Պետք չէ ցնցվել Վահե Գրիգորյանի նամակից, այդ մասին «Հրապարակը» 2018-ի փետրվարին էր գրել

Պետք չէ ցնցվել Վահե Գրիգորյանի նամակից, այդ մասին «Հրապարակը» 2018-ի փետրվարին էր գրել

Երեկ «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց․ 

«Ես Ձեզ պիտի անկեղծ ասեմ, որ Վահե Գրիգորյանի նամակը ինձ ուղղակի ցնցեց: Ինչո՞ւ ցնցեց, որովհետև ես այդ նամակը կարդալով հասկացա, որ 2018 թվականին՝ այդ տրանսֆորմացիայի շրջանում, բոլորս, կենտրոնացած լինելով Սերժ Սարգսյանի շուրջ ստեղծվող քաղաքական մանիպուլյացիայի վրա և զբաղված լինելով դրանով, գուցե մասնագիտական ինչ֊որ գիտելիքների կամ նրբությունների չիմացության պատճառով չենք նկատել նույնամասշտաբ մի մանիպուլյացիա, որ տեղի է ունեցել Սահմանադրական դատարանում․․․ նոր Սահմանադրությունը ուժի մեջ մտնելուց 40 օր առաջ Սահմանադրական դատարանի երկարամյա նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց՝ ինչպես հետագայում պիտի պարզվեր, ներիշխանական մի գործարքի և մանիպուլյացիայի արդյունքում: Տեղի ունեցավ մեծ առևտուր, որտեղ մի քանի առանցքային դեմքեր ստանում էին իրենց հասանելիքը․ Սերժ Սարգսյանը՝ վարչապետի պաշտոնը, Գագիկ Հարությունյանը՝ ԲԴԽ նախագահի պաշտոնը: Ինքը նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց 40 օր առաջ, որից հետո այս նոր Սահմանադրությունը պետք է ուժի մեջ մտներ և մենք պետք է ունենայինք նոր կառուցված Սահմանադրական դատարան, հրաժարական տվեց և նրա փոխարեն նախագահ առաջադրվեց և ընտրվեց Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի անդամ և Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը: Մինչդեռ մեր նոր Սահմանադրությամբ նախատեսված է, որ Սահմանադրական դատարանի նախագահ ընտրում է հենց ինքը՝ Սահմանադրական դատարանը: Եվ որ ավելի կարևոր է՝ քանի որ իրենց ձեռքն էր թուղթն էլ, գրիչն էլ, անցումային դրույթ են գրել, որ՝ այ, ովքեր ապրիլի 9-ից առաջ են ընտրվել Սահմանադրական դատարանի անդամ, նրանց վրա տարածվում է 2005 թվական կարգավորումները: Այսինքն սա ի՞նչ է նշանակում՝ նրանք ոչ թե 12 տարով են ընտրվում, այլ, ըստ էության, ցմահ են ընտրվում կամ մինչև 65 տարին: Եվ նույնը վերաբերում է նաև Սահմանադրական դատարանի նախագահին»։

Սակայն բոլորովին կարիք չկար ցնցվել Վահե Գրիգորյանի «հայտնագործություն»-նամակից, որովհետեւ 2018 թվականին այս «մանիպուլյացիայի» մասին ասվել է` գրվել է։ Մասնավորապես, «Հրապարակը» գրել է այս մասին 2018 թվականի փետրվարի 23-ին «Հրայր Թովմասյանը «պրոբլեմ» չունի» վերտառությամբ հոդվածում։ 

Ահավասիկ․

«Սահմանադրական դատարանի գործող նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարումն ավարտվում է մարտի 23-ին, երբ կլրանա նրա 70-ամյակը: Հարությունյանի ժամկետը լրանալուց հետո 30-օրյա ժամկետում պետք է Սահմանադրական դատարանի նոր նախագահ ընտրվի: Այսինքն՝ ընտրությունները կարող են կայանալ մարտի 24-ից մինչեւ ապրիլի 22-ը: Այստեղ, սակայն, մի նրբություն կա․ քանի որ 2015 թվականին ընդունված Սահմանադրության որոշ դրույթներ՝ այդ թվում եւ Սահմանադրական դատարանին վերաբերող դրույթն ուժի մեջ է մտնում ապրիլի 9-ից հետո, ապա ընտրության օրը մեծ նշանակություն ունի, թե ինչպիսի ընտրակարգով կընտրվի Սահմանադրական դատարանի նոր նախագահը եւ թե որքան կպաշտոնավարի: Եթե Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունները կայանան մինչեւ ապրիլի 9-ը, կգործի 2005 թվականին ընդունված Սահմանադրության դրույթը, որի համաձայն՝ ԱԺ-ին է վերապահված Սահմանադրական դատարանի նախագահ ընտրելու իրավունքը, իսկ ընտրված նախագահը կպաշտոնավարի մինչեւ 65 տարեկան դառնալը: Սակայն, եթե Սահմանադրական դատարանի ընտրությունները նշանակվեն ապրիլի 9-ից հետո, կգործի արդեն 2015 թվականին ընդունված Սահմանադրությունը, որի համաձայն՝ արդեն ՍԴ-ն է իր կազմից ընտրում նախագահ՝ միայն 6 տարի ժամկետով եւ առանց վերընտրվելու իրավունքի»: Հոդվածի հեղինակը լրագրող Լուսինե Շահվերդյանն է։

Այնպես որ բոլորովին պարտադիր չէր լինել հմուտ իրավաբան, անգլիաներում իրավաբանության դրույթներն ուսումնասիրել, 2019-ին նման «հայտնագործություն» անելու համար։ Ընդամենը հարկավոր էր ուշադիր կարդալ Սահմանադրությունը եւ Սահմանադրության փոփոխությունների փուլում ոչ թե հայտարարել, որ այն «կեղծ օրակարգ է» եւ խուսափել դրանց դեմ պայքարելուց, այլ ավելի սրտացավ լինել։ Նաեւ հարկավոր էր 2018-ի փետրվար-մարտին ուսումնասիրել իրավիճակը եւ «Հրապարակ» կարդալ։