Շփման գծում նվազել են  բռնությունները․ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Շփման գծում նվազել են  բռնությունները․ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Լրագրողներն այսօր ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիից հետաքրքրվեցին, թե ինչու վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ն Հայաստանին չի ցուցաբերում մեծածավալ աջակցություն։

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե պատրաստվո՞ւմ է ԱՄՆ-ն մեծացնել Հայաստանին տրամադրվող աջակցությունը, թե՞ դա կապված է երկրի արտաքին քաղաքական կողմնորոշման հետ, ինչպես տեղի ունեցավ Վրաստանում, «Վարդերի հեղափոխություն»-ից հետո։

«Նախ թույլ տվեք սկսել նրանից, որ ԱՄՆ-ն իր ամուր հանձնառությունն է ստանձնել՝ աջակցելու Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, տնտեսական զարգացմանը։ 1992 թվականից սկսած ԱՄՆ-ն երկու միլիարդի հասնող աջակցություն է տրամադրել Հայաստանին, աջակցել է Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը։ Մենք շարունակելու ենք մեր աջակցությունը՝ ներդրումներ ենք  կատարելու Հայաստանում։ Համաձայնագրերը, որոնք ստորագրվեցին հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության համատեքստում, եւս այդ մասին են վկայում։ Բացի 16 միլիոն դոլարի համաձայնագրերից, մենք նաեւ հայտարարեցինք ԱՄՆ ՄԶԳ-ի մեկ այլ նախաձեռնության մեկնարկի մասին, երկու-երեք տարի տեւողությամբ մի ծրագիր, որն իրականացման առաջին տարում կունենա վեց միլիոն դոլարի հասնող բյուջե։ Մենք կշարունակենք ուսումնասիրել, դիտարկել, թե որ ոլորտներում է մեր աջակցության կարիքը զգացվում։ Կարծում եմ, որ մենք ունենք աջակցության բյուջե եւ աշխատում ենք մյուս դոնորների հետ համատեղ։ Մենք նաեւ համակարգում ենք մեր աշխատանքը մյուս դոնորների հետ եւ համակարգում ենք աշխատանքը, որ ռեսուրսները ծախսվեն արդյունավետ կերպով, եւ Հայաստանում մարդիկ վստահ լինեն, որ այդ միջոցները ծառայում են իրենց նպատակին»,- ասաց Լին Թրեյսին։ 
Անդրադառնալով Ալիեւ-Փաշինյան հանդիպմանը՝ Լին Թրեյսին նշեց, որ շփման գծում նկատելի են  բռնությունների նվազումը եւ այլ դրական ազդակներ։ 
Նա անդրադարձավ նաեւ անցած շաբաթ ՀՀ-ում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին, որն իր խոսքում նշել է, թե հարաբերությունների խորությունը փոխադարձ այցերով չէ գնահատվում։