Արծրուն Հովհաննիսյանը թող  Թատերականն ավարտածիս հակափաստարկներ ներկայացնի

Արծրուն Հովհաննիսյանը թող  Թատերականն ավարտածիս հակափաստարկներ ներկայացնի

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․ «Վան Համբարձումյան (Van Hambarzumyan) անունը կրող անձը, որին որոշ լրատվականներ սիրով հրավիրում են ասուլիսների, ով «փայլուն մտքեր» է արտահայտում ռազմի գործից, չունի ոչ ռազմական կրթություն, ոչ որևէ այլ նման առնչություն զինվորական գործին: 2012թ. ավարտել է Կինոյի և Թատրոնի պետական ինստիտուտը: Նա ընդամենը մի կարճ ժամանակով, մեկ տարվանից պակաս, ԳՇ ենթակայության զորամասերից մեկում եղել է վարորդ-բանվոր: Եթե փորձի հիմնավորել, որ դա ուղղակի քողարկող պաշտոն էր, իսկ ինքը «Հայոց փրկության գաղտնի նախագծեր» էր իրականացնում, ապա այլ փաստեր կհրապարակեմ: Հարգելի լրատվականներ, մի՛ էժանացրեք իմ կյանքի գործը, որտեղ տասնյակ հազարավոր նվիրյալներ երկու-երեք բարձրագույն կրթություն են ստացել, որտեղ մարդիկ տարիներով խրամատներում են ծառայում, իրենց ամեն օր վտանգի են ենթարկվում: Կարծում եմ Կինոյի և Թատրոնի ոլորտը ևս չափազանց կարևոր է,  և այնտեղ էլ անելիքներ կան»:

Քանի որ Վան Համբարձումյանը քանիցս մեր թերթում հանդես է եկել հարցազրույցներով, նրան խնդրեցինք արձագանքել այդ գրառմանը եւ պարզաբանել, թե ունի՞ առնչություն ռազմական գործին, թե՞ ոչ։

«Ես չեմ ասել, թե որտեղ եմ եղել գրանցված։ Ես ասել եմ, որ աշխատել եմ Զինված ուժերի  գլխավոր շտաբում։ Հիմա էլ եմ ասում, որ աշխատել եմ Զինված ուժերի  գլխավոր շտաբում։ Ես աշխատել եմ Քանաքեռի զորամասում։ 2013թ․ օգոստոսին հերթագրվել եմ Յուրի Խաչատուրովի մոտ, որը Մոնումենտում առաջին ամսվա երկրորդ շաբաթվա երկրորդ օրը ընդունելություն էր իրականացնում։ Ես հերթագրվել էի որպես քաղաքացի։ Սեպտեմբերի 10-ին գնացել եմ Յուրի Խաչատուրովի մոտ, որտեղ նստած էին բոլոր գեներալները։ Ես Յուրի Խաչատուրովին տեղեկացրել եմ, որ ունեմ ահռելի գիտելիքներ եւ ուզում եմ դրանք ծառայեցնել ՀՀ զինված ուժերին եւ այլն։ Նա ինձ մասնագիտական հարց ուղղեց, որին ես պատասխանեցի մասնագիտորեն, Յուրի Խաչատուրովն էլ ասաց, որ բավարար է։

Նա ինձ ուղարկեց պաշտպանության նախարարություն։ Ես հաջորդ օրը մտել եմ իր աշխատասենյակ, ներկա էր նաեւ իր աշխատակազմի ղեկավարը՝ Արիս Բրուտյանը։ Ինձ այդ ժամանակ ձեւակերպեցին Քանաքեռի զորամասում՝ որպես բանվոր-վարորդ, սակայն աշխատել եմ Զինված ուժերի  գլխավոր շտաբում, աշխատակազմում։ Դա տեւել է մինչեւ 2014թ․ մարտը։ Ես երբեք չեմ խաբել հանրությանը, չեմ ասել, թե ավարտել եմ ռազմական ուսումնարան։ Յուրի Խաչատուրովը, նրա որդին, Արիս Բրուտյանը կվկայեն, որ ես աշխատել եմ գլխավոր շտաբում։ Ես Արծրուն Հովհաննիսյանին հետեւյալ խորհուրդը կտամ՝ թող բերեն մասնագիտական հակափաստարկներ։ Եթե այդ հակափաստարկները կապացուցեն, որ ես սխալ եմ, ապա ես հրապարակավ ներողություն կխնդրեմ, եւ դրանից հետո թող ոչ մի լրատվամիջոց ինձ չանդրադառնա։ Ես հրավիրում եմ Արծրուն Հովհաննիսյանին բանավեճի թեկուզ Ձեր թերթում։ Թող գա եւ ինձ հետ՝ Թատերականն ավարտածիս հետ մրցի մասնագիտական գիտելիքներով։ Ես Թատերականն եմ ավարտել, ինքն էլ փորձառու սպա է, թող գա ու մրցի։

Եթե ինքը կկարողանա մասնագիտական գիտելիքներով ինձ խեղճացնել, ապա ես հրապարակավ ծնկաչոք  ներողություն կխնդրեմ։ Ո՞րն է Արծրուն Հովհաննիսյանի առաքելությունը՝ զինծառայողների մահվան դեպքերը կոծկե՞լը, ապատեղեկատվություն տարածե՞լը՝ առանց հասկանալու, զենքերի անունները սխալ անվանելը։ ԶՈՒ շտաբի պետը, պաշտպանության նախարարը եթե մասնագիտական հակափաստարկներ ունեն, ապա թող գա, ինձ հակափաստարկներ ներկայացնի։ Ես ուզում եմ, որ ներկայացնեն մասնագիտական հակափաստարկներ, ես չեմ խուսափում։ Եթե Արծրուն Հովհաննիսյանը իմ մասին բան ունի հրապարակելու, թող հրապարակի, շանտաժի ձե՞ւ է»,- ՊՆ մամուլի խոսնակին հակադարձում է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը։