Սաղ օրը ֆինանսներից են խոսում․ բննախը ֆիննախի պես է մոտենում Սևանին․ գիտնական 

Սաղ օրը ֆինանսներից են խոսում․ բննախը ֆիննախի պես է մոտենում Սևանին․ գիտնական 

«Հրապարակ»-ը զրուցել է ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանի հետ՝ Սևանա լճի աղետալի վիճակի հետ կապված։
 
- Պարոն Մինասյան, Սևանա լիճը փրկելու 4 առաջնահերթ քայլեր էիք նշել, որոնցից կարևորը լճի մակարդակի շարունակական բարձրացումն է: Մինչդեռ նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ Գերմանիայի կառավարությանն են դիմել, որ փորձագետները գան-ուսումնասիրեն, հետո արդեն կխոսեն լուծումների մասին։

Տեղացի փորձագետները վիրավորված են՝ ասելով, որ տարիներ շարունակ լուծումների մասին ասել են նախկին ու նաև ներկա կառավարություններին։ Դուք և՞ս այն կարծիքին եք, որ դրսի մասնագետներ հրավիրելու հարկ չկա։

- Դրսի մարդկանց հրավիրելու հետ կապված՝ պրոբլեմ չեմ տեսնում։ Նայած ինչի համար կհրավիրեն։ Եթե այդ մարդկանց կհրավիրեն ասելու էն, ինչո ր ասված է, պարզ է, որ անհեթեթություն է։ Բայց ես եթե լինեի, դրսից մարդ կհրավիրեի շատ կոնկրետ նպատակով։

Ես դեռ մի քանի տարի առաջ առաջարկել եմ, որ հարկավոր է մոդելավորել ամբողջ լճում պրոցեսը, հաշվարկ իրականացնել, աշխարհն ունի նման փորձ, և համակարգչային լուծումով ստանալ պատասխանը։ Եվ ստանալ մի քանի սցենարներ, ընտրություն կատարել էդ սցենարների մեջ, որ գիտահեն ինֆորմացիա ունենանք։

Թե չէ այսպես կիսասիրողական մակարդակով ստուգել՝ ֆոսֆատը շա՞տ է, քի՞չ է… Գիտեք, լուծումները պետք է լինեն գիտականորեն հիմնավորված։

- Ինչ-որ գիտափորձե՞ր արվեն։

- Կա աշխարհում նման փորձ։ Էս պահին մոդելավորել են Չադ լճի մոդելավորման սցենարներ՝ հենց սկսել են լճի մակարդակը բարձրացնել և հիմա հետևում են, թե որ սցենարն է տեղի ունենում։

Եվրոպան ունի նման փորձ։ Մասնավորապես, Ֆրանսիայում կա ճահճացած լճի վերականգնման փորձ, Հունգարիան ունի։ Աշխարհն ունի էդ փորձը, հարկավոր է շատ կոնկրետ բերել էդ մասնագետներին, ասել՝ խնդրում ենք մոդելավորել, մեր մասնագետներին էլ սովորեցնեն, թե ոնց պետք է արվի, դնեն հաշվեն, թե ինչ տեղի կունենա։

Որովհետև, երբ 60-ականներին լիճը սկսեց ծաղկել, ծաղկումը սկսել է 40-ականներից, երբ 60-ականներին պրոցեսն ինտենսիվացավ, էդ ժամանակ մի քանի գիտահետազոտական կենտրոններ՝ Լենինգրադի, Յարոսլավլի և Սովետական Միության տարբեր ինստիտուտներ աշխատել են, ճիշտ գնահատել են, որ պետք է 1903․5, որպեսզի լճի էկոհամակարգը ստաբիլանա։

Եվ դրա համար միլիոնավոր դոլարներ են ծախսվել, 50 կիլոմետրանոց Արփա-Սևան թունել է փորվել, 20 կիլոմետր Սպանդարյան ջրամբարից է փորվել։

Ասելով ու էմոցիաներով չի եղել, հնարավորինս ճշգրիտ մոդելավորվել է, հաշվարկվել է։ Հիմա․ 60-ականների համեմատ, նախնական իրավիճակը փոխվել է։

Էն ժամանակ ձուկ է եղել, հիմա չկա, էն ժամանակ մաքրոֆիտի շերտ է եղել, որը հիմա չկա, էն ժամանակ հազարավոր հեկտարներով ջրածածկ անտառներ չեն եղել, հիմա կան։ Ջերմաստիճանի գործոն է փոխվել։

Այսինքն՝ կա նախնական պայմանների որոշակի փոփոխություն, և պետք է նորից մոդելավորվի։ Այ, դրա համար կկանչեի եվրոպացիներին և շնորհակալ կլինեի։ Թե չէ եթե պետք է գան ֆոսֆատ չափեն, հենա չափում ենք։ Կամ քիմիական, կենսաբանական մի այլ պարամետր չափեն։ Պետք չէ իմիտացիա անել, պետք է գործով զբաղվել։

- Ի՞նչ արվել իշխանափոխությունից հետո։

- Էսօր Սևանն էս վիճակին բերող մարդիկ բոլորն իրենց պաշտոններին են։ Բոլո՛րը։ Սևանի հանձնաժողովի նախագահ, «Սևան ազգային պարկի» տնօրենը․․․ էդ նախարարությունում ընդամենը 1․5 մարդ է փոխվել։ Եվ Ջրպետկոմում մի նախագահ է փոխվել։

Ի՞նչ անի էդ խեղճ նախագահը, 2 ամիս է՝ բերել-դրել են, ո՞ր մեկի պոչից բռնի։ Ովքեր տնօրինում էին Սևանի ճակատագիրը, շարունակում են տնօրինել։ Միայն առաջին դեմքերի մակարդակով ինչ-որ փոփոխություններ, որոնք չեն էլ պատկերացնում, թե ինչ պետք է անել։ Նույն՝ էսօրվա բնապահպանության նախարարությունն էսօր ըստ էության մոնետորիստական մոտեցումով է լճին մոտենում։

- Այսինքն։

- Այսինքն՝ սաղ օրը ֆինանսներից են խոսում։ Կա փող, չկա փող, էս կլինի, էն կլինի։ Լիճը պետք է փրկել, որովհետև էդ 200 հազար մարդուն ստիպված են լինելու տեղափոխել Գեղարքունիքից, էդ հոտից ու վիճակից։

Բա էդ ժամանակվա փողի մասին չե՞ն մտածում։ Մեր մոտ կոչվում է Ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն։ Արդեն ռեսուրս է, ռեսուրսի մասին է խոսվում։

Էսօր ձուկը տասնյակ անգամ պակաս է, քան պետք է լինի, հայտարարում են՝ էսքան արդյունագործական նպատակով թույլ ենք տալիս բռնել։ Եվրոպայում նման դեպքերում ավտոմատավորներին բերում կանգնեցնում են լճափին, որոշ ժամանակով՝ 2, 3, 5 տարի, մինչև որ վերականգնվի։ Հետո արդեն արի՝ 20 հազար տոննա բռնի, ո՞վ է քեզ բան ասում։ Բայց հիմա այդ 200 տոննան են մինչև վերջ բռնում։ Ու հետո խոսում են վերականգնելուց։ 

- Այսինքն՝ այս նոր իշխանության գալուց հետո կարող եք ասել, որ ոչ մի բան չի փոխվել։

- Ըստ էության, կառավարման առումով միջին օղակի էն չինովնիկները, որոնք բերեցին Սևանը հասցրեցին էս վիճակի, շարունակում են իրենց պոստերում մնալ ու իրենց գործելակերպով գործել։ Երեկ չէ առաջին օրն եմ եկել Սևանից, ամբողջ Սևանի մակերեսով ձկնորսական ցանցեր են։ Ոնց կար, ըտենց կա։ Ոնց ձուկը բռնում էին, ըտենց բռնում էին։ Ձուկը 100 դրամով են վաճառում։