Մոտ 100 հայտ՝ Խաչատրյանի հիմնի տեքստի համար

Մոտ 100 հայտ՝ Խաչատրյանի հիմնի տեքստի համար

Մոտ 2 ամիս առաջ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն աշխատանքային խումբ ձեւավորեց, որը հայտարարեց տեքստի մրցույթ` Արամ Խաչատրյանի երաժշտության համար։ Առաջիկայում աշխատանքային խումբը կամփոփի մրցույթի արդյունքները, եւ Ա․ Խաչատրյանի երաժշտության հիման վրա գրված նոր օրհներգի տարբերակը կհանձնվի հանրության դատին, որից հետո պարզ կդառնա՝ արժե՞ հիմնը փոխել, թե՞ ոչ։

Ալեն Սիմոնյանի օգնական, խմբի աշխատանքները կոորդինացնող Լեւոն Սահակյանն ասաց, որ հայտերի ընդունման վերջնաժամկետն ապրիլի 20-ն է, իսկ մինչ այդ շարունակում են հայտեր ընդունել, որոնք կարող են ուղարկել թե՛ իրենց էլհասցեին եւ թե՛ հանձնել Արամ Խաչատրյանի տուն-թանգարան։ 
Երեկվա դրությամբ ընդունվել էր մոտ 100 հայտ, եւ տեղի է ունեցել աշխատանքային խմբի 2 հանդիպում, որտեղ քննարկվել են ընթացիկ հայտերը, որ ստացել է խումբը։ «Սա միայն ուսումնասիրության փուլն է, որը բալային ձեւով դեռ չի գնահատվել, այսինքն՝ քվեարկություն չի եղել։ Աշխատանքային խմբի անդամները դեռ ծանոթանում են, մտքերի փոխանակություն են անում»,-ասաց նա ու հավելեց, որ այս ընթացքում նաեւ տարբեր քաջալերող նամակներ են ստացել դրսից, ովքեր կողմ են արտահայտվել հիմնի փոփոխությանը։ 

Նշենք, որ աշխատանքային խմբում ընդգրկված են Դանիել Երաժիշտը, Վահագն Հայրապետյանը, Արամ Սաթյանը, Էդվարդ Միլիտոնյանը, Նիկոլայ Կոստանյանը, Արմինե Գրիգորյանը, Հենրիկ Հովհաննիսյանը, Ֆելիքս Բախչինյանը, Դավիթ Գյուրջինյանը, Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը: Ժյուրիի անդամներից շատերը նշեցին, որ այս պահին չեն ուզում խոսել, արդյունքներն ամփոփվելուն պես կկիսվեն իրենց տպավորություններով եւ ընդունված հայտերի լավ ու վատ կողմերով։