Իշխանությունը ճա՞ք է տալիս

Իշխանությունը ճա՞ք է տալիս
Հակոբ Սիմիդյան

Ազգային ժողովի ղեկավար կազմի ընտրության արդյունքները երեկ ուշագրավ ստացվեցին: Արդյունքները հրապարակվելուց հետո տեղեկություններ ստացանք, որ «վհուկների որս» է սկսվել ինչպես իշխող «Իմ քայլը» դաշինքում, այնպես էլ  ԲՀԿ-ում․ փորձում էին գտնել, թե ով է այն դասալիքը, որը, չհնազանդվելով կուսակցական որոշմանը, ձայն էր տվել Մանե Թանդիլյանին: Բանն այն է, որ խնդիրը ոչ այնքան այդ մեկ ձայնն է, որը քվեարկության արդյունքների վրա որեւէ ազդեցություն չունեցավ, այլ երեւույթը, որը ծնունդ տվեց խոսակցությունների, որ իշխող ուժը սպասվածից շուտ է տրոհվում, որ առաջին ձնծաղիկն արդեն երեւաց եւ այլն: 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկվանից ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի ընտրության հողի վրա իրար «միս էին ուտում»  ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ ԲՀԿ-ի եւ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները, որոնք երկուսն էլ պայքարում էին այս պաշտոնի համար ու իրենց ելույթներով, հարցադրումներով փորձում ապացուցել, որ հենց իրենք են ընդդիմություն, ու հենց իրենց թեկնածուն պետք է դառնա ԱԺ  ընդդիմադիր փոխնախագահը: ԲՀԿ-ն առաջադրել էր Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, ԼՀԿ-ն՝ Մանե Թանդիլյանի։ «Իմ քայլը» որոշում ուներ միասնաբար աջակցել ԲՀԿ թեկնածուին, քանի որ, իրենց բացատրությամբ, մեծությամբ երկրորդ ուժն է, եւ ժողովուրդն արդեն իսկ կատարել է ընտրությունը, ու ընդդիմադիրներից ավելի շատ ձայն ստացել է ԲՀԿ-ն: Իսկ «լուսավորյալներն» էլ հորդորում էին մեղքը չգցել ժողովրդի վրա, սա իրենց քաղաքական ընտրությունն է, ու հասկացնում էին, որ Էնֆիաջյանին աջակցությունը լինելու է քաղաքական գործարքի արդյունք: Էդմոն Մարուքյանը մի քանի անգամ կոչ արեց իշխող ուժի պատգամավորներին խիզախություն դրսեւորել եւ յուրաքանչյուրին՝ ընտրել իր խղճի մտոք: Քվեարկության արդյունքում պարզվեց, որ Թանդիլյանի օգտին գրանցվել է 19 կողմ ձայն, մինչդեռ ԼՀԿ-ն 18 պատգամավոր ունի, այսինքն՝ մի հոգին կա՛մ ԲՀԿ-ից է, կա՛մ «Իմ քայլից»: Էդմոն Մարուքյանը կասկած չունի, որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներից մեկն է Թանդիլյանի օգտին քվեարկել, ավելին՝ առաջարկում է այդ մարդու անունը պատմության մեջ գրել ոսկե տառերով. «Այո, ինչպես իրենք էին Ցոլակյանի մասին ասում, որ ոսկե տառերով պետք է գրել, այնպես էլ հիմա ես եմ ասում»: Մենք հարցրինք՝ իսկ բացառո՞ւմ է, որ այդ ձայնը ստացել են ոչ թե «Իմ քայլից», այլ՝ ԲՀԿ-ից, գուցե խմբակցությունում ոչ բոլորն են կողմ եղել Էնֆիաջյանի թեկնածությանը։ «Այո, բացառում եմ, անտրամաբանական է, իրենք թեկնածու ունեին եւ չէին կարող անել»: Իսկ քվեարկության արդյունքներից պարոն Մարուքյանը մեկ հետեւություն է արել․ «Խայտառակություն էր», եւ պարզաբանեց․ «Դա ինձ համար խայտառակ քվեարկություն էր, որովհետեւ կարծում եմ, որ այն փաստարկները, որոնք բերել ենք, թե ինչու Թանդիլյանը պետք է լինի ԱԺ փոխնախագահ, դրանք որեւէ կերպ չեն հերքվել»։

«Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը մեր հարցին հարցով պատասխանեց.

- Բայց ինչի՞ց եք ենթադրում, որ դա «Իմ քայլը» դաշինքից է:

- Ուզում եք ասել, որ ԲՀԿ-ի՞ց են կողմ քվեարկել իրենց թեկնածուի մրցակցի օգտին:

- Ես ոչ մի բան չեմ մտածում:

- Իսկ բացառո՞ւմ եք, որ դասալիքը ձեր խմբակցությունից է:

- Գիտեք՝ փակ-գաղտնի է այդ քվեարկությունը, ես հիմա ոչ մի բան ո՛չ կարող եմ բացառել, ո՛չ էլ... Բայց մեր թիմը միակամ քվեարկել է, ես չեմ կարող ասել, թե Մանե Թանդիլյանն ինչի արդյունքում է մեկ ձայն ավել ստացել:

- Դե, կա՛մ ձեզանից մեկն է քվեարկել, կա՛մ ԲՀԿ-ից: 

- Կրկնում եմ՝ ես չեմ կարող ասել:

- Եթե առաջին քվեարկության ժամանակ արդեն խմբակցությունում խախտում են միասնական որոշումը, անհնազանդություն ցույց տալիս, տրոհման հիմքեր դնում, սա ձեզ որոշակի ենթադրություններ անելու տեղիք չի՞ տալիս:

- Ես չէի ուզի այդքան հեռուն գնացող հետեւություններ անել, մենք անհանգստանալու որեւէ պատճառ չունենք:

- Իսկ այս պատկերը չի՞ նշանակում, որ պարտադրել եք բոլորին միասնաբար քվեարկել, սակայն եղել է մեկը, որը չի ենթարկվել:

- Պարտադրանքի մասին խոսք լինել չի կարող, որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել, կրկնում եմ, որ փակ-գաղտնի քվեարկություն է եղել, ու չենք կարող ասել, թե ում կողմից է այդ մի հոգին։ Ես չեմ կասկածում, որ մեր խմբակցությունից է եղել քվեարկողը:

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նույնպես վստահեցրեց, որ ԲՀԿ-ն միաձայն կողմ է քվեարկել Վահե Էնֆիաջյանին։ «Եվ կարող եմ ասել, որ այդ մեկ մարդուն այլ տեղում որոնեք, ու կարծում եմ նաեւ, որ այդ մեկ ձայնը չպետք է դարձնել հայոց հարց»,- ավելորդ չհամարեց խորհուրդ տալ Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս՝ սեպտեմբերին, Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը իրենցից բացի բոլոր մյուս ուժերին կոչեցին «սեւեր», որոնց թվում՝ ԲՀԿ-ին։ ԲՀԿ-ի թեկնածուին աջակցություն հայտնած իշխող խմբակցության ամենաերիտասարդ պատգամավոր Սոնա Ղազարյանին հարցրինք՝ կարո՞ղ ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանի եւ առհասարակ նրա թիմակիցների անցյալում եւ ոչ վաղ անցյալում ԲՀԿ-ին տված գնահատականներն այլեւս առոչինչ են։ Հարցին պատգամավորուհին հարցով պատասխանեց․

«Դուք կարծում եք, որ մենք կարող ենք մեզ թույլ տալ խմբագրել ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքնե՞րը»։ Ապա պատասխանեց իր իսկ հարցադրմանը․ «Ընտրությունների արդյունքները քննության ենթակա չեն, եւ չենք կարող թույլ տալ մեզ խմբագրել։ Այս պահին ԲՀԿ-ն ԱԺ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն է, ուզեմ ես դա, թե չուզեմ, փաստն է այդպիսին»։ Ղազարյանը չբացառեց, որ եթե ԲՀԿ-ի փոխարեն ՀՀԿ-ն լիներ մեծությամբ երկրորդ ընդդիմադիր ուժը, ինքը կընտրեր նույն սկզբունքով։

Ի դեպ, պակաս ուշագրավ չէին նաեւ իշխանական երկու փոխխոսնակների ընտրության արդյունքները: Ալեն Սիմոնյանն իր օգտին ստացավ 108 կողմ եւ 20 դեմ ձայն․ տեղեկություններ կան, որ Սիմոնյանի դեմ քվեարկողների մեջ քիչ չեն նաեւ հարազատ թիմակիցները, դաշինքում, գաղտնիք չէ, միմյանց հետ մրցակցող տարբեր խմբեր են ձեւավորվել, որի մասին տեղյակ է նաեւ Նիկոլ Փաշինյանը եւ պարբերաբար հորդորում է իրար դեմ մամուլում նյութեր չպատվիրել: Փոխարենը Լենա Նազարյանն ավելի շատ ձայն հավաքեց՝124 եւ ընդամենը 3 դեմ: