Հայ-ամերիկյան հարաբերությունների  սառույցը հալվո՞ւմ է․ երեք այց՝ ԱՄՆ

Հայ-ամերիկյան հարաբերությունների  սառույցը հալվո՞ւմ է․ երեք այց՝ ԱՄՆ

Թավշյա հեղափոխությունից հետո այնքան գրվեց այն մասին, որ հայ-ամերիկյան հարաբերություններում չի նկատվում ջերմացում,  մեր իշխանությունները ջանք չեն գործադրում այդ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ, որ հիմա միաժամանակ ԱՄՆ այց են կատարել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նրանք, ճիշտ է, մասնակցում են տարբեր ֆորումների եւ համաժողովների։ Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում ընթացող Առաջնորդների ֆորումի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ, ԱՄՆ Սենատի մեծամասնության հանրապետական ղեկավար Միչ Մաքքոնելի, ԱՄՆ կոնգրեսականների հետ։ Տիգրան Ավինյանը մասնակցել է ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին, իսկ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Կրոնական ազատության հարցերով նախարարական համաժողովին։ 
Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ վերջին ժամանակներում ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները պասիվ էին, գրեթե չկար երկկողմ օրակարգ։ 

«Վերջին երեք-չորս տարիների ընթացքում ԱՄՆ-ի հետ հարաբերությունները սառեցին, փոխադարձ համագործակցության ոլորտները շատ քիչ էին։ Ես ողջունում եմ հարաբերությունները երկուստեք ակտիվացնելու փորձերը։ Գլխավորը, որ փորձում է անել պաշտոնական Երեւանը, դա ԱՄՆ-ի հետ օրակարգ ձեւավորելու փորձն է։ ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբում ունի համանախագահ, կան հին հարցեր, նաեւ նոր հարցեր կան, օրինակ՝ ԱՄՆ-ն պատժամիջոցներն է խստացնում Իրանի նկատմամբ, արդյոք դա կազդի՞ ՀՀ-ի վրա»,- նշեց քաղաքագետ։
Ստեփան Գրիգորյանը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Հայաստանի նոր իշխանություններն իրականացնում են բազմավեկտոր քաղաքականություն եւ քայլ առ քայլ զարգացնում են այդ քաղաքականությունը։ Որպես օրինակ՝ քաղաքագետը նշեց  վերջերս Չինաստան կատարած վարչապետի այցը։

Ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանի պատվիրակության՝ ԱՄՆ  կատարած այցին, ապա քաղաքագետն ուշադրություն է հրավիրում նաեւ, որ նա հանդիպումներ է ունեցել Ատլանտյան խորհրդում եւ հանրապետական ղեկավար Միչ Մաքքոնելի հետ, որոնք լուրջ քայլեր են եւ ավելի կարեւոր են, քան կոնգրեսականների հետ հանդիպումները։ 

Եվ եթե անգամ չանդրադառնանք հանդիպումների բովանդակային կողմին, ապա, ըստ քաղաքագետի, այցը ԱՄՆ, հանդիպումները մի շարք կենտրոններում խորհրդարանական դիվանագիտության տեսանկյունից շատ էական են։