2020 թ․ կկայանա աննախադեպ ազգային-եկեղեցական ժողով

2020 թ․ կկայանա աննախադեպ ազգային-եկեղեցական ժողով

2020 թվականի նոյեմբերին նախատեսված է Հայ առաքելական եկեղեցու ժողովական բարձրագույն մարմնի ազգային-եկեղեցական ժողովը, որն անցկացնելու մասին որոշումն ընդունվել է այս տարվա մարտին Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովում՝ հայոց եկեղեցու հետագա գործունեության ուղենշման նպատակով։ Հիշեցնենք, որ ազգային-եկեղեցական ժողովների ժամանակ են ընտրում հայոց կաթողիկոսին։ 

Փաստորեն, Հայաստանի անկախությունից հետո այն երրորդն է լինելու․ առաջին երկուսը եղել են 1995 եւ 1999 թվականներին՝ հայոց կաթողիկոս ընտրելու համար։ Դրանից առաջ Ազգային-եկեղեցական ժողովներից ամենանշանակալիցը 1945-ին էր, երբ ապրիլի 19-ին Իոսիֆ Ստալինն ընդունեց հայոց կաթողիկոսի տեղապահ Գեւորգ արքեպիսկոպոս Չորեքչյանին, որը ԽՍՀՄ ղեկավարին ներկայացրեց հայկական հողերի վերադարձի, սփյուռքահայերի հայրենադարձության հարցերը եւ խնդրեց թույլատրել ազգային-եկեղեցական ժողով հրավիրել՝ կաթողիկոս ընտրելու համար․ 1938-ին Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանի սպանությունից հետո Հայաստանը շուրջ 7 տարի կաթողիկոս չուներ։ Նախորդ ազգային-եկեղեցական ժողովը գումարվել էր դրանից 584 տարի առաջ՝ 1361թ․, երբ Մեսրոպ Ա Արտազցի կաթողիկոսը հրամայել էր հայ եկեղեցու ծիսակարգից վերացնել «ամեն մի նորամուծություն, որ արդյունք է եղել Կիլիկյան թագավորների լատինամոլ քաղաքականության»։ Իսկ ազգային-եկեղեցական ժողովներից առաջինը 325թ. Վաղարշապատի Ա ժողովն է, որը գումարել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանից հետաքրքրվեցինք, թե ինչու Հայոց եկեղեցու ամենաբարձր ժողովը, որը մտադիր են եղել անցկացնել դեռ անցած տարի, հետո՝ այս տարի, որոշվել է տեղափոխել 2020թ․։ Նա ասաց, որ պատճառը ոչ թե կազմակերպչական բնույթի հարցերն են, այսինքն՝ որ չեն հասցնում, այլ Մայր տաճարի նորոգության հարցը․ «Ազգային եկեղեցական ժողովները միշտ անցկացվում են Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում, այլ վայրերում չեն անցկացվում, եւ նկատի ունենալով, որ խոսքը մոտավորապես 460 պատվիրակների մասին է, բնականաբար, միայն Մայր տաճարում կարող է լինել, քանի որ ժողովը սկսվում է ընդհանուր սուրբ պարտարագի մասնակցությամբ»։

Հոգեւորականներից ու աշխարհականներից կազմված հանձնաժողովն է նախապատրաստում ժողովի անցկացումը։ Հարցին, թե ինչ օրակարգ է լինելու, Տեր Վահրամն ասաց․ «Օրակարգը նաեւ Գերագույն խորհրդի կողմից է ձեւավորվում, դեռ վերջնական-ամբողջական օրակարգը չենք հրապարակել, երբ ժամանակը մոտենա, այն ժամանակ կհրապարակենք»։ Բայց կլինեն տարբեր հարցեր, որոնք ազգային-եկեղեցական ժողովի վճռելիքն են։