենն արվում է հինը աղավաղելով։ Եվ մենք, ունենալով կրեատիվ ճարտարապետական դպրոց, կորցրինք այն, որովհետեւ միջակությունը եկավ եւ տիրեց ամբողջ քաղաքաշինական տարածքը, եւ մեկը մյուսին հետեւեցին քաղաքաշինական սխալները՝ անհաջող, թույլիկ լուծումներով կառույցները։

Ճարտարապետական այդ անկման արդյունքում ստեղծվել է մի միջավայր, որը դառնում է կամաց-կամաց սովորական բոլորի համար, ճարտարապետների հիմնական զանգվածը շարունակում է այն, ինչ կա։ Մեր ճարտարապետությունը 25 տարվա ընթացքում հիմնականում զարգացել է միջակության հասկացողությամբ, եւ մենք, ցավոք, զուրկ ենք եղել հզոր մի լիդերից, որը շատ կարեւոր է։ Ինքը՝ մասնագիտությունը, հնարավորություն ուներ ինքնամաքրվել, բայց գնաց հակառակը՝ ինքնասահմանափակման ճանապարհով։ Վերացրեց Ճարտարապետների միությունը՝ դարձնելով դա Ճարտարապետների պալատ։ Իսկ դրանք միանգամայն հակառակ խնդիրներ լուծող հաստատություններ են, քանի որ Ճարտարապետների միությունը պետք է կարողանար մասնագիտության երկխոսությունն ապահովել հասարակության հետ, իսկ պալատը գործնական կապի մեջ է պետական մարմինների հետ, քանի որ զբաղվում են արտոնագրի տրամադրմամբ։

Կարծում եմ՝ ճիշտ կլինի, եթե, այնուամենայնիվ, ճարտարապետները վերանայեն իրենց դիրքորոշումը, վերականգնեն միությունը, քանի որ դուրս ենք մնացել նաեւ միջազգային կառույցներից, եւ պետք չէ ասել, որ դա այդպես չէ։ Եթե ասում են՝ դրանք նույն բանն են, ինչո՞ւ այն ժամանակ դարձավ պալատ, երբ ընդամենը պետք էր մի փոքր օղակ ունենալ, որը կզբաղվեր այդ արտոնագրերով։

Ճարտարապետները պետք է իրենց նյութական եւ ինտելեկտուալ ողջ ունեցվածքը իմաստավորեն եւ կարողանան ի նպաստ դնել ճարտարապետության զարգացմանը եւ ոչ թե սահմանափակվեն միմյանց արտոնագիր բաժանելով՝ այդ թվում նաեւ նրանց, ում անցած քառորդ դարի «բեղուն» գործունեությունը բերել է քաղաքաշինական սխալների։ Պալատը սահմանափակում է ալտերնատիվ մոտեցումները եւ վերակենդանացնում է 32 թ․ ստալինյան որոշումը, համաձայն որի ստեղծագործական ազատ արտահայտման հնարավորությունը սահմանափակվեց։ Միությունը պալատ դարձնելով՝ վերացվեց այն հնարավոր հակադիմությունը, որը կարող էր հակակշիռ լինել միջակությանը։