Սիլվա Համբարձումյանի ցուցմունքն ընդունելի էր, Սամվել Ադյանինը՝ ո՞չ

Սիլվա Համբարձումյանի ցուցմունքն ընդունելի էր, Սամվել Ադյանինը՝ ո՞չ


Ամիսներ շարունակ մենք գրում էինք, որ քրեաիրավական հետապնդումների ճանապարհը վտանգավոր ճանապարհ է, այդ ուղղությամբ գնալու դեպքում տպավորություն կստեղծվի, թե քաղաքական հետապնդումներ է իրականացնում իշխանությունը, եւ պարզ չէ, թե մինչեւ ուր կարելի է հետ գնալ․ բավարարվել Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման շրջանում կատարվածը հետաքննելո՞վ, թե՞ հասնել մինչեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակներ։

Առհասարակ՝ «գործ տալու», հին պատմությունները վեր հանելու, «աբիժնիկներին» ընդառաջելու քաղաքականությունը չէր կարող ոչ մի լավ բանի հասցնել, ինչի մասին խելացի մարդիկ զգուշացնում էին ամբողջ մեկ տարի։ Այս ճանապարհով գնալը պետք է հանգեցներ նրան, որ երբ նախկինների դեմ քրեական գործեր հարուցելն այլեւս չբավարարեր հեղափոխական մասսաներին, եւ նրանց արյան ծարավը հագուրդ չստանար, հերթն անպայման հասնելու էր նոր թիմի անդամներին։ Չէ՞ որ ամեն օր ավելի ու ավելի հուժկու տեսարանների, ավելի աղմկոտ բացահայտումների կարոտ հանրությունը, անհույս նարկոմանի նման, «ասեղի վրա էր նստելու» եւ պահանջելու էր նոր զոհեր ու նոր տեսարաններ։ Եվ բոլոր նրանք, ովքեր հաճույք էին ստանում Մանվել Գրիգորյանի, Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գեւորգյանի, Վահագն Հարությունյանի, Յուրի Խաչատուրովի, Միհրան Պողոսյանի եւ բոլոր մյուս նախկինների նկատմամբ հարուցված քրեական գործերից, պետք է մի օր հայտնաբերեին, որ քրեական գործերի հարուցման հերթը հասել է իրենց սիրելի մարդկանց, իրենց ընկերներին։

Այս օրերին հանրային սեկտորը՝ քաղաքացիական հասարակությունը, ցնցված է Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված քրեական գործից։ Նրա ընկերներն աղմուկ են բարձրացրել համացանցում, թե Սանասարյանին լավ են ճանաչում, նա չէր կարող կոռուպցիոն գործարքների մեջ ներքաշվել, նրա նկատմամբ ցուցմունքներ են կորզվել, նրան հանիրավի մեղադրել են եւ այլն, եւ այլն։ Հատկապես ուշագրավ է, որ այս աղմուկի մեջ ամենաբարձրը խոսում են իրավապաշտպանները, քաղակտիվիստները, որոնք անկեղծորեն ուզում են օգնել իրենց ընկերոջը։
Բայց երբ դու իրավապաշտպանություն ես անում ընտրովի՝ քաղաքական ճաշակից ու նախընտրությունից ելնելով,  դադարում ես լինել իրավապաշտպան։ Ողջ աշխարհում իրավապաշտպանը նա է, ով պայքարում է այլոց իրավունքների համար՝ անկախ նրա սեռից, ազգությունից, քաղաքական հայացքներից, անցած ճանապարհից եւ այլն։ Երբ լռում էիք այն ժամանակ, երբ կասկածելի մեղադրանքներ էին հարուցում նախկինների նկատմամբ, մեկ անձից ցուցմունքներով կալանավորում նրանց, քաղաքական ենթատեքստով որոշումներ կայացնում, պետք է գիտակցեիք, որ անօրինականությունը, քրեական հետապնդումների շղթան շարունակվելու են եւ մի օր հասնելու են նաեւ ձեզ ու ձեր մտերիմներին։ Եվ այլեւս ոչ ոք պաշտպանված չէ անհիմն հետապնդումներից, որտեղ իշխանության կամքն է որոշիչը, այլ ոչ թե արդարության հասնելու ձգտումը։

Ավելին՝ իրական իրավապաշտպանը, քաղաքացին, մտավորականն իր ձայնը բարձրացնում է հատկապես քաղաքական հակառակորդների եւ հանրության կողմից մերժված անձանց իրավունքների պաշտպանության համար։ Որովհետեւ արդար քննության, լիարժեք եւ անառարկելի ապացույցների հիման վրա դատվելու իրավունքը պետք է տարածվի բոլորի վրա եւ հատկապես՝ փոքրամասնությունների, թույլերի, մերժվածների։

Տարբեր միջազգային կառույցներից գրանտներ ստացող կազմակերպություններն ու անհատները ժամանակին պետք է խոսեին այն մասին, որ Սիլվա Համբարձումյանի՝ մեկ մարդու ցուցմունքով չի կարելի մարդուն մեղադրանք առաջադրել եւ կալանավորել։ Խոսեին այն մասին, որ Մարտի 1-ի իրադարձությունները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական պատասխանատվություն են ենթադրում, այլ ոչ թե քրեական պատիժ։ Մարդու անմեղության կանխավարկածը չի կարելի խախտել ո՛չ «Հայաստան համահայկական հիմնադրամի» տնօրենի, ո՛չ Երեւանի պետական համալսարանի ռեկտորի, ո՛չ Սաշիկ եւ Լեւոն Սարգսյանների, ո՛չ Արամ Հարությունյանի, ո՛չ Միքայել Հարությունյանի դեպքում, որ այսօր չխախտվեր նաեւ Դավիթ Սանասարյանի պարագայում։ Չի կարելի 10 եւ ավելի տարվա վաղեմության գործերը բացել, քանի որ Քրեական օրենսգիրքը տարբեր հոդվածների դեպքում տարբեր վաղեմության ժամկետներ ունի, իսկ քաղաքացիական գործերով գույքային վեճերի համար առհասարակ ընդամենը 3 տարի է սահմանված։ Ընդհանրապես՝ բոլոր այն գործերում, որտեղ քրեական գործի հարուցման հարցում որեւէ դերակատարում են ունեցել մարդու քաղաքական հայացքները, կուսակցական պատկանելությունը, ազգանունը, ընտանիքը, նախկին գործունեությունը, կապերը, արտահայտած կարծիքը, պետք է համարվեն քաղաքական հետապնդում եւ մերժվեն։ Դա կլիներ իրական իրավապաշտպանի գործունեություն՝ հարգանքի արժանի։

Ինչ վերաբերում է Դավիթ Սանասարյանի գործին, ապա իրավացի են բոլոր նրանք, ովքեր տարակուսած են նրան պաշտպանողների բարձրացրած աղմուկից։ Ի վերջո, Սանասարյանը կալանավորված չէ, ի տարբերություն այլոց, որոնց առաջադրված մեղադրանքները շատ ավելի կասկածելի են։ Նախաքննության մարմինն ընդամենը մեղադրանք է առաջադրել, քննություն է ընթանում, եւ միայն քննության ավարտին պարզ կդառնա, թե որքանով է մեղադրանքը հիմնավոր։ Գուցե քննությունը պարզում է, որ մեղադրանքն անհիմն է, եւ գործը կարճվում է։ Մենք բազում անգամներ այդ նույն իրավապաշտպաններից նման պատասխաններ ենք լսել տարբեր գործերի առնչությամբ․ «Քննությունը կպարզի ճշմարտությունը», «Ձեռնպահ եմ մնում վաղաժամ կարծիք հայտնելուց», «Նախաքննության գաղտնիք է, թողնենք նախաքննության մարմինն աշխատի», «Եթե մարդն անմեղ է, կապացուցվի նրա անմեղությունը» եւ այլն։ Հիմա ի՞նչ է պատահել։ Երկակի ստանդարտների կիրառումը գոնե իրավապաշտպանների, քաղակտիվիստների, հասարակական գործիչների պարագայում ոչ մի կերպ չի հասկացվում։ Նույնիսկ եթե այս անգամ թիրախն իրենց ընկերն է։

Ի վերջո, երբ ամիսներ առաջ լռել եք ու մասնակցել այս մթնոլորտի ձեւավորմանը, սա ընդամենը մեկամյա պրոցեսի բնականոն շարունակությունն է՝ հանդուրժեք։

Անի Առաքելյան