Վանաձորում պատգամավորն ու մարզպետը դուրս են եկել իրար դեմ. Մամիկոն Ասլանյանը երկու քարի արանքում

Վանաձորում պատգամավորն ու մարզպետը դուրս են եկել իրար դեմ. Մամիկոն Ասլանյանը երկու քարի արանքում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը քննադատողները հաճախ որպես անհաջող նշանակման օրինակ բերում են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին: Պաշտոնավարման շուրջ 7 ամսվա ընթացքում նա հասցրել է դժոհություններ առաջացնել մարզպետարանում ու նաև դրանից դուրս: 

Մամուլի հրապարակումները, բողոքի ակցիաները սառցաժայռի տեսանելի հատվածն են, իսկ խորքում տեղական նշանակության ինտրիգն է մարզային իշխանության ներսում: Փոքրիկ Վանաձորը բաժանված է թիմերի: Անդրեյ Ղուկասյանն իր թիմն ունի, իր մարդկանց, որոնց աջակցում է, պաշտոններ է տալիս: Մասնավորապես, խոսակցություններ են տարածվում Լոռիում, որ փոխվում են մարզի դպրոցների խորհուրդների կազմերը, խորհուրդների անդամներ են դառնում մարզպետի մարդիկ:  

Անցյալ շաբաթ Վանաձորի թիվ 20 հիմնական դպրոցի աշակերտներն էին դասադուլ անում: Նրանք և կոլեկտիվը դժգոհ էին, որ դպրոցի տնօրեն է ընտրվել մարզպետի հովանավորյալ Կարինե Մարգարյանը: Ղուկասյանի մյուս «մտերիմը»՝ նախկին լրագրող, ներկայում մարզպետի խորհրդական Գայանե Սարգսյանն է, որի կարծիքը, ըստ մարզպետարանի մեր աղբյուրի, վճռական է որոշումներ կայացնելու ժամանակ: Մարզպետի ընդդիմությունը, նրա հակառակորդը նախկին փոխմարզպետ, ներկայում «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանն է: Անդրեյ Ղուկասյանը, մարզպետ նշանակվելով, աշխատանքից ազատեց Խաչատրյանի մտերիմներին, ինչը խորացրեց երկու «ՔՊ»-ականների ներքին պայքարը:

Օրերս Արամ Խաչատրյանը որպես պատգամավոր պաշտոնական գրություններ է ուղարկել իր ՔՊ-ական ընկերոջը՝ մարզպետ Ղուկասյանին, իր դժգոհությունները հայտնելով մարզպետի ֆինանսական որոշ գործարքների առիթով: 

«Հրապարակի» հետ զրույցում ԱԺ պատգամավորը նշեց, որ խոսքը դժգոհության մասին չէ: «Դա պատգամավորի գործառույթների բաղադրիչ մասն է, իրավունքն է, որ ես օգտվում եմ դրանից և իրականացնում եմ: Ոչ միայն Լոռու մարզպետին, այլև տարբեր գերատեսչություններ եմ ուղարկում գրություններ, ստանում եմ պատասխաններ և ուսումնասիրում եմ դրանք: Ես երեք գրություններ եմ ուղարկել մարզպետին՝ բենզինի, գործուղումների և սոցհատկացումների վերաբերյալ: Երբ որ կլինեն պատասխաններ, նոր կհայտնեմ: Այստեղ ոչ մի անձնական պահ չկա: Հեծանիվ չեմ հորինի, եթե ասեմ, որ օրենսդիրը գործադիրի նկատմամբ վերահսկողություն է իրականացնում, ես անում եմ դա ու նորմալ եմ համարում»: Մեր մյուս հարցերին պատգամավորը զգուշավոր պատասխաններ տվեց: 

- Զարմանալի է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը դիմում է իր իսկ ընկերոջը՝ վերահսկողական գրությամբ: 

- Երևի, նախկինում նման բաներ չեն եղել, դրա համար զարմանալի է: Ես կարծում եմ, որ մնացած պատգամավորներն էլ են ուղարկում մարզպետարան, կամ այլ տեղեր պատասխաններ, ու այդ պատասխանների հիման վրա մենք հարցեր ենք բարձրաձայնում, կամ հենց իրենց ասում ենք՝ սա ճիշտ է, սա սխալ է: 

- Ի՞նչ խնդիրների մասին եք գրել մարզպետին: 

-Մամուլի հրապարակումներից եմ տեսել, որ բենզինի ծախսը արդարացված չի, շատ է: Բացի դա, մարզպետարանը բյուջե ունի, որից սոցիալական աջակցություն է տրամադրվում: Ես խնդրել եմ մարզպետին, որ դրա մասին ինձ ավելի մանրամասն տեղեկություն տա, թե ովքեր են ստացողները, ինչ աջակցություն է: 

- Դուք հիմք ունե՞ք մտածելու, որ արդար չ՞ն բաժանվում գումարները: 

- Պատասխանները մինչև չուսումնասիրեմ, թույլ տվեք, չպատասխանեմ: Եթե ես գրավոր բան եմ գրել, չի նշանակում, որ կոնկրետ հիմքեր կան: Ուղղակի, ես լինելով մարզպետի տեղակալ, նաև 4 տարի լինելով Վանաձորում ավագանի, ծանոթ եմ և մարզպետարանի, և քաղաքապետարանի գործառույթներին, և փորձս ուզում եմ ներդնել հանուն Հայաստանի Հանրապետության, ոչ թե ինչ որ մեկի դեմ: 

- Իսկ դպրոցական խորհուրդների մասին ի՞նչ եք գրել: 

- Գիտեք, դպրոցներում աղմուկի մի քանի դեպք ա եղել, ուզում ենք հասկանալ, թե ինչ խնդիրներ են եղել: 

-Այդ հարցերը իրեն առանձին զրույցում տվե՞լ եք, մինչև գրություններ գրելը: Ի վերջո, թիմակիցներ եք: 

- Էլի թիմակիցներ ենք: Հարցեր կան, որ քննարկել ենք, կան, որ չենք քննարկել: Կան, որ բանավոր ենք քննարկել, կան՝ որ գրավոր: Մենք բոլորս էլ հաշվետու ենք մեր քաղաքացիներին և պետք է աշխատենք: Եթե մենք իշխող խմբակցության ներկայացուցիչ ենք, չի նշանակում, որ խնդիրները պետք է թաղենք: Պետք է բարձրաձայնենք ու գտնենք դրանց լուծումները: 

ՀԳ․  Երկու ՔՊ-ականների արանքում է հայտնվել Վանաձորի ազդեցիկներից երրորդը՝ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Տեղեկություն կա, որ  մարզպետը ստիպում է Մամիկոն Ասլանյանին իր ուզած մարդուն նշանակի Վանաձորի մարզադպրոցներից մեկի տնօրեն: Այս մասին մտերիմ շրջապատում Մամիկոն Ասլանյանը ասել է՝ ինչ անեմ, երկու քարի արանք եմ մնացել, մի կողմը մարզպետը, մյուս կողմը՝ դեպուտատը: «Ես որևէ հակամարտությունից տեղյակ չեմ առարկայական ձևով, զուտ լրագրական դաշտից եմ տեղյակ: Ես որևէ տեղ ու դիրք այդ պայքարի մեջ չեմ գրավում, ես մեր քաղաքի գործերով եմ զբաղված»: Որևէ կարգի միջամտություն չի եղել, ես բոլորի հետ էլ նորմալ հարաբերություն ունեմ աշխատանքային», - լուրերն այս մեկնաբանեց Մամիկոն Ասլանյանը: Ասում են՝ մարզպետը Վանաձորի մարզադպրոցներից մեկի տնօրեն ուզում է իր մարդուն նշանակել, ո՞ր դպրոցի մասին է խոսքը: «Նախ, Վանաձորն այնքան փոքր է, որ բոլոր մարդիկ կարող են համարվել մի քանի հոգու մարդ: Ես կնշանակեմ կոլեկտիվի անդամներից մեկին: Երկրորդն էլ՝ 9 մարզադպրոց ունենք, գիտեմ, ինչի մասին է խոսքը, բայց եթե ես եմ նշանակում, իմ մարդն ա ուրեմն: Որևէ մեկը միջամտություն չի ունեցել, կոռեկտության սահմաններում են մեր շփումները բոլորի հետ», - ասաց Վանաձորի քաղաքապետը:  
Սյուզան Սիմոնյան