ԱԺԿ-ն սատարու՞մ է Սամվել Բաբայանին

ԱԺԿ-ն սատարու՞մ է Սամվել Բաբայանին

Այս օրերին Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հանդիպումներ է ունենում Մարտակերտի շրջանի համայնքներում: Ինչպես վկայում են տեղերից, դրանք հիմնականում կազմակերպվում են այն մարդկանց կողմից, որոնք անցած սեպտեմբերին Ազգային ժողովի պատգամավորի թափուր տեղի համար լրացուցիչ ընտրություններում հանդիսացել են Արցախի ժողովրդավարական կուսակցության թեկնածուի նախընտրական շտաբի անդամներ, համայնքներում հօգուտ նրա քարոզչություն են իրականացրել: Ներկայումս նրանք լծված են Սամվել Բաբայանի հանդիպումների մասին մարդկանց իրազեկման, ըստ արժանվույն դիմավորման եւ միջոցառումների կազմակերպման գործին, ինչպես նաեւ քարոզչական աշխատանքներ են կատարում այն ոգով, որ միայն ՊԲ նախկին հրամանատարը կարող է երկրում իրավիճակ փոխել, լուծել սոցիալ-տնտեսական խնդիրներն ու արժանապատիվ կյանքի եւ հետագա զարգացման երաշխիքներ տալ:

Այդ մարդիկ, որ մի քանի ամիս առաջ նույն ոգով պաշտպանում էին ԱԺԿ-ի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածուին, ներկայումս գործում են ինքնաբու՞խ: Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավարությունը տեղյա”կ է, որ նրանք աջակցում են Սամվել Բաբայանին: Կա՞ այդ ուղղությամբ կուսակցական հրահանգ: Այս եւ այլ հարցերի պատասխանը մնում է օդում կախված, բայց դրանից իրականությունը չի փոխվում. Մարտակերտի շրջանի մի քանի համայնքներում Սամվել Բաբայանի հանդիպումները կազմակերպել են ԱԺԿ անդամները եւ համակիրները, հանգամանք, որ լրացուցիչ ինտրիգ է ստեղծում Արցախի նախագահի պաշտոնի համար արդեն իսկ մեկնարկած մրցապայքարին այն իմաստով, որ ՊԲ նախկին հրամանատարը կուսակցություն չի ներկայացնում եւ եթե հաղթահարի սահմանադրական արգելքը, ապա պետության ղեկավարի թեկնածու առաջադրվելու համար պետք է որեւէ քաղաքական ուժի աջակցություն ունենա, քանի որ սահմանադրությամբ նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք միայն կուսակցություններն ունեն:

Արցախի ժողովրդավարական կուսակցությունը հայտարարել է, որ նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով, բայց չի որոշակիացրել, թե խոսքն ում մասին է:Փորձագետները ենթադրում են, որ ԱԺԿ-ն նախագահի թեկնածու կառաջադրի կուսակցության առաջնորդ, գործող ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին: Բայց Մարտակերտի շրջանի մի շարք համայնքներում Սամվել Բաբայանի հանդիպումների կազմակերպման գործում ԱԺԿ-ականների ընդգծված դերակատարությունը թողնոում է բոլորովին այլ տպավորություն: Մի՞թե ԱԺԿ-ն ներքին որոշում է կայացրել եւ աջակցում է Սամվել Բաբայանին: Կամ գուցե կուսակցության ղեկավար մարմինը չի՞ վերահսկում շարքերին, եւ ԱԺԿ-ում սկսվել է կազմալուծման գործընթա”ց: