Մինչ այս պահը ոչ մի դատավոր հրաժարական չի տվել

Մինչ այս պահը ոչ մի դատավոր հրաժարական չի տվել

Մայիսի սկզբից ԲԴԽ-ում ընթանում են դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման քննություններ։ Այս պահին ՀՀ դատարաններում 11 դատավորի թափուր տեղեր կան։ Դա շա՞տ է, թե՞ քիչ՝ հարցրինք Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանին, որը ԲԴԽ-ում էր եւ հետեւում էր քննության ընթացքին։

«Մարդ չունենք նշանակելու, ցուցակները դատարկ են, ծանր վիճակ է,- ասաց նա,- այս պահին ԲԴԽ հաստատած ցուցակները բոլորը սպառվել են։ Խորհրդի տված հայտարարություններով մարդիկ Արդարադատության ակադեմիայում սովորում են։ Հոկտեմբեր-նոյեմբերին մենք այսպիսի խնդիր չենք ունենա։ Նրանք կավարտեն, կնշանակվեն, այս քննություններն էլ որ անցան, արդեն  այս թեկնածուները համալրում են ռեզերվը։ Նրանք դեռ 11 ամիս սովորելու են»։

Փոլադյանը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո դատավորների ինքնակամ հրաժարականների վերաբերյալ մինչ այս պահը ոչ մի դիմում չի եղել։ Ի՞նչ կարծիքի եք դատավորների զտման՝ վեթինգի մասին։ Փոլադյանի պատասխանն է․ «Անկեղծ, ուզում եմ հասկանալ այդ գաղափարը, դա ի՞նչ է նշանակում։ Մենք խնդիրներ համակարգում ունենք, եւ դա գիտեն բոլորը։ Խնդիրները լուծելու ճանապարհով գնում ենք, բայց միանգամից կտրուկ քայլեր անելը կարող է ճիշտ չլինի։ Այս մի տարվա մեջ խորհուրդն ահռելի աշխատանք է արել, բայց տպավորություն է, որ դա ոչ մեկի համար տեսանելի չէ»։

Դուք դռներ փակելու ակցիային ինչպե՞ս եք վերաբերվում, սա ժողովրդավարական դրսեւորո՞ւմ է, թե՞ Սահմանադրության խախտում։ «Չեմ ուզում մեկնաբանել, Բարձրագույն դատական խորհուրդն իր պաշտոնական հայտարարությունը տարածել է, այս պահին պետք է խնդրեմ, որ դրանով բավարարվեք»։ Դատավորների ցուցակի համալրման՝ դեպարտամենտի կազմակերպած քննությունները Փոլադյանը գերազանց է գնահատում․ «Մեր կազմակերպած քննությունից գերազանց տպավորություն ունեմ, որովհետեւ դրանք առավելապես թափանցիկ են»։