Ի՞նչ լուծում կտրվի

Ի՞նչ լուծում կտրվի

Արցախում եկող տարվա նախագահական ընտրությունների ոչ պաշտոնական մեկնարկը տրված է: Նախագահի թեկնածու առաջադրելու մտադրության մասին օրերս լրատվամիջոցներին տեղեկացրել է նաեւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ խորհրդարանական խմբակցության ղեկավարի մակարդակով: Այլ քաղաքական ուժեր, հավանաբար, առաջիկայում նույնպես համանման հայտարարություն կանեն: Մինչդեռ նոր ընտրական օրենսգրքի ընդունման մասին տեղեկություններ դեռեւս չկան: Բանն այն է, որ սահմանադրությամբ նախագահի եւ Ազգային ժողովի ընտրությունները պետք է տեղի ունենան նույն օրը: Գործող Ազգային ժողովի լիազորություններն ավարտվում են եկող տարվա մայիսին:

Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ Ազգային ժողովի հերթական ընտրություններ պետք է անցկացվեն դրան նախորդող ոչ շուտ քան 40 եւ ոչ ուշ քան 30 օրվա ընթացքում: Գործող նախագահն այդ պաշտոնում ԱԺ կողմից ընտրվել է 2017թ. սեպտեմբերի 7-ին՝ եռամյա անցումային ժամկետով: Ընտրական օրենսգրով նախագահի ընտրությունները պետք է անցկացվեն նրա լիազորությունների ավարտից 50 օր առաջ: Եթե ընտրական օրենսգիրքը փոփոխության ենթարկվելու լինի, ապա նախագահի եւ ԱԺ համաժամանակյա ընտրությունների ի՞նչ լուծում է գտնվելու: Եթե հիմք ընդունվի ԱԺ լիազորությունների ավարտը, ապա նոր ընտրությունները պետք է տեղի ունենան եկող տարվա ապրիլին:

Բայց այդ դեպքում նախագահի լիազորությունների եռամյա ժամկետը կկրճատվի չորս ամսով: Իսկ եթե ելակետային դիտվի նախագահի լիազորությունների ավարտից առաջ 50 օրը, եւ այդ ժամանակ էլ անցկացվեն նախագահի եւ Ազգային ժողովի ընտրությունները, ապա գործող խորհրդարանի լիազորությունները կտեւեն ավելի երկար: Ահա այսպիսի իրավիճակ է ստեղծվել եւ մնում է անորոշ, թե ընտրական օրենսգրքում ինչպիսի՞ փոփոխություններ են կատարվելու, որպեսզի նախագահի եւ ԱԺ ընտրություններին անցկացվեն նույն օրը, բայց այնպես, որպեսզի լիազորությունների ժամկետի կրճատում կամ ավելացում տեղի չունենա: