Շուշիի գորգերի թանգարանը կդառնա շրջիկ

Շուշիի գորգերի թանգարանը կդառնա շրջիկ

44-օրյա պատերազմից հետո Շուշիից տարհանված ու փրկված Շուշիի գորգերի թանգարանի տարածքի հարցը շարունակում է մնալ չլուծված։ Պատերազմից հետո՝ շուրջ մեկուկես տարի, դրանք ժամանակավոր հանգրվանեցին Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, բայց թանգարանին տարածք տրամադրելու հարցը դեռ ոչ մի կերպ չի հանգուցալուծվում։

ՀՀ ԿԳՄՍՆ-ն այս ընթացքում մի քանի տարածք առաջարկեց Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր տնօրեն Վարդան Ասծատրյանին՝ Սարդարապատի թանգարան, Էռնեկյանին պատկանող նախկին ԱԳՆ շենքը։ Վերջին առաջարկը վերաբերում էր պատմության թանգարանին, որտեղ, ըստ նախնական պայմանավորվածության, պետք է 6 ցուցասրահ հատկացնեին Շուշիի գորգերին, եւ հարցն ամենաուշը հունիսի վերջին պետք է լուծում ստանար, բայց պարզվեց՝ այստեղ էլ տարբեր պայմանավորվածություններ են ձեռք բերվել, նախարարությունից ասել են՝ 3 տարով, Պատմության թանգարանից՝ 6 ամսով։ Բացի այդ, տարաձայնություններ են առաջացել գորգերը համատեղ ցուցադրելու շուրջ, որը Վարդան Ասծատրյանի համար անընդունելի է, քանի որ սա առանձին թանգարան է եւ որպես առանձին միավոր էլ պետք է մնա։ Թանգարանի հիմնադիրը փաստում է՝ գորգերի տեղն Արցախում է, բայց Արցախում այսօրվա դրությամբ ոչ միայն շենքային պայմաններ չկան, այլ նաեւ՝ անվտանգային, գումարած այն փաստը, որ թե՛ ՀՀ, թե՛ ԱՀ իշխանությունները պետական կարգավիճակ չեն տալիս թանգարանին։ 

Թանգարանի հիմնադիր տնօրենը միջանկյալ լուծում է գտել թանգարանի համար։ Օրերս Վանաձորում տեղի է ունեցել Շուշիի գորգերի թանգարանի ցուցադրությունը։  

Վանաձորում թանգարանը կցուցադրվի Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի շենքում, իսկ ցուցադրությունը կտեւի մի քանի ամիս։ «Երբ գորգերը սկսեցինք ցուցադրել՝ կախել, գետնին փռել, վերջում, երբ հաշվեցինք, գիտե՞ք ինչ թիվ դուրս եկավ՝ 44․․․, շատ խորհրդանշական դարձավ այս ցուցադրությունը, եւ ես կրկին համոզվեցի, որ Աստծո մատը խառն է մեր թանգարանի գործում։ Ընդհանրապես, մեր թանգարանի ստեղծման նպատակներից մեկն այն էր, որ մեր ժողովրդին գորգարվեստի մշակույթին մոտիկից ծանոթացնենք։ Հիմա մեր օրերում մարդիկ նորից ուզում են հետ գնալ իրենց ակունքներին, ինքնությանը, քանի որ մեր հարեւանները մեր ամեն ինչը յուրացնում են։ Իսկ մեր թանգարանը բոլորի մոտ գենետիկական հիշողություն է բացում»,- ընդգծում է նա։  

Հարցին՝ կա՞ մտադրություն՝ թանգարանը մարզեր տեղափոխելու, հատկապես որ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում համապատասխան շենք ու շինություն չգտնվեց, Վ․ Ասծատրյանը դրական պատասխան է տալիս։ «Երեւանում գորգերը մենք ցուցադրեցինք մեկ տարի՝ Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, հետո, քանի որ տեղի հարցն ինչ-ինչ պատճառներով չի ստացվում, ու քանի որ այդ թանգարանի բնօրրանը չկա, մտածեցի, որ այն իր բնույթով թող դառնա շրջիկ թանգարան, ինչպես հարյուր տարի առաջ մարդիկ մշակույթը տարել են շրջաններ։ Ես գտնում եմ, որ Հայաստանի բոլոր մարզկենտրոնները պետք է տեսնեն այս թանգարանը, ավելին ասեմ՝ բոլորի մոտ հետաքրքրություն կա այդ ամենի հանդեպ,- ասում է թանգարանի հիմնադիրն ու հավելում, որ թանգարանը Հայաստանի բոլոր մարզերում ներկայացնելու այս ձեռնարկը մի քանի տարի կպահանջի իրենից, իսկ արվեստի դիտանկյունից այն լավ գաղափար է, քանի որ շարժական է։- Այսօրվա դրությամբ դժվար է մարդկանց համար շրջաններից գալ ու Երեւանում թանգարան գնալ, այս դեպքում ճիշտ է, որ թանգարանները գնան ժողովրդի մոտ, եւ ինչքան հնարավոր է՝ շատ մարդ տեսնի ու ծանոթանա գորգարվեստին»։ 

Վ․ Ասծատրյանի խոսքով, առաջիկայում նախատեսում են նաեւ կրթական ծրագրեր, օրինակ՝ «ինչպե՞ս ընթերցել գորգերը»․ «Ընդհանրապես, աշխարհում գորգերը նայում են՝ ինչպես կնայեն գեղանկարները, քանի որ լուրջ իմաստաբանություն կա դրանց մեջ»։

Թե Վանաձորից հետո որտեղ է ցուցադրվելու Շուշիի գորգերի թանգարանը, հիմնադիր տնօրենը չի ուզում ասել, քանի որ մեր թշնամին այս թանգարանի համար շատ տարբեր քայլերի է գնում միջազգային հարթակներում։ «Այստեղ էլ են իրենք ազդեցություն ունեցել, որ Երեւանում տեղ չի գտնվում մեզ համար...,- ասում է նա ու ընդգծում, որ չի կարող շատ փակագծեր բացել,- միայն կարող եմ ասել, որ ի սկզբանե այնպիսի տարածքներ են առաջարկել, որոնց ես չէի համաձայնի, բայց ինձ կներկայացնեին ոչ կառուցողական լույսի ներքո»։

Ինչ վերաբերում է Պատմության թանգարանին, ապա Ասծատրյանը վերջնականապես արձանագրում է՝ չստացվեց երկխոսություն գտնել։ «Իրենք առանձին գորգերի ցուցադրություն արեցին։ Հենց ի սկզբանե նպատակն այդպես էլ եղել է, բայց ես շատ ուրախ եմ, որ իմ աշխատանքը խթան հանդիսացավ, որ Պատմության թանգարանի այդ լավ հավաքածուն ի հայտ գա։ Իմ ամբողջ նպատակն այն է, որ ինչքան հնարավոր է շատ ժողովուրդ իմանա, որ գորգը հայկական է: Իսկ եթե ազգային ինքնությունդ կորցնում ես, դու վերջնականապես կորցնում ես նաեւ քո տարածքները, որովհետեւ ինքնության ամենակարեւոր գործոններից մեկը մշակույթն է»,- ասում է Վարդան Ասծատրյանն ու մեր հարցին ի պաստախան, թե հիմա որտեղ է պահում գորգերի ողջ հավաքածուն, նկատում է, որ անվտանգային նկատառումներից ելնելով՝ չի կարող ասել, միայն թանգարանի խեցեղենն է ի պահ տրված Էրեբունի թանգարանին, մյուս  հավաքածուներն առանձին տեղում են պահվում։