Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի թեկնածուները ծրագրեր են գրում

Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի թեկնածուները ծրագրեր են գրում

ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համար մրցույթը հայտարարված է: Առաջիկա 10 օրում թեկնածուները, որոնք պետք է լրագրության, հեռարձակման կառավարման, գիտության, մշակույթի գործիչներ լինեն, փաստաթղթեր են ներկայացնելու հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողով՝ Ռուբեն Ջաղինյանի հեռանալուց հետո թափուր մնացած տեղի համար: Ի տարբերություն Հանրային ռադիոյի տնօրենի համար հայտարարված մրցույթին, որն այս պահին ընթանում է, թեկնածուները պետք է ներկայացնեն նաեւ իրենց ծրագիրը՝  ուղեկցող նամակ՝ 5 էջի վրա շարադրված։ Այս պահին հայտնի են խորհրդի նախագահի մի քանի թեկնածուներ։ 

Նրանց թվում է հաղորդումների եւ ֆիլմերի հեղինակ Արթուր Բախտամյանը։ Մեզ հետ զրույցում նա հաստատեց տեղեկությունը՝ ասելով․ «Այո, ունեմ այդպիսի մտադրություն»։ Հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը, որի անունը նույնպես տրվում է, հերքեց իր առաջադրման մասին լուրերը։ Մրցույթին մասնակցելու մտադրություն են հրապարակավ հայտնել «Ա1+» ընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը, հեռուստատեսության եւ ռադիոյի պետական կոմիտեի կոլեգիայի նախկին անդամ, 1992-1995 թվականներին «Լրաբեր» ծրագրի տնօրեն, հեռուստամեկնաբան Արայիկ Մանուկյանը, ՀՌԱՀ նախկին նախագահ, «Շարմ» ընկերության հիմնադիրներից, Հանրային հեռուստատեսության նախկին տնօրեն Գագիկ Բունիաթյանը։ Վերջինս ասաց, որ հիմա ծրագիրն է գրում։ «Իմ ծրագրի ծավալը պահանջված 5 էջից մի քիչ շատ է ստացվում, ուզում եմ լուրջ ծրագիր ներկայացնեմ, նոր գաղափարներ կան։ Հիմա փորձեմ այս ամենը ձեւակերպել, շարադրել ու առաջադրել թեկնածությունս»,- կիսվեց Բունիաթյանը։ 

Նախկին փոխքաղաքապետ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նախկին գեղարվեստական ղեկավար, 2009-2011 թթ. «Արարատ» մշակութային հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Արամ Սուքիասյանը եւս հաստատեց խորհրդի նախագահ դառնալու իր հավակնությունը։ «Այս պահին չի բացառվում, որ դնեմ թեկնածությունս, զբաղված եմ թղթաբանությամբ»։ Նոր կոնցեպտ ունե՞ք։ «Այո»։ Արամ Սուքիասյանին հիշեցրինք, որ ժամանակին «Արարատ» մշակութային ալիք ստեղծելու փորձն անհաջող էր։ Այդ հեռուստաալիքը համարյա չուներ սեփական արտադրանք, ֆինանսավորում ու կարճ ժամանակում փակվեց։ «Դեպքերի զարգացումը, ըստ էության, քաղաքական որոշման տարավ, դրանով էր պայմանավորված»,- բացատրեց նա։ 

ՀՌԱՀ անդամներից իրավաբան Արմեն Մկրտչյանն է պատրաստվում խորհրդի նախագահ առաջադրվել։ Որպես ՀՌԱՀ անդամ, որը մասնակցել է ներկայիս մրցութային հանձնաժողովի անդամների ընտրությանը, չե՞ք կարծում, որ մի փոքր առավելություն ունեք մյուսների նկատմամբ։ Այս հարցին Արմեն Մկրտչյանը պատասխանեց․ «Մրցութային հանձնաժողովի անդամները ոչ մի կախվածություն՝ ուղղակի կամ անուղղակի, կամ աշխատանքային, կամ գործնական, չունեն։

Հակառակը՝ իրենք են հրամաններ տալիս մեզ, թե վաղը գալու ենք նիստի, պատրաստեք սենյակ, պատրաստեք թղթապանակներ, քարտուղարներին։ Իրենց ինքնուրույնությունը, իմ կարծիքով, ամբողջությամբ ապահովված է»։ Արմեն Մկրտչյանը հիշեցրեց, որ 2018 թ․ ապրիլին օրենքի փոփոխություն էր տեղի ունեցել, ըստ որի՝ հանրային հեռուստախորհրդի անդամներին եւ նախագահին ընտրելու է 5 անդամից բաղկացած հանձնաժողովը։ Անդամների ընտրությունը ՀՌԱՀ-ի առաջարկով իրականացրել են ստեղծագործական միությունները, կրթական, մշակութային կառույցները, ՀԿ-ները։ «Ղեկավարվել ենք այն սկզբունքով, որ Հայաստանը փոքրիկ երկիր է, բոլորն իրար ճանաչում են, ընտրվել են մարդիկ, որոնք չեն տրվի գայթակղությունների»,- մրցութային հանձնաժողովի մասին ասում է խորհրդի նախագահի թեկնածու Արմեն Մկրտչյանը։  

Թե ով է փոխարինելու Ռուբեն Ջաղինյանին, որոշելու է հանձնաժողովը, որի կազմում են մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, ԱԺ պատգամավոր, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը, ՀՀ նախագահի խորհրդական Համլետ Գասպարյանը։ Առաջիկա 6 տարիներին նրանք են լրացնելու հեռուստառադիոխորհրդի թափուր տեղերը։ Հանձնաժողովի անդամների հետկանչի մեխանիզմ նախատեսված չէ։ Ցանկության դեպքում նրանք կարող են ինքնաբացարկ հայտնել։ Իրենց աշխատանքի համար նրանք չեն վարձատրվում։ 

Հեռուստառադիոխորհրդի նախագահի պաշտոնը մեր իրականության մեջ քաղաքական մեծ դերակատարում է ունեցել։ Հաճախ այս պաշտոնն ունեցողը եղել է ՀՀ նախագահի մերձավոր շրջանակից, ինչպես Ալիկ Հարությունյանն ու Տիգրան Նաղդալյանը՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Սերժ Սարգսյանը հեռուստառադիոխորհրդի նախագահների նկատմամբ մեծ վստահություն չուներ, եւ նրա օրոք խորհրդի նախագահը քարոզչամեքենայում ստորադասվեց նախագահականի համապատասխան աշխատողներին։ Անգամ նախագահին նկարահանելն էին Բաղրամյան 26-ի աշխատողներն ապահովում։ Ամեն դեպքում, խորհրդի նախագահը պետական քարոզչության թիվ մեկ պատասխանատուներից է համարվում։ Նախկինում այս պաշտոնը նույնպես համալրվում էր մրցութային կարգով, սակայն մրցույթները ձեւական էին, իսկ հաղթողին նախօրոք որոշում էր հանրապետության նախագահը: Այս անգամ հույս կա, որ վերեւից թելադրանք չի լինի, ուստի սպասվում է թեկնածուների առատություն։