Փաշինյանը սկսել է ԱՄՆ-ի դուրը չգալ. հարց՝ ինչո՞ւ

Փաշինյանը սկսել է ԱՄՆ-ի դուրը չգալ. հարց՝ ինչո՞ւ

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւը հեգնանքով ծաղրեց ՀՀ վարչապետի արտաբերած перейдем բառն ու անթաքույց անհարգալից վերաբերմունք դրսեւորեց, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել։ Թեեւ ոմանք կարծում են, որ դա պարզապես անհաջող կատակ էր, սակայն, ոմանց կարծիքով, դրանում արտացոլվեց հայ-ռուսական հարաբերությունների որակը։ Հայ-ռուսական հարաբերությունների մասին զրուցել ենք ռուսաստանյան վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հետ։

- Պարոն Տարասով, Ձեր կարծիքով՝ ի՞նչ է մեզանում, որ Ռուսաստանի վարչապետը ծաղրում է Փաշինյանի ռուսերենը, թե՞ դա ընդամենը կատակ էր, միգուցե՝ անհաջող։ 

- Մեդվեդեւի Երեւան այցին ուղեկցող տեղեկատվությունը վկայում է, որ երկու վարչապետներն այս կարճ ժամանակահատվածում բավականին մտերմանալով՝ երեւի թե անցել են ինչ-որ յուրօրինակ «սլենգի»։ Եվ կարծես թե սրան համարժեք չէ արձագանքը՝ ինչ-որ բաներ են փնտրում, ասես ինչ-որ մեկը փորձել է ինչ-որ մեկին ստորացնել, վիրավորել։ Չէ՛, նման բան չկա։

- Կա՞, ամեն դեպքում, ռուսաստանյան կողմից ակնկալիք, որ Հայաստանի պաշտոնյաները պետք է խոսեն մաքրամաքուր եւ առանց ակցենտի ռուսերենով։ Եվ այս թեմայով ձեզ մոտ  կատակնե՞ր են անում։

- Ոչ, իհարկե, ոչ։ Տեսեք․ Սերժ Ազատի Սարգսյանը, երբ նրան լսում ես հեռուստացույցով, զգացվում է հայկական ակցենտը, իսկ անձնական զրույցներում՝ փայլուն, առանց որեւէ ակցենտի։ Իսկ Փաշինյանը բավականին լավ խոսում է ռուսերեն։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, որտեղ ռուսերենն աշխատանքային լեզու է, ԵԱՏՄ-ում՝ նույնպես, ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական գործընկերն է, մատակարարում է զենք, որի օգտագործման ցուցումները գրված են ռուսերեն, ո՛չ հայերեն կամ անգլերեն։ Ռուսերենը համընդհանուր հաղորդակցության լեզու է, եւ սա ո՛չ դավադրություն է, ո՛չ առավելություն, այլ զուտ աշխատանքային պահ։ Այնպես, ինչպես ՆԱՏՕ-ում աշխատում է անգլերենը, եւ դա հո չի՞ նշանակում, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրներն իրենց նվաստացած են զգում։ 

- Նիկոլ Փաշինյանը՝ որպես հայկական հյուրասիրության բարձրագույն ձեւ, Դմիտրի Մեդվեդեւին իր տանը՝ կառավարական առանձնատանն ընդունեց։ Գնահատվե՞ց սա արդյոք ռուսական կողմից, չէ՞ որ, ի վերջո, Ռուսաստանի վարչապետին կարող էին տեղավորել որեւէ հյուրանոցում եւ հատուկ ընդունելություն չկազմակերպել։

- Օրինակ, երբ թուրքերը նման հրավեր են անում, դա համարվում է անձնական շատ ջերմ ու միմյանց նկատմամբ վստահելի հարաբերությունների ցուցիչ։ Եվ Դմիտրի Մեդվեդեւին իր տուն հրավիրելով՝ Նիկոլ Փաշինյանը երեւի թե ուզում էր ցույց տալ, որ ՌԴ վարչապետի հետ ունի փոխադարձ վստահությամբ հարաբերություններ։ Իհարկե, կար այլ տարբերակ, երբ Մեդվեդեւը կարող էր ընտրել որեւէ հյուրանոց, ինչը նույնպես միանգամայն ընդունելի կլիներ։ Բայց կան որոշակի մանրուքներ, այդ դեպքում կլիներ որոշակի դիստանցիա, բայց այս դեպքում Նիկոլ Փաշինյանից եկան ազդակներ, որոնք, հավատացնում եմ, շատ դրական կերպով ընդունվեցին Մոսկվայում։ Եվ պետք չէ դա համարել որպես սենսացիա, դա միանգամայն բնական է։ Մեկ այլ բանի վրա եմ ուզում ուշադրություն հրավիրել․ այստեղ շատ ուշադիր կարդում են, թե ինչպես են ամերիկացիները, «Կարնեգի» հիմնադրամի գիտաշխատող Ստրոսկին հայտարարում, որ ամերիկացիները հեղափոխության վրա ծախսել են 28 միլիոն դոլար։ Այսինքն՝ ամերիկացիները հեղինակազրկում են Փաշինյանին․ ամերիկացիները կարող են նման ներդրումներ անել, բայց նրանք երբեք այդօրինակ տեղեկատվությունը չեն հրապարակայնացնում։

- Իսկ ռուսաստանյան կողմի համար սա արժանահավա՞տ, թե՞ սադրիչ բնույթի տեղեկատվություն էր։

- Մենք չենք խոսում արժանահավատության մասին, այլ՝ Փաշինյանին վարկաբեկելու փորձի։ Մենք չենք ստուգում, մենք ասում ենք, որ եթե ամերիկացիները գնացել են դրան, սրանով իրենց դժգոհությունն են արտահայտում Նիկոլ Փաշինյանի հանդեպ։ Հիշում եք, թե ինչ են ասում՝ Սիրիա զորախումբ ուղարկել եւ այլն, բայց այստեղ, կարծում եմ, պատճառն այն է, որ  ծրագրերը, հույսերը, որ փայփայում էին ամերիկացիները Փաշինյանի արտաքին քաղաքականությունից, չեն արդարացել։ Այսինքն, որ ԱՄՆ-ՌԴ բալանսում պետք է նժարն իրենց կողմը լիներ, բայց Փաշինյանը, դուրս գալով ոչ այնքան հասարակ քաղաքական գործիչ, բավականաչափ նկատելի շրջվեց դեպի Ռուսաստանը։ Եվ, ի դեպ, Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնց սա ակնհայտորեն դուր չի գալիս։ Ինչ վերաբերում է մեզ, ինձ անձամբ, ապա մենք  համարում ենք, որ Նիկոլ Փաշինյանը՝ որպես քաղաքական գործիչ, զարգացում է ապրում, աճում է,  պետական  այր է դառնում ու սկսել է գրագետ որոշումներ ընդունել։

- Անձամբ Դուք 2018-ի ամռանը նրան բավականաչափ քննադատել եք հենց հայ-ռուսական հարաբերությունները վատացնելու համար։ Հիմա հայ-ռուսական հարաբերությունների ի՞նչ մակարդակ կարող եք արձանագրել։

- Այո, ասել եմ։ Այդ ժամանակ Երեւանը վարում էր շատ հակասական արտաքին քաղաքականություն եւ անում հայտարարություններ։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ԵԱՏՄ…

- Հիմա ի՞նչ հարաբերություններ են․․․

- Շարունակում եմ՝ այդ ժամանակ, երբ հայտարարվում էր, որ Հայաստանի ու ԱՄՆ-ի միջեւ հավասար գործակցային հարաբերություններ են, ապա դա չի համապատասխանում իրականությանը եւ նշանակում է, որ դուք բլեֆ եք անում։ Եվ, ահա, այս երկակի ստանդարտների ժամանակ մենք իսկապես քննադատում էինք Փաշինյանին։ Բայց հիմա, երբ տեսնում ենք, թե ինչպես են իրենց պահում ամերիկացիները, երբ նրանք Փաշինյանին վարկաբեկում են․․․ Սա միմիայն մի բանի մասին է խոսում, որ Փաշինյանը սկսել է ԱՄՆ-ի դուրը չգալ։ Հարց՝ ինչո՞ւ․․․

- Ու, հետեւաբար, սկսել է դուր գալ Մոսկվային։

- Մոսկվան Փաշինյանին բավականաչափ ադեկվատ է վերաբերվում։ Մոսկվան ընդամենը արձանագրում է, մենք բավականաչափ փորձ ունենք, գիտենք՝ ինչպես են իրենց պահում ամերիկացիները հետխորհրդային տարածքում։ Եվ ասեմ՝ չի եղել, որ նրանք հրապարակեն կոնկրետ թվեր (ամերիկյան աջակցության)։ Եվ կրկնում եմ՝ եթե գնում են նման ծայրահեղ քայլի, ապա սա նշանակում է մեկ բան՝ Փաշինյանը չի արդարացրել նրանց հույսերը։

- Փաշինյանին, փաստորեն, արդեն համարում եք պրոռուսական քաղաքական գործիչ։

- Ոչ, մենք այդպես չենք համարում։ Մենք Փաշինյանին համարում ենք բավականաչափ ռացիոնալ մտածողության տեր քաղաքական գործիչ, որն արդեն սկսել է բավականաչափ լավ հասկանալ աշխարհագրությունից։ Մարդ, որը հրաշալի հասկանում է, թե ովքեր են  Հայաստանի հարեւանները՝ Թուրքիա, Վրաստան, Իրան, Ռուսաստան։ Որտե՞ղ են ամերիկացիները՝ օ-հո-հո, որտե՞ղ Եվրոպան՝ օ-հո-հո։ Եվ նա հրաշալի հասկանում է, որ ոչ մի ամերիկացի կամ եվրոպացի զինվոր երբեք, եր-բեք չի պաշտպանի հայկական հողը։