Ո՞վ կղեկավարի ԲԴԽ-ն ժամանակավոր եւ հիմնական

Ո՞վ կղեկավարի ԲԴԽ-ն ժամանակավոր եւ հիմնական

Երեկ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականություններից հրաժարական տվեց Գեւորգ Դանիելյանը։ Նա փոխարինում էր մայիսի 24-ին հրաժարական ներկայացրած ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին։ Դանիելյանը, սակայն, մեկ ամիս էլ չձգեց Հարությունյանի գնալուց հետո դատական համակարգում առաջացած լարված մթնոլորտի, խարդավանքների ու դավադրությունների պայմաններում։

Նրա հրաժարականին անմիջապես հաջորդեցին կանխատեսումները, թե ով կստանձնի ԲԴԽ նախագահի պաշտոնը։ Ամենահավանական թեկնածուներից մեկը ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանն է, որը ԲԴԽ-ի «նիկոլական» կամ դատական իշխանությանն ընդդիմադիր թեւից է, ում սպիտակ ագռավ են համարում ԲԴԽ-ում։ Բայց ամբողջ հարցն այն է, որ Հովհաննիսյանը, ըստ օրենքի, չի կարող առաջադրվել ԲԴԽ նախագահի պաշտոնում, քանզի հաջորդ ԲԴԽ նախագահը, ըստ օրենքի, պետք է ընտրվի դատավորների կազմից։ Թեպետ չի բացառվում նաեւ Հովհաննիսյանի «նշանակումն» այս պաշտոնում, քանի որ նոր իշխանությունում էլ քիչ չեն օրենքը ըստ իշխանական կամքի մեկնաբանող «Դավիթ Հարությունյանները»։

Երեկ Գեւորգ Դանիելյանի հետ միաժամանակ պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրեց նաեւ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Ու թեեւ տեղեկություններ տարածվեցին, որ ԲԴԽ նախագահ կարող է դառնալ հենց Արտակ Զեյնալյանը, սակայն նա էլ, Հովհաննիսյանի նման, չի կարող առաջադրվել, քանզի դատավորների կազմից չէ։ Իսկ մինչ իշխանությունը վերջնականապես կկողմնորոշվի՝ ում առաջադրել այս պատասխանատու պաշտոնում, որ վաղը, մյուս օրը նաեւ վեթթինգի ու անցումային արդարադատության իրացման հարցերում խնդիր չունենա, օրենքի ուժով ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի ԲԴԽ անդամներից տարիքով ամենաավագը, որն այս դեպքում Սերգեյ Չիչոյանն է։

Վերջինս մեզ հետ զրույցում չբացառեց, որ ժամանակավորապես կստանձնի այս պաշտոնը։ «Դե, եթե օրենքին հետեւենք, կարծում եմ՝ այո»։ Իսկ կարո՞ղ է կարճ ժամանակ անց Դուք էլ հրաժարական տաք՝ Դանիելյանի նման։ «Ես չեմ տեսնում էս պահին նման խնդիր»։ Ի դեպ, երբ Չիչոյանից փորձեցինք ճշտել, թե ըստ օրենքի՝ ԲԴԽ հաջորդ նախագահը պե՞տք է դատավորների կազմից ընտրվի, թե՞ պարտադիր չէ, նա չցանկացավ այդ հարցին պատասխանել․ «Ես չեմ կարող էդ հարցը մեկնաբանել։ Կլինի՞ չպատասխանեմ էդ հարցին»։

Սա նշանակում է՝ ԲԴԽ-ում հիմիկվանից փորձում են տեղ թողնել Հայկ Հովհաննիսյանի նշանակման համար, որ վաղը, եթե քաղաքական որոշում կայացվի նրան առաջադրել, ԲԴԽ նախագահի առաջադրման կարգը մեկնաբանեն այնպես, ինչպես «հարկն» է։ 
Նկատենք նաեւ, որ ԲԴԽ կազմն այս պահին թերի է, եւ եթե Բարձրագույն դատական խորհուրդը մինչեւ ամսի 10-ն ընդունի Գեւորգ Դանիելյանի հրաժարականի դիմումը, ապա ԲԴԽ-ում երեք թափուր տեղ կառաջանա, որը հավելյալ բարդություն կառաջացնի ԲԴԽ նախագահի ընտրության հարցում։