Ադրբեջանի կողմից  զորավարժությունների անցկացումը ԵԱՀԿ պարտավորությունների խախտում է 

Ադրբեջանի կողմից  զորավարժությունների անցկացումը ԵԱՀԿ պարտավորությունների խախտում է 

Լրագրողներն այսօր ՀՀ արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանից հետաքրքրվեցին, թե արդյոք Իսրայելում ՀՀ-ն բացելո՞ւ է դեսպանություն։

Աննա Նաղդալյանը նշեց, որ արտերկրում դիվանագիտական ցանցի ընդլայնումը մշտապես եղել է մեր քաղաքական օրակարգում։ Իսրայելի հետ, ըստ ԱԳՆ խոսնակի, ունենք ձեւավորված օրակարգ, որի բաղկացուցիչ մասն են կազմում փոխադարձ այցերը։ 

Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների սպասվելիք հանդիպման մասին Աննա Նաղդալյանը նշեց, որ դեռեւս այն փուլը չէ, որ այդ մասին հայտնեն, իրենք չեն խախտել որեւէ սկզբունք։ Իսկ միջնորդների հետ ԱԳՆ-ն մշտական կապի մեջ է, բարձր են գնահատում հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող նրանց ջանքերը։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի կողմից Հայաստանի տրամադրվող օգնությանը, ապա Աննա Նաղդալյանը նշեց, որ ՀՀ-ն մշտապես եղել է այդ օգնության շահառուներից մեկը։ 

«Ադրբեջանի կողմից լայնածավալ մասշտաբով զորավարժությունների անցկացումը ԵԱՀԿ գործիքակազմով նախատեսված միջազգային պարտավորությունների խախտում է, եւ այն որեւէ ձեւով չի նպաստում տարածաշրջանում վստահության եւ կայունության մթնոլորտի ամրապնդմանը։ Այս հարցով ԵԱՀԿ-ում մեր ներկայացուցչությունը բարձրաձայնել է եւ Ադրբեջանից պահանջել համապատասխան բացատրություն։ Նույն այդ մթնոլորտին չի համապատասխանում զորամասի տեղակայումը, եւ Հայաստանն ու Արցախն ունեն վճռականություն եւ պատրաստակամություն՝ պաշտպանվելու եւ հակահարված հասցնելու»,- զորավարժությունների մասին հարցին այսպես պատասխանեց Աննա Նաղդալյանը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցին անդրադառնալով էլ՝ ԱԳՆ խոսնակը հիշեցրեց Հայաստանի վարչապետի խոսքը, որ առանց Հայաստանի որեւէ որոշում չի կայացվելու, այլ կայացվելու է բոլոր կողմերի համար ընդունելի կոնսենսուսի վրա։ 

«Մենք մշտապես ընդգծել ենք, թե ինչ կարեւորություն ունի ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության համակարգում, եւ դրանից է, որ մենք քայլեր ենք ձեռնարկում բոլորի հետ որոշումների եւ կոնսենսուսի հիման վրա ՀԱՊԿ-ի արդյունավետությունը բարձրացնելու համար»,- ասաց Աննա Նաղդալյանը՝ հավելելով, որ այնտեղ իրավական բացը լրացնելու համար քննարկումները շարունակվում են։