Ճիշտ եմ արել,լավ եմ արել. Լևոն Բարսեղյանը` ՇՊՀ ռեկտորի մրցույթի վերաբերյալ

Ճիշտ եմ արել,լավ եմ արել. Լևոն Բարսեղյանը` ՇՊՀ ռեկտորի մրցույթի վերաբերյալ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ, ՇՊՀ ՀԽ նախագահ Լեւոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ինչքան հասկացա, մի քանի տասնյակ մարդ դժգոհ է մնացել այն հանգամանքից, որ ես ՇՊՀ ռեկտորի թեկնածուին երեկ հարցեր եմ տվել իր հեղինակային տեքստերի եւ այլոց հեղինակային տեքստերի զգալի, իսկ որոշ դեպքերում ֆանտաստիկ նմանության մասին, որ ուզել եմ՝ բացատրի, թե ինչպես են այդ տեքստերն այդպես նման…

Թեկնածուն որոշ բացատրություններ է տվել ու դեռ դժգոհություն չեմ լսել իրենից, թե ես ինչու եմ այդ հարցերը տվել։ Բայց, դու մի ասա, մի շարք ծանոթ ու անծանոթ, հարգելի ու շատ հարգելի մարդիկ որոշել են, թե ես շատ վատ բան եմ արել այդ նմանությունների մասին հարցերը տալով։

Հմի ուզում եմ հարցնել, թե որ ես, որպես ՇՊՀ հոգաբարձու, թեկնածուի պրոպեսիոնալիզմին առնչվող հարցերը չտայի, դուք էի՞ք տալու, բա ընչի՞ չտվեցիք։ Երեւի տեղյակ չէիք, որ տեքստային նմանություններ կային, թե՞ տեղյակ էիք, բայց նպատակահարմար չհամարեցիք հարցնել։ Տեսնես ինչու՞ տեղյակ չէիք, կամ ինչու չհարցրիք։ Եթե ԲՈՀ-ը թեկնածուի աշխատության մեջ հղումների այնպիսի դեֆիցիտ է գտել, որ վերադարձրել է աշխատությունը վերամշակման, այդ մասին մրցույթն անցկացնողները՝ 24 հոգաբարձուները պետք է իմանայի՞ն, թե՞ լավ ես դե… Անցածն անցած է, բերեք անցնենք առաջ, ետ չնայենք։ Ես հակառակ կարծիքին եմ, ով հավակնում է այդ եւ այլ բարձր պաշտոններին պետք է սպառիչ ներկայանա պրոֆեսիոնալ իմաստով, ինչ կորոշեն, թող որոշեն։ Ճիշտ եմ արել, լավ եմ արել եւ որտեղ լինեմ նույնկերպ եմ վարվելու։

Բայց կարող է եւ սխալվել եմ, պատրաստ եմ՝ համոզվելիս ներողություն խնդրել, հրաժարական տալ եւ այլ կերպ հատուցել։

Ուրեմն, ցանկացած մեկը, ով էլ լինի, թե համարում է, որ անարդար եմ եղել, անվարան կարող է դիմել հոգաբարձուներին՝ ինձ անվստահություն հայտնելու համար, կարող է դիմել դատարան եւ այլն։ Պատրաստ եմ ցանկացած քննության։ Պատերի տակ խոսելուց անցեք գործի, խնդրում եմ։

ՇՊՀ ՀԽ նախագահ Լ.Բարսեղյան