Ո՛չ թոշակն է մի բան, ո՛չ աշխատավարձը

Ո՛չ թոշակն է մի բան, ո՛չ աշխատավարձը

Դեռ սովետական ժամանակներում ընդունված էր, որ նպաստ եւ կենսաթոշակ ստացողները գումարը բերող փոստատարին «թեյավճար» էին տալիս՝ մանրադրամը չէին վերցնում։ Այս երեւույթը, ավանդույթի ուժով, շարունակվում է նաեւ անկախ Հայաստանում եւ հասել է մինչեւ մեր օրեր: Նաեւ այդ «թեյավճարի» դեմն առնելու համար էր, որ սահմանվեց քարտային համակարգով կենսաթոշակ ստանալու կարգը։

Բայց քարտային համակարգով ամենուրեք չեն ստանում, հատկապես գյուղերում շարունակվում է «մասհանումների» մեխանիզմը։

Մեզ դիմել են Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքի բնակիչներ՝ նշելով, որ փոստատար Մամիկոն Խաչատրյանն ամսական 500-ական դրամ է պահում յուրաքանչյուրից։

Նրանք նշում են, որ հատկապես նպաստառուների համար 500 դրամ «թեյավճար» տալը դժվարություն է, քանի որ իրենք օրվա հացի խնդիր են լուծում։ Թեեւ հիշեցնենք, որ փոստատարներն այնքան ցածր աշխատավարձ են ստանում, որ դրանով ապրելն ու աշխատելն էլ հեշտ չէ։ 


Մամիկոն Խաչատրյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը երբեւէ գումար չի պահել․ «Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ նման բան չկա, եթե կա նման մեկը, որ ասում է կամ զանգել է, որ 500 դրամ է պահվում, թող առճակատ ասի, որ ես իրենից փող եմ պահել։ Որ իրավիճակ ա փոխվել, կան մարդիկ, որ բաներ են խառնում, ջուր են պղտորում, որ ձուկ բռնեն։ Գյուղում ինձ հարգում են, ես 30 տարի աշխատում եմ ու առաջին անգամ եմ լսում։ Ես ինչ-որ մեկի հետ խնդիր չեմ ունեցել»։