Արփինե Հովհաննիսյանը կզբաղվի փաստաբանությամբ և ոչ միայն

Արփինե Հովհաննիսյանը կզբաղվի փաստաբանությամբ և ոչ միայն
Արփինե Հովհաննիսյան

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, որը այսօր վերջին անգամ մասնակցում էր լրագրողների համար կազմակերպված ԱԺ տոնական միջոցառմանը, մեզ հետ զրույցում ասաց, որ չի արտագաղթելու երկրից՝ անկախ ամեն ինչից, մնալու է Հայաստանում և զբաղվելու է մասնագիտական գործունեությամբ։

Hraparak.am-ը գրել էր, որ Դավիթ Հարությունյանը Արփինե Հովհաննիսյանի հետ համատեղ իրավաբանական-խորհրդատվական ընկերություն են հիմնել, և Արփինե Հովհաննիսյանը խորհրդարանից հեռանալուց հետո կզբաղվի հենց այդ գործունեությամբ։ Բայց նաև այլ պլաններ էլ ունի։

«Ուզում եմ ասել, որ ես տարիներ առաջ փաստաբանական գործունեությամբ զբաղվելու քննություն հանձնել եմ և լիցենզիաս չեմ վերցրել, այդ գործունեությամբ հավանաբար ևս կզբաղվեմ, գումարած դրան՝ հանրային քաղաքականության մեջ մնալու ձևաչափի համար որոշ պրոյեկտներ կան, բայց հիմա շատ փակագծեր չեմ բացի, կարող եմ Ձեզ խոստանալ, որ հանրային քաղաքականությունից և ձեզ հետ շփումներից չեմ խուսափելու»,-լրագրողների հետ զրույցում ասաց տիկին Հովհաննիսյանը։

Hraparak.am-ի հարցին՝ կարո՞ղ է սկսի բուռն ընդիմադիր գործունեություն ծավալել, Հովհաննիսյանն ասաց․ «Ես ընդդիմանալու եմ ցանկացած հարցի, որը համարելու եմ ՀՀ քաղաքացիների և նրա ապագայի համար վտանգավոր»։