Մտահոգված են կեղծ դիտորդներով եւ կեղծ լրագրողներով

Մտահոգված են կեղծ դիտորդներով եւ կեղծ լրագրողներով

«Երեք դիտորդների նկատմամբ եղել են ճնշման փորձեր, նույնիսկ մեկին փորձել են հեռացնել տեղամասից»,- այսօր «Ականատես» դիտորդական առաքելության հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Ըստ նրա՝ խախտումներ են եղել մահացած անձանց անունների հարցում։ Շատ խախտումներ, ըստ Սաքունցի, պայմանավորված են եղել հանձնաժողովների նախագահների եւ անդամների՝ օրենքների չիմացությամբ, իսկ քվեասենյակում գտնվել են վկայական չունեցող անձինք։ Իսկ առնվազն 7-8 տեղամասերում հանձնաժողովների անդամները չեն բացատրել քվեարկության կարգը։ Այսքանով հանդերձ՝ Արթուր Սաքունցը այս ընտրությունները գնահատեց ամենաժողովրդավարականը։

Նա նշեց, որ չի եղել վարչական ռեսուրսի չարաշահում, ոստիկանությունն էլ տեղամասերի մոտ կուտակումները վերացնելու համար սեփական նախաձեռնությամբ ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ։ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը տարակուսած է «Միացյալ առաջնորդների պալատ» եւ «Աբովյանի ուսանողների խորհուրդ» դիտորդական առաքելություններից, պարզել, որ նրանք կապ ունեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ։ Նա տարակուսել է նաեւ ընտրողների՝ շատ ցածր մասնակցությունից՝ 46,3 տոկոս։

Նա հիշեցրեց, որ անցյալ տարի ընտրողների մասնակցությունն եղել է 60,93 տոկոս, 2012թ․՝ 62,35 տոկոս։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը նկատեց, որ տարբեր տեղամասերում հանդիպել է կեղծ լրագրողների, որոնք ներկայացել են որպես slaq.am-ի լրագրողներ։ Ըստ նրա՝ այս ընտրությունները Երեւանի ավագանու ընտրությունների համեմատ ավելի լավը չէին։