«Սենատոր» խաղատնից զարմացան՝ լսելով  1 մլրդ 650 մլն դրամի մասին

«Սենատոր» խաղատնից զարմացան՝ լսելով  1 մլրդ 650 մլն դրամի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով , որ «Սենատոր Սպորտ» ՍՊԸ-ին տուգանել են 1 մլրդ 650 մլն դրամով։ «Սենատոր Սպորտ» ՍՊԸ-ին  է պատկանում «Սենատոր» խաղատունը։ Այն գործում է Ծաղկաձորում՝ «Գոլդեն Փելիս Հյուրանոց»-ին կից։ Որպես «Սենատոր Սպորտ»-ի հիմնադիր և բաժնետեր Պետռեգիստրում նշված է Գայանե Էլիզբեկյանը։ Ըստ ՊԵԿ-ի հայտարարության, ընկերությունը ոչ լիցենզավորված շահումով խաղերի մրցույթ է անցկացրել, ինչի համար և տուգանվել է․

«Լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու փաստի պարզաբանման նպատակով, համագործակցելով տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության հետ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը «Սենատոր Սպորտ» ՍՊԸ-ի նկատմամբ իրականացրել է oպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում պարզվել է, որ ընկերությունը Ծաղկաձորում գործող «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում 2018թ. նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 9-ը կազմակերպել և անցկացրել է «Armenia Snowfest» անվամբ «կենդանի պոկեր» խաղի մրցաշարեր:

Փաստի հիման վրա կազմված արձանագրությունն ուղարկվել է ՊԵԿ իրավաբանական վարչություն` գործի քննություն իրականացնելու նպատակով:

Վարչական վարույթի ընթացքում հաստատվել է այն հանգամանքը, որ ընկերությունը Ծաղկաձորում գործող «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում խաղի մրցաշարերը կազմակերպել և անցկացրել է` առանց շահումով խաղերի կազմակերպման համար լիազոր մարմնի կողմից տրված լիցենզիայի: 

ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից կայացված վարչական ակտով ընկերությանն առաջադրվել է տուգանք 1 միլիարդ 500 միլիոն դրամի չափով և վնասի հատուցման գումար` 150 միլիոն դրամի չափով, ընդհանուր առմամբ` 1 մլրդ 650 մլն դրամ»

«Սենատոր» խաղատան հաշվապահը սակայն մեզ հետ զրույցում ասաց, որ նման բան չի լսել, խոսքը մեծ գումարի մասին է, ոչ թե հազար 6 հարյուր դրամի, և առաջին անգամ մեզանից է սլում նման տուգանքի մասին․

«Դեռ տուգանքը չի հաստատվել, նման բան չկա, ո՞վ է այդ հաղորդագրությունը տարածել, նման բան որ լինի, պետք է պաշտոնապես գրություն գա։ Եվ հետո Դուք ի՞նչ իրավասություն ունեք նման հարցեր տալու, որ ես էլ պատասխանեմ։ Ես տեղեկատվություն չունեմ, ձեզանից եմ լսում, չեմ կարծում, որ դա հազար 6 հարյուր դրամ է, ես կտեսնեմ այդ հայտարարությունը»,- մեզ հետ զրույցում ասաց ընկերության հաշվապահ Արաքսյա Թադևոսյանը։

Նշենք, որ «Գոլդեն Փելիս» հյուրանոցը պատկանում է Արմեն Ավետիսյանին, իսկ «Սենատոր» խաղատունը կապվում է Սաշիկ Սարգսյանի անվան հետ։