Չի բացահայտվել Ավետիսյաների գործը, չի բացահայտվելու Ջուլիետա Ղազարյանի սպանությունը

Չի բացահայտվել Ավետիսյաների գործը, չի բացահայտվելու Ջուլիետա Ղազարյանի սպանությունը

Հունվարի 12-ին Գյումրիում ռուսաստանյան զորամասերից մեկի մոտ՝ Շիրակացի փողոցում, նախատեսվում է բողոքի ակցիա՝ ընդդեմ բազայի զինծառայողների կողմից կատարվող հանցագործությունների:

2015թ-ի հունվարի 12-ին ռուս ժամկետային զինծառայող Պերմյակովը սպանեց Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը: Հատկանշական է, որ հենց այդ օրն էլ լրանում է պայմանագրային զինծառայող Ռազգիլդյայեւի կողմից դաժան ծեծի ենթարկված, փողոցը մաքրող 57-ամյա Ջուլիետա Ղազարյանի մահվան 40 օրը:

«Հանրության շրջանում արմատացած կասկածներ կան, որ ամբողջությամբ չի բացահայտվել Ավետիսյանների սպանության գործը եւ՝ չի բացահայտվելու Ջուլիետա Ղազարյանի վրա իրականացված հարձակման կամ սպանության գործը: Երկու դեպքում էլ կասկածյալները հայտնվել են ռազմաբազայի հսկողության տակ եւ չեն փոխանցվել ՀՀ իրավապահներին՝ հակառակ միջպետական համաձայնագրի պահանջներին: Երկու դեպքում էլ ՀՀ դատախազները այդ խախտումը չեն գնահատել որպես այդպիսին եւ դրությունները մեկնաբանել են հօգուտ ՌԴ քաղաքացի զինծառայողների: Չեն փարատվել հանրության կասկածներն առ այն, որ երկու դեպքում էլ Հայաստանի իրավապահներն են գտել կասկածյալներին եւ հանձնել բազայի հրամանատարությանը»,- կարծիք է հայտնում Գյումրու Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Նա ներկայացնում է վիճակագրությունը, թե 1999 թվականից ի վեր ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի ծառայողների հանցագործությունների պատճառով քանի քաղաքացի է տուժել: «Զոհվել են Հայաստանի 12 քաղաքացի եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 14 քաղաքացի, բացի այդ զորամասերի տարածքներից դուրս տեղի են ունեցել ՌԴ զինծառայողների մասնակցությամբ մեկ տասնյակից ավելի այլ հանցագործություններ: Նյութական վնասի հանրագումարը դժվար է հաշվել»,- մեջբերում է Բարսեղյանը:

«Ակնհայտ է, որ խնդրի չլուծելը եւ չտեսնելու տալը չի լուծում խնդիրը, այն պարբերաբար մեզ է ներկանայում նոր հանցագործություններով եւ դժբախտություններով»:  Լևոն Բարսեղյանը նույնպես մասնակցելու է հունվարի 12-ի բողոքի ակցիային, որի ընթացքում ՀՀ իշխանություններին ներկայացնելու են հետևյալ պահանջները: 

1. Հատուկ հսկողության տակ առնել ՌԴ 102-րդ ռազմաբազայի զորակայանները ամբողջ շրջագծով, անհրաժեշտության դեպքում կառուցել հատուկ արգելապատնեշներ, փշալարացանկապատեր, խրամատներ դրանց շրջակայքում, կահավորել այդ զորամասերի շրջագծերը ցերակային եւ գիշերային տեսահսկող խցիկներով, անընդմեջ հսկել այդ տեսախցիկներից եկող ազդանշանները հատուկ հսկիչ կենտրոնում եւ այդ պատնեշների խախտումների կամ չարտոնված հատումների դեպքում օպերատիվ խափանման եւ վնասի սահմանափակման գործողություններ ձեռնարկել:

2. Հատուկ մեխանիզմ գործարկել ՌԴ զորամասերից ելումուտը վերահսկելու համար, հսկիչ կետերի մոտ պարեկային շուրջօրյա ծառայություններ նշանակել, որոնց պարտականությունը պետք է լինի ելումուտի ստուգումը: ՌԴ զորամասերից անզեն եւ զինյալ ելումուտը, տեղաշարժը, զորաշարժը արտոնել միայն նախնական իրազեկման եւ ՀՀ կողմից (ոստիկանություն, ՃՈ կամ ՌՈ) ուղեկցման դեպքում: Առանց նախնական իրազեկման ելումուտը, զորաշարժը համարել անօրինական եւ խափանել համաչափ ուժի գործադրմամբ: Զորամասերից զինծառայողների փախուստի կամ տեխնիկայի առանց արտոնման կամ ապօրինի ելքի փաստի բացահայտումից հետո մինչեւ բացահայտումը անհապաղ տեղեկացնել հանրությանը:

3. ՌԴ 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողների ազատ բնակեցման տարածքներում (Զին ավան՝ «8-րդ» թաղամաս, Գյումրի, եւ այլն) հատուկ շուրջօրյա պարեկային ծառայություն մտցնել (Ոստիկանություն կամ ՌՈ):

4. Բանակցել ՌԴ իշխանությունների/բազայի հրամանատարության հետ, բազայից եկող վտանգների վերացման այլեւայլ մեխանիզմների մասին եւ վերամշակել այս եւ այլ մեխանիզմները այն հաշվով, որ ռիսկերը վերացվեն: Անհրաժեշտության դեպքում այդ գործում ներգրավել անկախ փորձագետների:
Մի քանի կետից բաղկացած պահանջ էլ ներկայացնելու են ՌԴ իշխանություններին:

Դրանք են՝

1. Հատուկ ստուգումներ իրականացնել ՌԴ 102-րդ ռազմաբազայի զորակայաններում, պարբերաբար ստուգել զինծառայողների բարոյահոգեբանական եւ առողջական վիճակը, նյութական ապահովվածության, կեցության եւ սննդի, կանոնադրական հարաբերությունների, ֆինանսատնտեսական վիճակը, բացահայտել խնդիրները եւ լուծել դրանք:

2. Ուժեղացնել զորամասերից զինվորականների ելումուտի օրինականության հսկողությունը: Ուժեղացնել եւ ամրացնել զորամասերի, հրաձգարանների, վարժատարածքների հսկողությունը, պարիսպները, պատնեշները եւ անցակետերը, իսպառ բացառելով դրանցից զինծառայողների փախուստը, կամ քաղաքացիների ներթափանցումը: Ազատական ստացող ժամկետային զինծառայողներին մինչեւ զորամասերի տարածքը լքելը բժշկահոգեբանական զննության ենթարկել: Զորամասը զինծառայողների կողից առանց արտոնման կամ ապօրինի լքելու փաստի բացահայտումից հետո անհապաղ տեղեկացնել ՀՀ իշխանություններին:

3. Ուսուցողական ջանքեր ներդնել զինծառայողներին ծանոթացնելու համար այն ժողովրդին եւ երկրին, բնակավայրին, որտեղ իրենք գտնվում են:

4. Ստուգայցեր կազմակերպել զորամասերից դուրս բնակվող պայմանագրային զինծառայողների բնակարաններ, ծանոթանալ բնակության պայմաններին, իսկ խնդիրների բացահայտման դեպքում հրատապ միջոցառումներ ձեռնարկել ռիսկերը նվազեցնելու եւ հնարավոր վնասները կանխելու համար: